Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Էլոիզը կամ աղջիկը, որը հայրենիք չունի

on March 7, 2018

Արդեն այնքան վաղուց եմ Դանիայում ապրում, որ էստեղ ապրելով հանդերձ հիշողությունների գիրկն եմ ընկնում։ Ու արդեն կան մարդիկ, որոնք պինդ փակված են անցյալի էջերում, բայց երբեմն-երբեմն հիշում եմ նրանց, ափսոսում, որ նրանք այլևս Դանիայում չեն։ Զարմանալի բան է․ այս տարիների ընթացքում ընկերներիցս շատերը գնացին, ու ես այն քչերից եմ, որ դեռ այստեղ է, չնայած գնալով դժվարացող իմիգրացիոն օրենքներին։

Դանիայում ապրելու ընթացքում պարբերաբար նոր ընկերներ ձեռք բերելու խնդրի առաջ եմ կանգնում, որովհետև կա՛մ հները հեռանում են, կա՛մ հարաբերության մեջ փակվելու արդյունքում սկսում եմ ընկերներիս հետ քիչ շփվել։ Հաճախ երազում եմ կայուն ընկերական շրջապատ ձեռք բերելու մասին, բայց լինելով ակադեմիայում ու շփվելով գրեթե միայն ակադեմիայում աշխատողների հետ՝ կայուն շրջապատի հավանականությունը խիստ նվազում է, ու իմ կյանքը վերածվում է նոր ծանոթությունների ու հրաժեշտների մի երկար հերթագայության։

Հենց էսպիսի նոր ընկերներ ձեռք բերելու հերթական ալիքի ժամանակ էր, որ ծանոթացա Էլոիզի հետ։ Երեք տարի առաջ էր։ Դարիլից նոր էի բաժանվել։ Մայան՝ իմ այն ժամանակվա մտերիմ ընկերուհիներից մեկը, որը հիմա Նիդեռլանդներում է, առաջարկեց միասին դուրս գալ նոր մարդկանց հետ ծանոթանալու։ Որոշեցինք այցելել լեզվի կաֆե, որտեղ զանազան ջահելներ հավաքվում էին ու տարբեր լեզուներով խոսում։

Լեզվի կաֆեն շատ վատ անցավ․ խոսակցությունների մեծ մասն անգլերեն էին, ու դանիերեն, իսպաներեն կամ ֆրանսերեն զրույցները մի րոպեից երկար չէին տևում։ Իսկ ներկաները մեկը մեկից անկապ դեմքեր էին․ հիմնականում փոխանակային ուսանողներ, որոնց ուշքնումիտքը փարթիներն ու հարբելն էր։ Ու ժամեր շարունակ խոսում էին ոչնչից։

Տուն գնալուց հետո ես ու Մայան կիսվեցինք տպավորություններով։ Երկուսս էլ նույն կարծիքին էինք․ ներկաներից ոչ մեկին չէինք ուզենա նորից տեսնել, բացի կազմակերպչից։ Կազմակերպիչն Էլոիզն էր։ Հետագայում պիտի իմանայի, որ լեզվի կաֆեները նախաձեռնում էր միայն ու միայն իր սեփական սոցիոֆոբիան հաղթահարելու համար։ Ինքն իր կյանքի փիլիսոփայություն էր դարձրել անել այն, ինչից վախենում է։ Վախենու՞մ եմ նոր մարդկանց հետ ծանոթանալուց։ Շատ լավ, ուրեմն էնպիսի միջոցառումներ կկազմակերպեմ, որտեղ ուզած-չուզած պիտի նոր մարդկանց հետ ծանոթանամ։

Էլոիզն Էրասմուս մունդուսի մագիստրոսական ծրագրերից մեկով էր Կոպենհագենում։ Կոնկրետ չեմ հիշում՝ որը, բայց կենսաբանության հետ կապ ունեցող մի բան էր։ Իսկ դա գիտեմ, որովհետև առաջիկա կես տարվա ընթացքում մենք հաճախ էինք իրար հետ շփվում։ Էլոիզն իր թեզն էր գրում, ու հենց սկզբից հանդիպում էի հետը սկզբում դուխ տալու ու ղեկավար ընտրելու հարցում օգնելու համար, հետո ուղղակի միասին նստում էինք գրադարանում, ես իմ գործն էի անում, ինքը՝ իր։

Բայց ամենաբարդ հարցն Էլոիզի համար բավական պարզ թվացող՝ որտեղի՞ց ես հարցն էր, որովհետև կսկսեր մի երկար-բարակ պատմություն պատմել։ Ու իսկապես․ նրա համար այդ հարցը միանշանակ պատասխան չուներ։

Էլոիզի հայրը Չիլիից է, մայրը՝ Երկրորդ համաշխարհայինից հետո Բրազիլիա արտագաղթած գերմանացիների դուստր։ Ինքը ծնվել է Բրազիլիայում։ Ու պատմում է, որ մանկուց ընթրիքի սեղանի շուրջ միշտ երեք լեզու է պտտվել․ իսպաներեն, պորտուգալերեն ու գերմաներեն։ Բայց հետո ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ։ Այնտեղ է դպրոցն ավարտել, իսկ համալսարան գնացել է Կանադայում։ Դե մագիստրատուրան էլ Էրասմուս մունդուսով Եվրոպան է ոտքի տակ տալիս։

Կապույտ աչքերով, թխամաշկ, մուգ շագանակագույն խուճուճ մազերով, արտահայտված այտոսկրերով ու փոքրամարմին Էլոիզի տեսքից էլ դժվար է գուշակելը, թե որտեղից է։ Բայց Էլոիզին սահմանել պետք չէր, որովհետև ինքն իրոք տարբեր տեղերից էր՝ մի քանի մշակույթի կրող, Երկիր մոլորակից։

Այդ կես տարվա ընթացքում մենք շատ մտերմացանք։ Բացի դասերի հետ կապված մեր հարաբերություններից մենք կիսվում էինք նաև զանազան անձնական թեմաներով։ Դա այն կես տարին էր, երբ Դարիլից բաժանվել էի ու նոր շրջապատ էի կառուցում։ Ու այն կես տարին էր, որ ամենադժվարն էր անցնում։ Էլոիզն ինձ մխիթարողներից ու դուխ տվողներից մեկն էր։ Ինքն էլ սկսել էր մի ռումինացի տղայի հետ հանդիպել։ Բայց տղան հետը լավ չէր վարվել, բաժանվել էր։ Ու ես էլ էդ ժամանակ Էլոիզին դուխ տվողներից էի։

Մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո Էլոիզը տեղափոխվեց Գերմանիա։ PhD էր փնտրում։ Անընդհատ հուսահատվում էր, որովհետև ահագին դժվար պրոցես էր։ Ժամեր էի անցկացնում հետը սկայփով զրուցելով։ Ամեն պրոֆեսորի ուղարկած նամակ մանրամասն քննում էինք։ Էլոիզը շատ տագնապային էր, վախենում էր՝ որևէ բառ սխալ գրելուց։

Կես տարի անց վերջապես կանչեցին հարցազրույցի։ Հարցազրույցը սկայփով մի քանի անգամ պարապեցինք։ Էլոիզը ստացավ PhD -ի տեղը։ Դրանից հետո սկզբնական շրջանի պանիկաներից էինք խոսում։ Փորձում էի հանգստացնել, օգնել, որ ժամանակը ճիշտ դասավորի։ Հետո Էլոիզը կորավ։ Մեկ էլ լսեցի, որ մի լիտվացի տղայի հետ է հանդիպում, ահագին երջանիկ է։ Դրանից հետո տեղեկություն չունեմ։

Ու կարծեմ ես էլ էի մոռացել նրա գոյության մասին, որովհետև վերջերս Սիմոնեին ասում էի, որ ինքն իմ առաջին բրազիլացի ընկերն է։ Հետո հիշեցի Էլոիզին։ Բայց Էլոիզը բրազիլացի չէ։ Էլոիզն ազգություն չունի։ Ուղղակի ծնվել է Բրազիլիայում։ Հույս ունեմ՝ լավ է։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: