Ինձ թվում է՝ ինչ էլ անեմ, նոյեմբերյան անքնության դեմը չեմ կարողանա առնել, ու պիտի համբերատար սպասեմ, մինչև օրգանիզմս մթությանը նորից սովորի։
Հիմա նստած եմ լաբում, մինչ մասնակիցներս իրենց առաջադրանքներն են կատարում։ Սովորաբար նման դեպքերում ընթացքում աշխատում եմ. մեյլեր եմ գրում, ստատիստիկ վերլուծություններ անում հոդվածներիս համար, պրեզենտացիաներ սարքում։ Ու չնայած ուսերիս լիքը գործ կա լցված, մյուս շաբաթ էլ քննություն պիտի հանձնեմ, ուժ չկա որևէ բան անելու։
Էս շաբաթվա անքնությունս ու դրա հետ մեկտեղ բավական ակտիվ աշխատանքային կյանքս լրիվ ուժասպառ է արել ինձ։ Երկուշաբթի օրը նույնիսկ լողավազան գնալը չփրկեց. մինչև ժամը մեկը֊երկուսը անկողնում շուռումուռ էի գալիս։ Երեկվա հոգնածությունս էլ չփրկեց. առավոտյան ժամը յոթից աշխատում էի, ութից էլ դասավանդում։ Մինչև երեկոյան յոթը գլուխս անդադար աշխատել էր։ Մտածում էի՝ կհոգնեմ ու կքնեմ։ Բայց այսօր նորից կիսատ֊պռատ քնած եմ գնացել աշխատանքի։ Մտածում էի՝ հետս թերմոսով սուրճ տանեմ, որ լաբում օրս ձգեմ։ Էնքան անջատված էի, որ սուրճը սարքեցի, բայց մոռացա հետս վերցնել։
Ու հիմա նստած եմ լաբում։ Աչքերս փակվում են։ Երազում եմ, որ հաջորդ մասնակիցները չգան։ Բայց գիտեմ, որ գալու են։ Երազում եմ ընդմիջման մասին, երբ վերջապես մի բան կուտեմ ու սուրճ կճարեմ։ Երազում եմ նոյեմբերի ավարտի մասին, որովհետև նոյեմբերին անքնություն եմ ունենում, ու դեղերն անգամ չեն փրկում։