Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Թորի Էյմոսի համերգը միջնադարյան պալատի պարտեզում, հանդիսատեսը

on June 7, 2015

Վայրը

Էգեսկով պալատ

Էգեսկով պալատ

Թորի Էյմոսն այս ամառ թեթևի մեջ է շրջագայում. ընդամենը երեք սոլո համերգ և մի քանի սուտի-մուտի փառատոն: Սոլո համերգներից մեկը Դանիայի Էգեսկով պալատի վերածննդի այգում էր:

Էգեսկով պալատը գտնվում է Ֆյուն կղզում՝ Դանիայի երրորդ քաղաք Օդենսեից ոչ շատ հեռու: Բայց բավական բարդ է հասարակական տրանսպորտով այնտեղ հասնելը, որովհետև մոտակայքում բնակավայր չկա. բաց դաշտեր են: Այնտեղ համերգներ երբևէ տեղի չեն ունեցել: Թորի Էյմոսն առաջինն էր: Ինչու՞ Թորին որոշեց հենց Էգեսկով պալատում համերգ տալ կամ ինչու՞ պալատում որոշեցին, որ հենց Թորին պետք է լինի առաջինը, չեմ կարող ասել: Բայց գիտեմ, որ 1200 հոգի մեն-մենակ համերգի համար եկել-հասել էր էդ կորած տեղը: Կային մարդիկ, որոնք օվկիանոս էին կտրել:

Համերգից առաջ

– Վերընթերցու՞մ ես, թե՞ առաջին անգամ ես կարդում,- հարցրեց գնացքի ուղևորներից մեկը՝ տեսնելով, որ Թորի Էյմոսի «Կտոր-կտոր» գիրքը փակում եմ, դնում թևիս տակ: Տրյուկն աշխատեց. որոշել էի ամբողջ ճամփին գիրքը տեսանելի պահել, որ հենց որևէ տեղում համերգ գնացողի հանդիպեմ, միասին շարունակենք:

Ավտոբուս ու մի քանի գնացք փոխելուց հետո վերջապես Կվենդրուպ կայարանում էինք: Էնտեղից դեռ կես ժամ էլ պիտի քայլեինք, որ պալատ հասնենք: Երկու տղաներ էլ մոտեցան մեզ՝ Մանուելն ու Զակը: Չորսով միասին անցանք ոտքի ճամփան: Ընթացքում ծանոթանում էինք, Թորիից խոսում, ախուվախ անում, որ էս շրջագայությանը Մինդին (Թորիի շատ կարգապահ ու կազմակերպված թիկնապահ-տուր մենեջերը) չկա:

Էլկան խոտերի մեջ նստած սաունդչեքն է լսում. տեսարան լաբիրինթոսից

Էլկան խոտերի մեջ նստած սաունդչեքն է լսում. տեսարան լաբիրինթոսից

Թորիին հանդիպել ոչ բոլորը հաջողացրին: Հանդիպումն ուշ սկսվեց, սպասողներն էլ շատ էին: Բայց նոր թիկնապահը խնամքով գրի առավ բոլոր պատվերները, որ Թորիին փոխանցի: Իսկ դրանից քիչ հետո սաունդչեքը սկսվեց: Գժվելու բան էր. պալատը, պարտեզները, կապույտ երկինքը, արևն ու Թորիի ձայնը ծառերի հետևից: Լաբիրինթոսում թաքնված լսում էինք, ամեն երգի ավարտից հետո ծափ տալիս, իսկ ծառերի հետևից Թորին շնորհակալություն էր հայտնում:

Բեմը, պալատն ու պարտեզը

Բեմը, պալատն ու պարտեզը

Ժամը վեցին պարտեզի մուտքը բացեցին, ու արդեն կարող էինք բեմի շրջակայքում ման գալ: Քանի որ սկսել էր ցրտել, բոլորս կուտակվել էինք արևի վերջին ճառագայթների տակ ու մտածում, թե ոնց ենք ամբողջ երեկո դիմանալու առանց սառցակալելու: Դանիացիները խելոք էին. հետները ադյալներ էին բերել:

Համերգը

Բացող խմբից հետո բեմ բարձրացավ Թորին՝ սիրամարգի պես հագնված: Պալատի բակերում էլ էին սիրամարգեր ման գալիս, երևի նրանց էր նմանակել:

Թորին

Թորին

Եկավ ու սկսեց Beauty of Speed-ով. փախած երգ փախած ալբոմից: Սկի ես չէի հիշում երգի անունը: Մեկը մյուսի հետևից երգեց լիքը փախած երգեր: Բոլորը պատվերներ էին: Spark-ի ժամանակ կողքիս տղան՝ Սթիվը, սկսեց լացել, որովհետև իր պատվերն էր, սեղմեց դիմացը նստած Նոյի ձեռքը: Հնչեց նաև Նոյի պատվերը: Ինքն էլ էնտեղ սկսեց լացել:

Գնալով ցրտում էր: Քամին ուժեղանում էր, Թորիի թղթերը ցրիվ տալիս (ասեմ թղթեր, հասկացեք՝ երգի բառեր), մազերը խառնում իրար: Բերանից գոլորշի էր դուրս գալիս: Սովորականի պես երկու գործիքով էր. մի կողմից դաշնամուրը, մյուս կողմից՝ սինթեզատորը: Էս անգամ երգերի նվագակցությունն էլեկտրոնային երանգով էր, էն կարգի, որ նույնիսկ ծանոթ երգերը հազիվ էիր ճանաչում:

Թորին էս անգամ համեմատաբար հանգիստ էր: Շատ չէր ձգվում, մռնչում, տվայտվում աթոռին: Շատ են դժգոհում, թե էլ առաջվանը չէ, 90-ականների կայֆերը չի անում: Բայց նույնիսկ անցյալ տարվա համեմատ ահագին փսկել էր:

Երբ արդեն բեմի դիմաց էինք

Երբ արդեն բեմի դիմաց էինք

Բայց առաջվանն էր այն իմաստով, որ ամբողջ համերգը ծայրից ծայր հաղորդակցություն էր հանդիսատեսի հետ: Ամեն նախադասություն երգելիս նայում էր հանդիսատեսի դեմքին, համապատասխան ռեակցիա ստանում, ինքն էլ պատասխան ռեակցիա տալիս: Ասես զրուցեր: Նաև էդ զրույցն է, որ Թորիի համերգներն էդքան էմոցիոնալ են դարձնում:

Համերգի մոտ կեսերից հանդիսատեսի այն տասը տոկոսը, որը Թորիի համար երկրից երկիր է ճամփորդում, վազեց բեմի դիմաց:

– Այսպես ավելի լավ է,- ասաց Թորին,- հիմա էլ չեք մրսի:

Ու շարունակվեց համերգն ավելի տաքացած մթնոլորտում: Բեմի դիմաց հավաքված բոլորս միասին շարժվում էինք, գոռում, գլուխներս թափահարում: Բայց հանդիսատեսի մնացած մասը տեղում նստած էր մնացել:

Թորին հազիվ երեք-չորս հայտնի երգ կատարեց, այսինքն՝ այն նստածների համար միայն էդքանն էր նախատեսված, իսկ մնացածն այն փոքրամասնության համար էր, որ գալիս, հասնում է Դանիայում այս կորած-մոլորած վայրը միայն Թորիին լսելու համար:

Հանդիսատեսը

Դռները բացվելուց կարճ ժամանակ առաջ ծանոթ դեմք տեսա. մեր գործի տեղի Սառան էր: Պատկերացնու՞մ եք երկուսիս շոկը. մենք իրար Կոպենհագենից գիտենք, հանդիպում ենք էս կորած տեղում ոչ էնքան ծեծված կատարողի համերգին: Նեղվում եմ, որովհետև Թորին ինձ համար շատ անձնական է, ու էսպիսի բաները միշտ աշխատում եմ իմ պրոֆեսիոնալ ոլորտից հեռու պահել: Բայց բան չեմ ասում. Սառան առաջարկում է իրենց հետ մեքենայով հետ գնալ Կոպենհագեն:

Իսկ 1200 հոգուց բաղկացած հանդիսատեսի փոքր մասը, ինչպես արդեն նշեցի, տարբեր երկրներից ժամանած թորիասերներն են, մեծ մասը՝ դանիացիներ, որոնք Թորիին իննսունականներից գիտեն մի քանի երգով կամ գուցե մի քիչ ավելի շատ, առիթից օգտվել, եկել են համերգին:

Ու այ էդ փոքր մասում հիմնականում մարդիկ են, որոնք մենակ են կտրել-անցել ամբողջ ճանապարհը, եկել համերգին: Մեջները լիքը միասեռականներ կան, ու չեն թաքցնում դա: Ընդհանրապես, ում էլ նայես, միջին վիճակագրականից տարբեր է. մեկն իր սանրվածքով, մեկը՝ քաշով, մեկը՝ հագուստով, մյուսն էլ ուղղակի կողքից միզապարկին փոխարինող պարկ է քարշ տալիս ու հեչ չի քաշվում դրանից:

Մտածում ես՝ ինչու են էս բոլոր տարօրինակ մարդիկ հենց Թորիին լսում: Եվ ունեմ պատասխանը. որովհետև Թորին ինքն էլ միջին վիճակագրականը չէ, էն տարօրինակն է, որը չի վախեցել ու չի ամաչել դրանից, այլ իր տարօրինակությամբ բեմ է բարձրացել՝ երգելով մաստուրբացիայի ու բռնաբարության մասին: Իր հայտնի հիթերից մեկում՝ Cornflake Girl-ում, Թորին պնդում է, որ ինքը միջին վիճակագրական չէ. «Երբեք քորնֆլեյք աղջիկ չեմ եղել/Կարծում էի՝ լավ լուծում է չամիչ աղջիկների հետ ման գալը»: Այստեղ քորնֆլեյք աղջիկները հենց էդ սովորականն են:

Ու դրա համար էլ Թորիի հավատարիմ հանդիսատեսը հենց էն մարդիկ են, որոնք ոչ միայն տարբերվում են ընդունված նորմայից, այլև չեն վախենում դրանից ու չեն վախենում մենակով համերգ գնալուց: Թորին գիտի իր հանդիսատեսին, համերգները նրանց համար է տալիս, իսկ մի երկու հիթերը նվիրում է մնացածներին:

Պալատը համերգից հետո

Պալատը համերգից հետո

Համերգից հետո Սառային հարցրի, թե արդյոք դուրը եկավ: Ասաց, որ հա, բայց մի քիչ հիասթափված էր, որովհետև երգերի մեծ մասը չգիտեր: Հարցրեց, թե արդյոք լսել էի այդ երգերը: Ասացի, որ հա, լսել էի, բայց դե Թորին էս անգամ էնքան էր աղավաղել երգերը, որ հազիվ էի ճանաչում:

Մեքենայում ամբողջ ճամփին խոսում էին էդ գիժ հանդիսատեսի մասին, որ կանգնել էր, չէր նստում, հետո էլ բեմի մոտ հավաքված գլուխ էր թափ տալիս: Մի ավտոբուս էին տեսել մուտքի մոտ: Եզրակացրել էին, որ էդ գժերն են երկրից երկիր դրանով գնում (մինչդեռ ես գիտեի, որ Սվենբորգի հյուրանոցի ավտոբուսն էր): Դժգոհում էին, թե ոնց կարող է մարդ էդքան գիժ լինի, թե անռիթմ էին պարում, թե տեսա՞ք ոնց էին լացում:

Էն դեպքերից էր, երբ ինձ ձեռք է տալիս ձևացնելը, թե դանիերեն չեմ հասկանում: Ու էդպես էլ նրանք չիմացան, որ համերգի ամենավերջում, երբ Թորին 1000 Oceans-ն էր երգում, մի քանի արցունք էլ իմ աչքերից ընկան: Չիմացան, որ վաղն էլ Հելսինկի եմ գնում:

Նայում էի դիմացս, ու մութը չէր ընկնում: Երբ վերջապես երկինքը լրիվ սևացավ, հետ նայեցի: Հետևում արդեն լույսը բացվում էր:

Advertisements

3 responses to “Թորի Էյմոսի համերգը միջնադարյան պալատի պարտեզում, հանդիսատեսը

  1. theologos says:

    Քանի որ թեման շոշափել էիք, ճշտող հարց՝ Սթիվն ու Նոյն էլ էին միասեռական?

  2. […] համերգն ամեն ինչով վերջն էր: Թորին երկու օր առաջվա համերգից ընդամենը երկու երգ կրկնեց: Մնացածն ուրիշ կազմ էր: Իսկ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: