Ներգաղթը կոչով չի լինում

Սերժի հրաժարականից մի քանի օր անց Երևանում էի։ Այցելությունս կարճ էր, չհասցրի բոլորին նորմալ տեսնել, բայց ընկերներիցս ում հետ էլ որ խոսում էի, ասում էին՝ մտքները փոխել են, էլ չեն արտագաղթելու։ Հետո ինձ էին հարցնում․

— Հետ կգա՞ս Հայաստան։

Մոտ ընկերներս այս չորս տարիների ընթացքում այս հարցն առաջին անգամ էին տալիս, որովհետև երբեք չէին մոռանում, թե ինչպես երազանքներով լցված Եվրոպայից վերադարձա Հայաստան` փորձելով մարզերում աշխատանք գտնել կամ գիտությամբ զբաղվել, ու ինչպես երազանքներս հատիկ-հատիկ փշրվեցին։ Ընդամենը կես տարի անց նորից գնացի՝ այս անգամ իսկապես համոզված լինելով, որ այլևս երբեք չեմ վերադառնալու։

Բայց հեղափոխությունից հետո առաջին անգամ այդ հարցը նաև ինքս ինձ տվեցի, իսկ հետո նաև մեկ այլ հարց տվեցի․ «Իսկ ինչու՞ հետ գամ»։ Ու ես մենակ չեմ։ Կուլիսների հետևում Հայաստանից հեռացած շատերս քննարկում ենք հետ գնալու հավանականության մասին, բայց ոչ մեկս ճամպրուկները չի հավաքելու ու վաղը Հայաստան գնա։

Բայց նոր իշխանությունները շարունակում են ներգաղթի կոչեր անել։ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր հորդորում են «հենց հիմա Հայաստան վերադառնալ»։ Իսկ մենք՝ արտերկրում ապրող բազմաթիվ հայերս, ուղղակի շրջանցում ենք այդ զրույցները, որովհետև գիտենք, որ հենց հիմա չենք ներգաղթելու, ոչ էլ մյուս տարի, ոչ էլ գուցե հինգ տարի անց։ Եվ նույնիսկ ամբողջ օրն էկրաններից կախված մնալն ու հերթով բոլոր լրատվամիջոցների կայքերը մտնելը, հեղափոխության, իսկ հետո նաև նոր իշխանությունների ամեն քայլին հետևելն ու քննարկելը չի նպաստում, որ ամեն ինչ թողնենք ու հետ գանք Հայաստան։

Ընդհանրապես, Հայաստանից հեռանալը շատերիս համար դժվար որոշում է եղել։ Երբ չորս տարի առաջ չափահաս տարիքում երկրորդ անգամ էի ամեն ինչ թողնում ու գնում, ինքս ինձ համոզում էի, որ Հայաստանի հետ կապս կպահեմ։ Ու մինչև հիմա պահում եմ՝ տարին երկու անգամ Հայաստան գալով, հետևելով էնտեղի քաղաքական կյանքին։ Թեև դեռ այն ժամանակ գիտեի, որ այս անգամ երկիրը փոխելու ոչ մի ռոմանտիկ գաղափար ինձ այլևս Հայաստան չի բերի, պատկերացում անգամ չունեի, թե որքան դժվար է լինելու ներգթաղթելու մասին մտածելը։

Մեզնից շատերը Հայաստանից հեռացել են բավական երիտասարդ տարիքում ու արտերկրում մի ամբողջ կյանք կառուցել։ Ոմանք երեխաներ ունեն, որոնք դպրոց են հաճախում։ Հայաստան վերադառնալ կնշանակի թողնել էս բոլորը, վտանգել սեփական և երեխաների ապագան ու գալ մի երկիր, որը ոչ ոք չգիտի՝ ուր է գնում, որտեղ առայժմ հեռանկար չկա, ու չգիտես՝ ինչպես ես գոյատևելու։

Ինձ համար ներգաղթել կնշանակի ինձ հետ բերել դանիացի ընկերոջս, որը պետք է հրաժարվի իր պետության առաջարկած ապահովության բոլոր օղակներից ու ինձ հետ նետվի դեպի անորոշը, դեպի մի երկիր, որի լեզուն չգիտի, որտեղ իր համար նույնիսկ ավելի դժվար է լինելու, քան ինձ համար, ու որի ներգաղթի կոչերը, միևնույն է, իրեն ուղղված չեն։

Իսկ որ ավելի վատ է, մեզ՝ դրսում ապրող ՀՀ քաղաքացիներիս, վաղուց զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրական օրենսգրքում արվելիք փոփոխությունների մասին կցկտուր հայտարարություններից հասկանում ենք, որ այդ հնարավորությունը վերականգնելու հարցը չի քննարկվում։ Սոցցանցերում շատերը պնդում են, որ սխալ կլինի, որ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիները կարողանան ընտրել, որովհետև իրենց ընտրության հետևանքներն իրենք անմիջապես չեն կրելու, որովհետև կտրված են հայկական իրականությունից, որովհետև այսպես ու այնպես։ Իսկ ներգաղթելու դեպքում կրելու ենք, չէ՞, մեր որոշման հետևանքները։ Ու այդ հետևանքները մենք ենք կրելու, չէ՞, ոչ թե ներգաղթի կոչեր հնչեցնողերը։

Ժողովրդավարության մասին երազող հեղափոխականները հանկարծ նույն պետության քաղաքացիների մի ստվար զանգվածի ավելի պակաս քաղաքացի են համարում՝ համոզված լինելով, որ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն։ Մենք բոլորս դրսում հայտնվել ենք, որովհետև Հայաստանում աշխատանք չկար, որովհետև գիտություն չկար, կրթություն չկար, առողջապահություն չկար, արդարություն չկար ու էլի շատ բաներ չկային։ Ու էս բոլորը կեղծված ընտրությունների անուղղակի հետևանքներն էին։ Մենք ընտրել ուզում ենք, որովհետև պարզապես ՀՀ քաղաքացի ենք ու ուզում ենք մասնակցել ժողովրդավարական գործընթացներին այն երկրում, որի քաղաքացի ենք, որովհետև մի օր կարող ենք կրել մեր ընտրության հետևանքները, որովհետև այդ ընտրությունն է որոշելու՝ վաղը Հայաստանում հեռանկար կլինի՞, թե՞ չէ։

Եթե իսկապես ցանկություն կա ՀՀԿ-ի իշխանության տարիների ժողովրդագրական աղետը վերականգնելու, ուրեմն ներգաղթը պիտի կոչերով չլինի․ ի վերջո, ՀՀԿ-ն արտագաղթի կոչեր չէր անում, այլ ամեն ինչ անում էր, որ չուզենանք Հայաստանում մնալ, ուրեմն նոր իշխանություններն էլ պետք է ամեն ինչ անեն, որ ուզենանք վերադառնալ։ Եվ ի վերջո, ներգաղթը չպետք է սահմանափակվի դրսում ապրող հայերով։ Եթե Հայաստանում իսկապես սեր և հանդուրժողականություն լինի, կգան նաև այլազգիներ, կգան ուսանողներ, բժիշկներ, ծրագրավորողներ, արվեստագետներ ու գիտնականներ։ Կգան մերժվածներ, պատերազմից փախչողներ, աղքատներ ու թոշակառուներ։

Իսկ մինչ այդ մեզ մնում է միայն հետևել ուղիղ եթերներին ու Հայաստան վերադառնալու մասին հարցերին խուսափողական պատասխան տալ։

2 thoughts on “Ներգաղթը կոչով չի լինում

  1. Melani Telami Այս հոդվածում ասում է եթէ ամեն ինչ լավանա շատերը կգան Հայաստան ապռելու:Բայց մի հարց ունեմ գրողին ,արդյօք սա պատեհապաշտություն չի՞:Նման է հարեվանդ մի համեղ ճաշ եփի դու գդալդ վերցնես գնասաս առանձ որեվէ նեղություն կրելու ուտես:Ուրիշները պայքարեն
    և եթէ լավ եղավ ամեն ինչ հարդվեց կըգան եթէ չէ դուք տառապեք և պայքարեք մենք ուրիշների պայքարած և բարելաված երկրում կապռենք և կվայելենք :
    գրողը ասում է Հայաստանում աշխատանք չկար, որովհետև գիտություն չկար, կրթություն չկար, առողջապահություն չկար, արդարություն չկար ու էլի շատ բաներ չկային։և հորդորում է որ լավ պայմաներ ստեղծեք որ իրենք գան և դրսեցիներին էլ բերեն և հպառտանան:
    Դէ արեք միասին ստեղծենք բոլորիս երազած ազատ արդար հայրենիքը:

    1. Իրականում տեքստ առաջին հերթին ուղղված էր ներգաղթի կոչեր անողներին (քանի որ ձեր մեկնաբանությունն էլ է նման կոչով ավարտվում, ուրեմն նաև ձեզ): Պարզաբանեմ։ Պատկերացրեք, շատերիս կյանքի նպատակը կոռումպացված համակարգերի դեմ պայքարելն ու նոր երկիր կառուցելը չէ։ Շատերս Հայաստանից հեռացել ենք զանազան պատճառներով, ու էն պատճառները, որոնք մեզ դրդել են հեռանալ, ցավոք, հեղափոխությունից հետո չեն վերացել։ Օրինակ, խրոնիկ հիվանդությամբ տառապողը, որը Հայաստանից հեռացել է բուժում ստանալու համար, չի վերադառնա, որովհետև նույն բուժումը Հայաստանում դեռ նույնքան թանկ է։ Անընդհատ հալածվող ԼԳԲՏ անձը, որ Հայաստանից հեռացել է, որ չհալածվի, չի վերադառնա, որովհետև Հայաստանում դեռ հալածում են ԼԳԲՏ անձանց։ Ինքս էլ որպես հոգեբույժ ու գիտնական չեմ վերադառնա Հայաստան, որովհետև հոգեբուժարաններն առայժմ փակվում են, ու խելքին մոտ վերաբերմունք չկա հոգեկան առողջությանը։
      Իմ ասածը ոչ թե այն է, որ դուք արեք, մենք գանք, վայելենք, այլ երկու բան.
      1. Մեզ նման կոչեր մի արեք, թողեք մենք որոշենք։ Իսկ եթե կոչեր անում եք, գոնե մեր ընտրելու իրավունքը վերականգնեք, որ մեր ձայներով որևէ կերպ ազդենք քաղաքական դաշտի վրա ու որևէ տեսակի սպասելիքներ ունենանք, թե նոր իշխանություններն ինչ ուղղությունների վրա են շեշտ դնելու
      2. Ներգաղթի կոչերը մի ազգայնացրեք։ Եթե Հայաստանը լավ երկիր դառնա, ոչ միայն լիքը հայեր, այլև այլազգիներ կգան Հայաստան առանց նման կոչերի։
      Ինչ վերաբերում է ուրիշների ստեղծածն ու պայքարածը վայելելուն, ապա հավատացեք, արտերկրում էլ լիքն են անելիքները։ Ուղղակի տարբերությունն այն է, որ էնտեղ հնարավորություն կա մեր ողջ ներուժն իրացնելու, նորը կառուցելու ու փոփոխություն մտցնելու, իսկ Հայաստանում՚ առայժմ ոչ։

Leave a comment