Արոնոֆսկու «Մայրը»

Վերջին օրերին ֆեյսբուքի ֆիդս ողողված էր այս ֆիլմի մասին բացասական կարծիքներով։ Հիմնականում դժգոհություններն ուղղված էին սիմվոլիզմին, թե՝ ծեծված, խտացված կամ պրիմիտիվ էր։ Իսկ ֆիլմի թեման մեկնաբանելիս տեսակետները տարբեր են՝ սկսած Երկիր մոլորակի մասին այլաբանությունից, վերջացրած արվեստագետի՝ փառքից ունեցած կախվածությունից։

Կարծում եմ՝ «Մայրը» նաև նրանով է հաջողված ֆիլմ, որ չի սահամանափակվում միայն մի թեմայով, ու կարելի է միաժամանակ մի քանի շերտ այնտեղ նկատել։ Կոնկրետ ես ֆիլմի հիմնական՝ բնապահպանական թեման, մտքիս ծայրով էի ընկալել։ Ու թեև Արոնոֆսկին ինքն էլ խոստովանում է, որ ֆիլմն այն մասին է, թե ինչպես է մայր երկրագունդն իրեն զգում, երբ մարդկությունը հերն անիծում է, այնուամենայնիվ, մնացած տեսակետներն իրար ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են։

Կոնկրետ իմ ընկալմամբ էնտեղ կային նաև աստվածաշնչյան տարրեր, մասնավորապես՝ ներելու պահանջն ու որդուն մարդկությանը զոհաբերելը։ Մեկ ուրիշը նաև նկատել է Ադամի ու Եվայի, Աբելի ու Կայենի և Նոյյան տապանի պատմությունների վերապատմումը։ Իսկ ֆիլմի վերջին կես ժամը, որը շատերն անվանում են անիմաստ քաոս, իրականում մարդկանց տարբեր տեսակի խմբավորումներ էր ներկայացնում, ու թե ինչպես այդ խմբավորումներից յուրաքանչյուրը կարող է դեստրուկտիվ լինել։

Ֆիլմում Արոնոֆսկին հավանաբար սեփական փորձից ելնելով ներկայացնում էր փառքից կախվածությունը ու դրա վտանգավոր հետևանքները։

Բայց այն, ինչ ամենաշատը դուր եկավ ֆիլմում ու ինչի մասին կարծես քիչ են խոսում, բոլորովին այլ էր։ Եկեք նախ հիշենք, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին Մայրն էր, ու ամբողջ պատմությունը պատմվում էր հենց նրա տեսանկյունից։ Ու դա արված էր էնպիսի վարպետությամբ, որ կարծես մտել էի նրա մաշկի տակ ու առաջին ձեռքից զգում այն, ինչ Մայրն էր զգում։ Երևի դրան նպաստեց նաև այն, որ ֆիլմում նկարագրված զգացողություններից շատերն օտար չէին ինձ համար։

Էստեղ Մայրն ամեն ինչից առաջ մարդ արարած է՝ իր սեփական պահանջներով, ցանկություններով, երազանքներով։ Բայց այդ պահանջմունքներն ու ցանկությունները հաշվի չեն առնվում, որովհետև կին է։ Ֆիլմում հմտորեն պատկերված է կին լինելու դժվարությունը, երբ շրջապատում քեզ ընկալում են որպես կարծիք չունեցող «սիրունիկ», երեխա ունենալու մեքենա, տղամարդկանց համար սպասավոր, ստեղծագործողների համար՝ «ոգեշնչում», բազմության համար՝ պոռնիկ։

Չնայած տարածված ստերեոտիպներին, թե դժվար է հասկանալ՝ կանայք ինչ են ուզում, ֆիլմում Մայրը պարզ ու հստակ արտահայտում է իր ցանկություններն ու կարիքները, բայց դրանց ուշադրություն դարձնող չկար։ Ու ոչ միայն անկոչ հյուրերն ու օտարներն էին արհամարհում դրանք, այլև հենց այն տղամարդը, որը սիրում էր նրան, բայց ընկալում միայն որպես ոգեշնչման աղբյուր ու երեխայի մայր, ոչ երբեք ցանկություններ ու կարիքներ ունեցող մարդ արարած։

Էսպիսով, ֆիլմում շատ շերտեր կարելի է գտնել, տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ, ու դրանցից ոչ մեկն իրար չեն հակասում։ Բայց կոնկրետ կին լինելու ու դրա դժվարությունների թեման ինձ ամենից շատն է հուզել, ու կուզեի, որ դրա մասին էլ խոսվեր։ Այլապես ֆիլմը դիտարկելով զուտ սիմվոլիզմի տեսանկյունից՝ անում ենք այն, ինչ անում են ֆիլմի մնացած հերոսները․ արհամարհում ենք կնոջը։

5 thoughts on “Արոնոֆսկու «Մայրը»

  1. Արոնոֆսկու ֆիլմերը դժվարությամբ եմ նայում, նույնիսկ այն դեպքերում, երբ թեման ինձ ահագին հետաքրքրում է։ Էս մեկի թրեյլերն էլ տեսնելուց հետո որոշել էի չնայել։ Իսկ կնոջ իրավունքները կինն ինքն էլ պիտի պաշտպանի։ ԻՄԴԲ-ում մի կարծիք կարդացի, որ հերոսուհու ուրիշի կամքերին հանազանդվելը նյարդայնացնող էր։ Ու միգուցե սա էլ մոլորակի հետ կապի սիմվոլիզմի մաս էր, որ եկրագունդը հնազանդ ընդունում է այն բոլոր բռնությունները, որոնք իր նկատմամբ արվում են, չնայած որ մայրիկ է՝ մարդկությանը կյանք տալու իմաստով։ Եսիմ… չէ, չեմ նայելու, բայց հետաքրքիր էր կարծիքդ կարդալը։

    1. Բայց հերոսուհին ուրիշների կամքին չի հնազանդվում ընդհանրապես։ Ինքը շատ հստակ իրա կամքն արտահայտում ա, ու բավական հաճախ նաև միջամտում ա։ Բայց իրա ասածներին, իրա միջամտությանը ոչ ոք բանի տեղ չի դնում։

    2. Կանանց իրավունքների համար պայքարելու մասով էլ ասեմ, որ էս ֆիլմն իրավունքների պայքար չի, այլ ներկայացվում են երևույթները նենց, ոնց որ կան։

      1. Պայքար չասեցի, այլ պաշտպանություն։ Մի երկու կարծիք կարդալուց մոտս տպավորություն էր ստեղծվել, որ մի ամորֆ, փալաս, կամքի պակասով կնոջ կերպար էր։ Դրա համար էլ ասեցի, որ երևի ինքն էլ իրեն պիտի պաշտպանի։ Բայց դե երրորդ ձեռքերից լսած տպավրություններս է։

      2. Չէ, հենց էդ ա, ինքն ամորֆ չէր, ուներ իրա հույզերն ու ցանկությունները, շատ կոնկրետ երազանքներ ուներ։ Ուղղակի իրան բանի տեղ դնող չկար։

Leave a comment