Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վեց ամիս Դանիայում. հետադարձ հայացք

on October 12, 2014

– Լավ նորություն չունե՞ս,- հարցրեց Դերիլը, երբ սուրճի բաժակները ձեռքներիս տեղավորվեցինք Ռետրո սրճարանի աթոռներին: Մենք համարյա ամեն կիրակի հանդիպում ենք քաղաքի սրճարաններից մեկում ու մի քանի ժամ գլորում միասին: Դերիլը դժգոհում է Դանիայում իր կյանքից, իսկ ես գովում եմ իմը: Բայց ընդհանուր առմամբ համաձայնում ենք, ուղղակի մեր վերաբերմունքն է տարբեր նույն երևույթների հանդեպ:

– Այսօր լրանում է վեց ամիսը, ինչ Դանիայում եմ,- մի քիչ մտածելուց հետո պատասխանում եմ:

– Դա լա՞վ նորություն է:

– Ինձ համար՝ հա: Պատկերացրու, վեց ամիս չեմ դեպրեսվել, սուիցիդալ մտքեր չեմ ունեցել: Ավելի ճիշտ, դեպրեսիաս ամենաշատը մի օր է տևել:

– Բայց դա հաշի՞վ է:

– Չէ, հաշիվ չէ: Դրա համար ասում եմ՝ չեմ դեպրեսվել:

Դերիլն անթարթ նայում է աչքերիս մեջ: Լույսն ուղիղ դեմքին է ընկնում: Փորձում է հասկանալ՝ իսկապե՞ս երջանիկ եմ, թե ձևացնում եմ:

– Գիտես,- շարունակում է,- վերջերս մի հետազոտություն էի կարդում երջանկության մասին: Ասվում էր, որ երջանկությունը հարաբերական բան է ու կախված է սպասելիքներիցդ:

– Ճիշտ այդպես: Պատկերացրու՝ ինչ ահավոր էր իմ կյանքն այստեղ գալուց առաջ: Ու դրանից շատ առաջ էլ: Ես վախենում էի՝ Դանիայում էլ չէի կարողանա հարմարվել: Վախենում էի՝ այստեղից էլ կուզենամ փախչել, մինչդեռ ինչպես տեսնում ես, ուզում եմ մնալ: Վախենում էի՝ միայնությունից գժվելու եմ, բայց հիմա լիքը մարդկանց գիտեմ:

Ես ու Դերիլը շատ ենք զրուցում նոր երկիր տեղափոխվելու դժվարությունների մասին: Ինքն ասում է՝ կան տեղեր, որտեղ պետք է որ ավելի հեշտ լինի: Ես պնդում եմ՝ ամեն տեղ նույնն է, ուղղակի պետք է բռնել մի տեղ ու որոշել այնտեղ մնալ: Ես ընտրել եմ Դանիան, որովհետև նոր տեղափոխությունն ինձ համար սարսափելի մեծ տրավմա կլինի: Ու որովհետև ես ինձ ուղղակի լավ եմ զգում:

Չեմ հիշում իմ կյանքում մի էնպիսի կես տարի, երբ ընդհանուր առմամբ այսքան նորմալ տրամադրություն ունեցած լինեմ: Չեմ հիշում էնպիսի կես տարի, երբ աշխատանքիցս ամբողջ ժամանակ հաճույք ստանամ, երբ չդժգոհեմ համակարգից, չգժվեմ միայնությունից, լացելու նոպաներ չունենամ, երբ կյանքս այսքան կայուն ու կարգավորված լինի:

Վեց ամիսների ընթացքում հասել եմ մի հավես հավասարակշռված վիճակի, երբ գործի գնում եմ քնիցս կշտանալուց հետո, աշխատում եմ այնքան, որքան պարտավոր եմ, երեկոյան գնում յոգայի կամ սոցիալիզացվում, գալիս տուն, գիրք կարդում ու քնում: Իսկ շաբաթ-կիրակի կա՛մ ճամփորդում եմ, կա՛մ մի քիչ տնովս զբաղվում, մի քիչ ընկերներիցս մեկնումեկի հետ հանդիպում: Մեկ-մեկ էլ հյուր եմ ունենում Հայաստանից կամ որևէ այլ վայրից:

Ընկերներ: Ինձ դուր են գալիս կոլեգաներս, թիմս, PhD-ուսանողների ամենամսյա հանդիպումները, ֆրանսախոս համայնքը, արտասահմանցիների խումբը, հայ ջահելները: Բայց ընկերներ դասական իմաստով, որոնց հետ կարող եմ Աչաջուրում ժամերով վերընկնել, ավտոստոպով Դիլիջան հասնել կամ քաղաքում հետները թրև գալ, չունեմ:

Էստեղի մտերիմ ընկերներս որակապես ուրիշ են: Ռեգինան գնաց, միանգամից քչացան մոտիկներս: Բայց կա Դերիլը, որի հետ կարող ես աշխարհի ինտելեկտուալ ու հետաքրքիր թեմաները փորփրել, կա Մայան, որի հետ ժամերը թռչում են ինքդ էլ չես հասկանում ինչպես ու որի հետ կարող ես ժամերով ռուսներին քֆրտել, կա նաև Արան, որի հետ հայերեն ես խոսում ու Հայաստանի դարդերը քննարկում: Ու նրանց հանդիպում եմ ոչ ամեն օր, բավական հազվադեպ: Արդյունքում՝ ունեմ իմ տարածքն ու իմ ժամանակը: Հասցնում եմ մենակ մնալ, բայց ոչ այնքան, որ կարոտեմ մարդկային շփումը: Հասցնում եմ մենակ մնալ այնքան, որքան պետք է ուժերը վերականգնելու համար:

Ու երջանիկ եմ անկախ երջանկության սահմանումներից: Անկախ նրանից, թե որտեղ կհայտնվեմ երկուսուկես տարի անց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: