Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Բյուրոկրատական կծիկ

on September 5, 2017

Երկու շաբաթ առաջ եկել էի Յոենսուում բոլոր տեսակի բյուրոկրատական հարցերը լուծելու։ Հարկայինում եղա, բանկային հաշիվ բացեցի, աշխատանքային ու տան վարձակալման պայմանագիր ստորագրեցի ու մոտ տասնհինգ տարբեր ֆորմաներ լրացրեցի։ Իհարկե, էստեղ հերթականությունը կարևոր է, որովհետև եթե տան պայմանագիրն առաջինը ստորագրեի, երևի կյանքս ավելի հեշտանար։

Մնացել էր բնակիչների ռեգիստերում գրանցվելն ու մի քանի մանր-մունր բան։ Մտածեցի՝ սեպտեմբերի սկզբին կանեմ։ Իսկ սեպտեմբերի սկզբին նստած եմ բյուրոկրատական կծիկում, չգիտեմ՝ որ ծայրից բռնեմ, որ ամեն ինչ տեղն ընկնի։

Ընդհանրապես, լսել եմ, որ շատերը Հայաստանի բյուրոկրատիայից են բողոքում։ Բայց պիտի ասեմ, որ ժամանակակից աշխարհում բոլոր պետություններն էլ բյուրոկրատական հրեշներ են։ Համենայնդեպս, այն պետությունները, որտեղ երբևէ բնակվել եմ։ Իսկ հիմա, երբ փորձում եմ միաժամանակ երկու պետության բնակիչ լինել՝ դրանցից ոչ մեկի քաղաքացին չլինելով, ամեն ինչ ավելի է խառնվում։

Երբ երկու շաբաթ առաջ բանկային հաշիվ էի բացում, ֆիննական հասցե դեռ չունեի։ Անկեղծ ասած, մտադրություն էլ չունեի այն ժամանակ բացելու, բայց համալսարանը պարտադրեց։ Ասացին, որ եթե ժամանակին ֆիննական հաշվեհամար չտամ իրենց, աշխատավարձս ուշացնելու են ու 60% հարկ պահեն։ Ո՞վ կուզենա իրեն հասանելիքի կեսից ավելին կորցնել։ Էդպես, բանկային հաշիվ բացեցի, դանիական հասցես նշեցի, բայց քարտ չէի կարող պատվիրել, ոչ էլ օնլայն բանկինգ։ Ու էստեղից էլ սկսվեցին խնդիրները։

Երեկ զանգեցի բանկ, որ քարտ ու օնլայն բանկինգ պատվիրեմ։ Ասացին, որ հասցես չեն կարող փոխել, քանի որ ռեգիստերում դեռ գրանցված չեմ։ Փորփրեցի ռեգիստերում գրանցվելու միջոցների մասին։ Կարելի է օնլայն անել։ Հրա՜շք։ Բայց օնլայն անելու համար օնլայն բանկինգի տվյալներ են պետք։ Մյուս տարբերակը Կուոպիո հասնելն է, բայց ոնց որ երեք օր Յոենսուում հնարավորություն են տալու գրանցվել։ Ուղղակի ամեն ինչ ձգձգվում է, իսկ ես շտապում եմ։

Գրանցման կայքում տեսա, որ Նորդիկ պետությունների միջև համաձայնագիր կա, ու մի պետությունից տեղեկացնում են մյուսին, երբ բնակիչ է տեղափոխվում։ Ես փորձում եմ դանիական հասցես պահել, որովհետև իրոք փաստացիորեն երկու տեղ եմ բնակվում, երկու տան վարձ եմ վճարում։ Բայց եթե Ֆինլանդիան տեղեկացնի Դանիային, որ էստեղ էլ բնակավայր ունեմ, արդյոք թույլ կտա՞ն էնտեղի հասցես պահել։

Եվրոպական բյուրոկրատիայում ամենաբարդ բաներից մեկն է կրկնակի բնակավայր ունենալը։ Ամեն երկու պետության միջև տարբեր կերպ է կարգավորվում, ընդ որում՝ կախված նրանից, թե որի քաղաքացի ես կամ ոչ մեկի քաղաքացի ես, կախված կյանքիդ այլ հանգամանքներից տարբեր հարկային որոշումներ կարող են կայացնել քո նկատմամբ։ Իսկ ես ոչ մեկի քաղաքացի չեմ, ոչ մեկն իմ շահերը չի պաշտպանելու։

Մեկ-մեկ մտածում եմ՝ պե՞տք էր ինձ։ Մնայի Կոպենհագենում, ապրեի հանգիստ։ Հետո ի՞նչ, որ գործազուրկ էի լինելու։

 

Advertisements

8 responses to “Բյուրոկրատական կծիկ

  1. Ծլնգ says:

    Բյուրոկրատիա ամեն տեղ էլ կա, բայց ի տարբերություն Հայաստանի (և մնացած նախկին ԽՍՀՄ երկրների, բացի բլաթիկներից), այդ բյուրոկրատիայի
    հետևում տրամաբանություն էլ կարելի է գտնել․․․ դե համենայն դեպս այն երկրներում, որոնց հետ առնչվել եմ (նորդիկներից մենակ Շվեդիայի հետ եմ մի փոքր գործ ունեցել)։ Այնպես որ, կկարգավորվի, մի վհատվի։ Մարդիկ պիտի որ կարող լինեն հասկանալ, որ երկու տեղ ապրելն էլ է հնարավոր։

    Իսկ գրանցվելու համար Դանիայի օնլայն բանքինգը հերի՞ք չի։ Ասենք նոր ես տեղափոխվել ժամանակավոր, ու Ֆինլանդիայում բանկային հաշիվ բացելու մտադրություն չունես․․․ համ էլ, վատագույն դեպքում մի փոքր ճամփորդություն կլինի հարևան քաղաք։ 🙂 Ու ամեն դեպքում, մենակ օնլայնից չարժի հուսահատվել․․․ մարդկանց հետ խոսելը ահագին դռներ է բացում, նույնիսկ եթե դա հեռախոսով է։ 🙂

    • byurie says:

      Չէ, պատկերացրու, իրոք տրամաբանություն չկա, մանավանդ որ կախված նրանից, թե ով ա հեռախոսը վերցնում, լրիվ տարբեր պատասխան կարա տա։ Էս բանկի դեպքում երեք տարբեր մարդկանց հետ եմ խոսել, երեք տարբեր բաներ են ասել։

      Չէ, Դանիայի օնլայն բանկինգը հերիք չի։ Տո դանիական հաշվեհամարն էլ հերիք չի։ Դրա համար էի տենց առանց հասցեի ափալ-թափալ դռնեդուռ ընկել, ֆիննական հաշիվ բացում առանց ֆիննական բնակության հասցեի։

      Ի դեպ, գրանցումն էլ արեցի առանց կողքի քաղաք գնալու ու առանց օնլայնի։ Մտքովս անցավ իմ ոտքով գնալ էդ ռեգիստերի Յոենսուի հասցեով ու տեղում հարցնել, թե որը որից հետո ա։ Հենց տեղում էլ գրանցեցին։ Փաստորեն, մարդկանց շատ սիրուն ձևով խաբում են։

      Մի խոսքով, ոնց որ Ֆինլանդիայում սաղ տեղն ընկավ, բանկի հարցերն էլ անձամբ ներկայանալով լուծեցի։ Մնաց ամսվա վերջին Դանիա գնամ, Դանիան էլ սաղ տեղը գցեմ։

      • Ծլնգ says:

        Դե տեսնում ես, որ ամեն ինչ էլ ստացվող ա․․․ թե չէ Հայաստանում հիմա մի 3 տեղ հետ ու առաջ պիտի վազացնեին, վերջում էլ բացահայտ կաշառքի բազար բացեին, քանի որ իզուր գնում-գալիս ես ու նամյոկներով չես հասկանում․․․ վերջում էլ հուսահատված, որ առանց դրա ձև չկա, տալիս ես այդ մի պլիտկա-մի քանի հազար դրամը, ու ինքդ քեզնից զզվելով փորձում դրա մասին ինչքան կարաս շուտ մոռանաս։ Հիմա դու սա համեմատի Ֆինալնդիայում «սիրուն ձևով խաբելուն», ինչը շատ հնարավոր ա ուղղակի լավ չիմանալու կամ իրար լավ չհասկանալու ու կայքը ժամանակին չթարմացնելու հետևանք է, ոչ թե նենգ մտադրությունների։ 🙂 Մի խոսքով, շնորհավո՜ր ֆիննական բյուրոկրատական լաբիրինթոսը հեշտ ու շուտ անցնելուդ կապակցությամբ։

      • byurie says:

        Բայց Հայաստանում չեմ հիշում, որ որևէ խնդրի հանդիպած լինեմ։ Սովորաբար հենց օրենքը ցիտում եմ, սսկվում ու ինչ պետք ա, անում են։ Դե էլ չեմ ասում՝ բանկերի հետ ինչքան հեշտ ա ամեն ինչը (էդ լավ օրից չի, բայց դե):
        Ֆիննականի, դանիականի ու ընդհանրապես եվրոպական բյուրոկրատիայի վատն էն ա, որ հաճախ փակ շրջանների մեջ ես հայտնվում․ առաջին փաստաթուղթը չի լինի, եթե երկրորդը չլինի, իսկ երկրորդի լինելու համար առաջինն ա պետք։ Ստեղ ես շատ կարճ եմ գրել, բայց երկու շաբաթ որ էկա, մի գժանոց վիճակ էր անընդհատ հետուառաջ գնալով։ Ու միակ ելքն ի վերջո կողմերից մեկին համոզելն ա, որ փաստաթուղթը տա։

      • Ծլնգ says:

        Աչքիս դու Երևանից դուրս խնդիր չես փորձել լուծել։ 🙂 իմ նկարագրածը ահագին մեղ նկարագրություն էր ինձ հետ պատահած մի քանի դեպքերի։ Հա դե հիմա մի քանի անգամ էլ հետ ու առաջ ես գնացել․․․ բոլոր տեղերն էլ բյուրոկրատները մի քիչ բթացած են, ախատանքի բնույթն է այդպիսին․ սուր խելքով մարդիկ երկար չեն դիմանում կամ հետզետե լճանում են։ Բայց որ ինքդ տեղյակ ես օրենքներից, ու իրենց բացատրում ես իրենց անելիքը, արևմուտքում դա սովորաբար, իմ փորձից, լավ գործում ա։ Հայաստանում էլ ա շատ դեպքերում գործում, մանավանդ Երևանում, բայց ոչ միշտ։ Ասենք էս վերջին այցելությանս ժամանակ մի հատ խախտման համար կանգնեցրել էին, ու ինչ ասես չբերին գլխիս մենթերը (ուրիշ բառով դրանց անվանելը իրականության խեղաթյուրում կլինի)։ Ու այդ խախտումն էլ այնքան տրամաբանական էր, որ ժամանակ ունենայի, դատարանների միջոցով կփորձեի այնպիսի փոփոխությունների հասցնել, որ այդ խախտման հնարավորություն չլինի, կամ ընդհանրապես կարգը փոխվի։ Բայց դե ավելի հեշտ էր մի երկու ժամ քյալլա տալուց հետո թաթերը քաղցրացնելը, քան հետևներից ընկնելը։

      • byurie says:

        Հ․Գ․ Ու ի դեպ, նույն վիճակը հինգ տարի առաջ էր։ Հենց էդ պատճառով բանկային հաշիվ բացելուց ու գրանցվելուց ուղղակի հրաժարվեցի։

    • byurie says:

      Ի դեպ, ինչից ես խաբար, էս բյուրոկրատական պատմությունների հետագա զարգացումների ընթացքում ի վերջո հասա մի կետի, երբ պարզվեց, որ համապատասխան աշխատողի գործողություններն ապօրինի են, ու հավանաբար էս հարցով օմբուդսմենին կդիմեմ: Հեսա տեսնեմ էս պատմությունը ոնց ա վերջանում, բլոգումս գրեմ դրա մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: