Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Աշխատանքային միջավայրը Յոենսուում

on September 20, 2017

Յոենսուում մենակ մի լավ բան կա․ աշխատանքս։ Բացի նրանից, որ մի այլ կարգի հաճույք է միջազգային մաստեր անող ընտրյալ ուսանողների դաս տալը, նաև աշխատանքային միջավայրս է հրաշալի։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ նկատի ունեմ, հետ գնանք Դանիա։

Դանիական աշխատանքային մշակույթում ընդունված բան է, որ նորեկը հերթով մոտենում է բոլորին ու ներկայանում։ Երբ նոր էի սկսել PhD-ս, չգիտեի դրա մասին, ոչ էլ երևի կանեի, եթե իմանայի։ Արդյունքում՝ ամբիոնում մարդկանց հետ ծանոթությունս սահմանափակվեց խոհանոցում առաջին լանչով, երբ ղեկավարս ծանոթացրեց ինձ ներկաների հետ։ Դրանից հետո մեր գիտական խմբի անդամներից ու մի քանի PhD-ուսանողներից բացի ոչ մեկի հետ առանձնապես չեմ շփվել։

Այդ երեք տարիների ընթացքում մեր ամբիոնում ինձ հաճախ անտեսանելի էի զգում։ Սկզբում միակ դանիերեն չիմացողն էի, ու ամեն ինչ՝ նամակագրություն, հանդիպումներ, ոչ ֆորմալ հավաքույթներ դանիերեն էին իրականացվում։ Մի քանի անգամ բողոքել եմ․ մի անգամ, երբ PhD-կոորդինատորը հրաժարվեց հանդիպման լեզուն անգլերեն դարձնելուց, վեր կացա ու դեմոնստրատիվ դուրս եկա սենյակից։ Դրա մասին տեղյակ պահեցի նաև վերևներին։ Դրանից հետո այդ հանդիպումները գոնե երկլեզու էին անցնում (ոչ թե թարգմանությամբ, այլ նյութի կեսը անգլերեն էր մատուցվում, կեսը՝ դանիերեն, այսինքն՝ դանիերեն չիմացողն ուղիղ կեսը բաց կթողներ)։ Բայց լեզվի ֆրոնտում դա միակ հաջողությունս էր․ ղեկավարիս ու ամբիոնի վարիչին հասցրած անթիվ-անհամար բողոքներս զուր էին անցնում։

Իսկ ամբիոնում ունեցածս ամենավատ զգացողությունը վերջին Ծննդյան տոների խնջույքն էր։ Ներկա գտնվող բոլոր արտասահմանցիներին հավաքել էին առանձին սեղանի շուրջ, իսկ բոլոր ելույթներն ու խաղերը դանիերեն էին, ընդ որում՝ համեմված լիքը ներքին կատակներով, որոնք լեզվին կատարյալ տիրապետողն անգամ չէր հասկանա․ պետք էր Դանիայում ծնված-մեծացած լինել։ Իսկ մեր այդ ութ հոգանոց սեղանը կարծես գոյություն չունենար, ու խնջույքը մեզ համար չէր։

Էսպիսի պատմություններ շատ կարող եմ հիշել Կոպենհագենի համալսարանում անցկացրածս երեքից մի քիչ ավելի տարիների մասին։ Ու ամբիոնի էսպիսի վերաբերմունքն իմ ընկեր PhD-ուսանողները շատ լավ նկատում էին։ Դրա համար ընդմիջման ժամանակ միշտ փորձում էին հետս խոսել, օրվա ընթացքում էլ մտնում էին գրասենյակս, տեսնեն՝ ոնց եմ։ Բայց միայն այդ մի քանի հոգին։

Այս տեսանկյունից Յոենսու գալս ահագին վախենալու էր․ ֆինները դանիացիներից բեթար հայտնի են իրենց տարածքը գծելով ու այդ տարածքից որևէ մեկի ներս չթողնելով։ Դրա համար երբ առաջին օրը եկա աշխատանքի, թաքնվեցի գրասենյակումս ու մտքիս մեջ որոշեցի, որ անելու եմ այն, ինչ անում էի Կոպենհագենում․ արհամարհելու եմ ֆիններեն գրված բոլոր նամակները։

Նամակների լեզուն առաջին զարմանքս էր։ Ճիշտ է՝ դրանք միշտ ֆիններեն են գալիս, բայց տեքստում որևէ տեղ հայացքս մեկ-երկու անգլերեն նախադասություն բռնում է։ Էդպես գոնե իմանում եմ նամակն ինչի մասին է։ Էդպես ինձ ընդունված եմ զգում ու հասկանում, որ նամակի հեղինակը գիտի իմ ու մյուս ոչ-ֆիննախոսների գոյության մասին։

Հետո նաև ուսումնական տարվա բացման արարողությունն էր։ Ռեկտորը ու մի շարք այլ բարձրաստիճան համալսարանականներ ելույթ ունեցան։ Ելույթները ֆիններեն էին։ Բայց սկզբում միշտ անգլերեն ողջույն կար, վերջում՝ անգլերեն ամփոփում։ Էսպիսի բան Կոպենհագենի համալսարանում չէիր տեսնի։

Բայց ամենահետաքրքիրը կոլեգաներիս հետ շփումն էր։ Ինչպես արդեն ասացի, դանիական ձևով չգնացի հերթով դռները ծեծելով։ Իմանալով, որ ֆիններն ավելի փակ ազգ են՝ մտածում էի, որ էստեղ երևի որևէ մեկի խանգարել պետք չէ։ Երևի ճիշտ էլ անում էի, որովհետև ինչպես հետագայում իմացա, մեր ամբիոնում ուրիշ ավանդույթ է։

Առաջին երկու շաբաթների ընթացքում ամբիոնի աշխատակիցները հերթով մտնում էին գրասենյակս, ներկայանում, պատմում իրենց մասին, իրենց օգնությունն առաջարկում, կանչում սուրճ խմելու, որպիսիությունս հարցնում։ Արդյունքում՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հասցրի ոչ միայն իմանալ գրեթե բոլորի անունները, այլև ծանոթանալ մասնագիտական հետաքրքրություններին ու թեթևակի ճանաչել նրանց։ Էսպիսի բան Կոպենհագենի համալսարանում չէր եղել։

Անցյալ շաբաթ էլ աշխատակազմի հանդիպումն էր։ Քանի որ բավական լավ էի զգում, ռիսկով որոշեցի գնալ։ Ամբողջ հանդիպումը ֆիններեն անցավ։ Բայց ամբիոնի վարիչին փոխարինողը ոտքով-ձեռքով հասկացրեց, որ ներկայանամ։ Անգլերեն ներկայացա առանց նեղվելու։ Կոպենհագենում դանիերեն հանդիպումների ժամանակ չգիտեի որ ծակը մտնեմ, որ ինձ չտեսնեն։ Բայց ծակը մտնելու կարիք չկար, որովհետև չէին տեսնում։

Աշխատակազմի հանդիպման ժամանակ երբ ներկայացա ու ասացի, որ ֆիններեն չգիտեմ, անմիջապես մի հոգի եկավ, կողքս նստեց ու ամբողջ ընթացքում թարգմանեց։ Անգլերեն հազիվ էր խոսում։ Հանդիպումից հետո եկավ գրասենյակս ու ներկայացավ։ Պարզվեց՝ ռուս է։

Ընդհանրապես, ամբիոնում շատ են մարդիկ, որոնք անգլերեն հազիվ են խոսում։ Ամբիոնի վարիչին փոխարինողն էլ նրանցից մեկն է։ Իսկը ստերեոտիպային պրոֆեսոր․ երկար սպիտակ մազերով ու մորուքով, իր գրասենյակում խառըխշտիկ գրքեր ու թղթեր են, ունի պրոֆեսորին հատուկ ցրված քայլվածք։ Նա էլ եկավ գրասենյակս, ներկայացավ։ Հետո պարզվեց, որ ռուսերենի պրոֆեսոր է։ Անցանք ռուսերենի։

Էսօր էլ կոլեգաներիցս ամերիկուհի Քեթին կանչեց սուրճ խմելու։ Պատմեցի, որ ամբիոնն ինձ ահագին դուր է գալիս, ու զարմացած եմ, թե որքան օգնող ու հասնող են բոլորը։ Ասաց՝ հա, իրոք զարմանալի բան կա էդ ամբիոնում․ մարդիկ իրար տակ չեն փորում, մրցակցությամբ իրար չեն խեղդում, այլ ամեն կերպ համագործակցում են։

Ոնց որ իմ երազանքների ակադեմիական միջավայրում եմ հայտնվել, հա՞։ Ախր ինչու՞, ինչու՞ է էս անտեր համալսարանն էսպիսի կորած-մոլորած մի տեղում։

Advertisements

10 responses to “Աշխատանքային միջավայրը Յոենսուում

  1. uluana says:

    «Ախր ինչու՞, ինչու՞ է էս անտեր համալսարանն էսպիսի կորած-մոլորած մի տեղում»։ Որովհետև բոլոր երնեկները մի տեղ չեն լինում։ :)))

    Դե լավ, շատ մի բողոքի. մտերիմ ընկերուհիներիցդ մեկը, էն էլ հայրենակից, հայտնվել ա հետդ էդ կորած–մոլորած տեղում, էլ ի՞նչ ես ուզում։ :))) Էդ ահագին բան ա օտար վայրում հայտնված մարդու համար։

    • byurie says:

      Ան, որ հայտնվես ստեղ, կհասկանաս՝ ինչու եմ ասում։ Նույն ընկերուհիս էլ ա ստեղ խելագարվում։ Ու հարցը մենակ կորած-մոլորածը չի, նաև էն ա, որ քաղաքակրթություն հասնելու համար ահագին ժամանակ ա պետք։ Թե չէ ամեն տեղ էլ կան սենց քաղաքներ, որտեղ բան չի կատարվում։

  2. urishbaner says:

    որոշ ժամանակ հետո էդքան էլ Կորած-մոլորած չի թվալու աչքիս ։)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: