Իռլանդիան յոթ մասից. մաս 3։ Ռոք համերգ ու զոմբի

Մաս 1. Բարի գալուստ
Մաս 2. Բլուրներ ու ծով

Դահլիճում լավ տեղ գրավելու համար մեր հին սովորության համաձայն համերգասրահի մոտ հայտնվեցինք դռների բացվելուց երկու ժամ առաջ։ Բնավ անսպասելի չէր, որ մեզնից առաջ արդեն մարդիկ հավաքվել էին։ Բայց զարմանալին այն էր, որ բոլորն առանց բացառության իռլանդացի դեռահասներ էին։ Ուրեմն 21-րդ դարում ծնվածները դեռ լսում են 90-ականների երաժշտություն։

Մի տասնհինգ-տասնվեց տարեկան աղջիկ մոտեցավ մեզ ու ասաց, որ հերթագրում է բոլորին ու մեր ձեռքերին մարկերով գրեց 17 ու 18 թվերը։ Դրա հաջորդ օրը Գոլուեյի գնացքում պիտի տեսնեինք մի աղջկա, ձեռքին՝ նույն ձեռագրով ու մարկերով թիվ։ Համերգի հանդիսատեսին ճանաչելու գաղտնի կոդ էր դարձել այդ թիվը։

Երկու խմբերն էլ՝ Weezer-ն ու The Smashing Pumpkins-ը, Մորթենը երկու սիրելի խմբերն են, իսկ ես թեև երկուսի երաժշտական գործունեությունը հարգում եմ, էդպես էլ չկարողացա էնպես սիրել, որ գոնե երգերի անուններն իմանամ, հետևաբար համերգի մասին շատ բան չեմ կարող ասել, բացի նրանից, որ իսկապես մեծ հաճույք ստացա. դե այդ որակի ռոք համերգին, այն էլ 90-ականների խմբի, ո՞նց հաճույք չստանաս։

Իհարկե, միակ թերությունը թերևս երկու խմբերին նույն տոմսով բեմ բերելն էր։ Մորթենի նման մարդիկ, որ երկու խմբերին էլ երկրպագում էին, շատ քիչ էին։ Հիմնականում հանդիսատեսը կա՜մ մեկի, կա՜մ մյուսի համար էր եկել։ Ու արդյունքում Weezer-ի համերգի ժամանակ The Smashing Pumpkins-ի երկրպագուներն էին անջատված, ու հակառակը։

Մեր ճամփորդության ընթացքում սա միակ համերգը չէր։ Գոլուեյից վերադառնալուց հետո գնացինք նաև ամերիկյան Slow Pulp-ին լսելու, որ հենց մեր ժամանակների նոր ռոք խումբ է ու բավական լավն է։ Բայց մինչև վերջ չկարողացանք մնալ. ես Գոլուեյից հետս վիրուս էի բերել, ու հազիվ էի ոտքի վրա մնում։ Մեծ ափսոսանքով կեսից դուրս եկանք։

Բայց այս արձակուրդի ժամանակ ինձ վրա ամենամեծ տպավորություն թողած համերգային համարը The Cranberries-ի “Zombie”-ն էր, որը լսեցինք Դուբլինում վերջին գիշերը, երբ մոտակա մի փաբ էինք գնացել կենդանի երաժշտություն լսելու՝ փոքր հույսով, որ զանազան փոփ վերակատարումների արանքում, այնուամենայնիվ, իռլանդական երգեր էլ կհնչեն։ Ու երեկոն եզրափակվեց հենց Զոմբիով։ Բայց բնավ կատարման որակը չէր, որ մեխվեց ուղեղումս, ու մինչև հիմա դուրս չի գալիս։ Պարզապես շա՜տ պատահաբար երգի տեքստի մեջ լսեցի 1916 թիվը, եկա տուն, սկսեցի մանրամասն փորփրել։

Իհարկե, Զոմբին առաջին անգամ չէի լսում, ու բառերը գրեթե անգիր գիտեի։ Կարելի է ասել, էն երգերից է, որի տակ մեծացել եմ։ Բայց չգիտեմ ինչու երբեք տեքստին ուշադրություն չէի դարձրել։ Իսկ այս անգամ երկու շաբաթ շարունակ իռլանդական պատմության ու մշակույթի մեջ ընկղմվելուց հետո 1916 թիվն աննկատ չանցավ։

1916-ը Զատկի ապստամբության տարին է, երբ իռլանդացիները զինված ապստամբության են դուրս եկել Միացյալ Թագավորության դեմ՝ Իռլանդիայի հանրապետությունը հռչակելով։ Բրիտանացիները հաջողությամբ ճնշում են այն, թեև իռլանդացիները մեծ կորուստներ են հասցնում։ Բայց համարվում է, որ հենց այս ապստամբությունն է սկիզբ դրել Իռլանդիայի անկախացման գործընթացին։

Այդ դեպքում ի՞նչ է երգում Դոլորես Օ’Ռիորդանը 1916-ի մասին։ Հարցին պատասխանելու համար պետք է նախ ամբողջ երգին ու դրա նախապատմությանն անդրադառնալ։ Ինտերնետը փորփրելով պարզում եմ, որ 1993-ին, երբ իռլանդական հանրապետական բանակը ռումբ է պայթեցնում Անգլիայի Ուորինգթոն քաղաքում, երկու երեխաներ են զոհվում։ Օ’Ռիորդանն այդ ժամանակ մոտակայքում է լինում ու շատ է ազդվում այդ դեպքից։ Անգլիայով ճամփորդելով՝ ամաչում է, որ իռլանդացի է։ Ու դրանից ազդված գրում է «Զոմբի» երգը։

Իհարկե, եթե վերցնենք առանձին այդ դեպքը, իսկապես շատ հուզիչ է, որ ռոք երաժիշտը չի ցանկանում, որ այլևս երեխաներ զոհվեն, որ այս ամենի վերջը պետք է գա։ Բայց նայենք երգի բառերին ու պատմաքաղաքական կոնտեքստին։

Իռլանդական հանրապետական բանակի ռումբը ավելի քան երեսուն տարի տևած «Անախորժությունների» (The Troubles) շրջանակում էր, որն ըստ էության ծնվել էր նրանից, որ Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական կաթոլիկ իռլանդացիները հոգնել էին բրիտանական օկուպացիայից ու դրա արդյունքում կաթոլիկների նկատմամբ դիսկրիմացիայից ու խաղաղ բողոքի ցույցով միացյալ Իռլանդիա էին պահանջում, ինչին Հյուսիսային Իռլանդիայի իշխող բողոքական իռլանդացիները, որոնք Միացյալ Թագավորության կազմում մնալու կողմանկից էին, ոստիկանական ուժով պատասխանեցին։ Դրանից բանը բանից անցավ՝ բրիտանական զորքի մտնելով ու աստիճանաբար զինված կոնֆլիկտի վերածվելով, ինչի արդյունքում իռլանդական հանրապետական բանակը զանազան տեղերում ահաբեկչություն է իրականացնում, այդ թվում՝ Անգիայի Ուորինգթոն քաղաքում, որն էդպես ազդում է Դոլորես Օ’Ռիորդանի վրա։

Երգում ասվում է. «Նույն հին թեման 1916-ից սկսած»։ Հետո նաև ասում է՝ «Սա ես չեմ, իմ ընտանիքը չէ»։ Այսինքն, Օ’Ռիորդանը կարծես հոգնել է իռլանդական ազատագրական պայքարից ու լրիվ արհամարհում է, թե մինչև 1916 թիվը ոնց են անգլիացիները 1801-ից գրավել Իռլանդիան ու ամեն հնարավոր ու անհնար ձևով ճնշել իռլանդացիներին, էդ թվում՝ տարիներով սովի մատնելով, ինչի արդյունքում մոտ մեկ միլիոն զոհ է լինում։ Ու հենց այս տարբեր տեսակի ճնշումն ու խտրական վերաբերմունքն է, որ բերել է 1916-ի Զատկի ապստամբությանը ու հետագա բոլոր ընդվզումներին բրիտանական տիրապետության դեմ։ Իսկ ըստ Օ’Ռիորդանի նրանք պարզապես զոմբիներ են։

Արդյոք Օ’Ռիորդանը լավ չի՞ պատկերացրել այս ամենն ու պարզունակացրել է բավական բարդ մի թեմա՝ անձնապես հեռու չգտնելով դեպքի վայրից ու պարզապես որպես մարդ իսկապես ցավելով երեխաների ողբերգական մահվան համար։ Թե՞ ինքն իրեն նույնացրել է ճնշող կողմի՝ անգլիացիների հետ ու իռլանդացի լինելու համար ամաչելուց գրել այս երգը։

Այս հոդվածից տեղեկանում ենք, որ Օ’Ռիորդանն ու իր ընտանիքը, լինելով անկախ Իռլանդիայի Լիմերիքից, իսկապես ոչ մի կապ չեն ունեցել «Անախորժությունների» հետ։ Ունենալով համեմատաբար մեծ ֆինանսական կարողություններ՝ առանձնապես չեն տուժել բրիտանացիների լծից, հետևաբար դժվար է եղել հասկանալ, թե «Անախորժություններն» ինչից են սկսվել։

Այսպիսով, Իռլանդիայի ազգային ազատագրական պայքարը գալիս, կապվում է սոցիալական արդարության համար պայքարին, որը շատ բարդ է հասկանալ այլ դասակարգի իռլանդացու համար։

Լսելով, մտածելով «Զոմբիի» մասին՝ չեմ կարող Հայաստանի հետ զուգահեռներ չանցկացնել ու չհիշել այն խավին, որ անհամբեր սպասում է խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու սահմանների բացմանը, որովհետև «դե ինչքան կարելի է իրար սպանել»՝ անհաղորդ մնալով արցախցիների ու սահմանամերձ գյուղերում ապրողների տառապանքներին, բայց արցունք թափելով յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի համար։

Բայց ընդհանուր առմամբ իռլանդական արվեստի մեջ մխրճված են ազգային ազատագրական թեմաները, ու The Cranberries-ն իր Զոմբիով ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Կան ուրիշ ժամանակակից խմբեր ու երաժիշտներ, որ հարցի հենց իռլանդական կողմին են անդրադառնում, որոնց մասին հետագայում անպայման կգրեմ։ Իռլանդական արվեստը ոտքից գլուխ քաղաքական է, ու ոչ ոք, ի դեպ, նույնիսկ Օ’Ռիորդանն ինքը, չի վախեցել քաղաքական լինելուց։

Իսկ Դուբլինի համերգների արանքում Գոլուեյն էր, որտեղ մեր՝ մանրամասն ծրագրած ճամփորդությունը սկսեց թարս գնալ։ Օձի, փոթորկի ու այլ ապաքաղաքական երևույթների մասին հաջորդ հատվածում։

Շարունակելի

Իռլանդիան յոթ մասից. մաս 2. բլուրներն ու ծովը

Մաս 1. Բարի գալուստ

Գլասթհյուլի մեր տանտիրուհին խորհուրդ տվեց Քիլայնիի բլուրը բարձրանալ։ Ու այն բացառիկ օրը, երբ արևն ավելի շատ էր, քան ամպերը, քայլեցինք Գլասթհյուլից Դոլքիով դեպի Քիլայնիի բլուրը։

Դոլքիի մասին դեռ տասներկու տարի առաջվանից գիտեի, որ Դուբլինի առավել հարուստ արվարձաններից է։ Ասում են՝ Բոնոն ու Էնյան այնտեղ են ապրում։ Ու իսկապես, առանձնատների մոտով անցնելիս կտեսնեիր բարձր պարիսպներ ու տեսախցիկներ։

Երբ հասանք բլրին, մի իռլանդացի մեզ իբր ճանապարհ ցույց տվեց՝ խորհուրդ տալով կոնկրետ ուղով վեր բարձրանալ։ Մի քիչ բարձրացանք, ու իհարկե, տեսականորեն հնարավոր էր այդպես շարունակել, եթե միայն ժայռ մագլցողի բոլոր հարմարանքներն ունենայինք։

Ժայռերը դեպի բլրի գագաթը

Հետ դարձանք, մի քանի հարյուր մետրի փոխարեն ընտրեցինք երկու կիլոմետրանոց ճանապարհը՝ բլրի շուրջ ոլորապտույտ, մինչև հասանք գագաթին։ Ճամփին նստարաններ էին հանդիպում, վրաները՝ տարբեր մարդկանց անուններ։ Սկզբում գուգլում էինք՝ մտածելով, որ ինչ-որ արվեստագետ է կամ այլ հայտնի մարդ։ Հետո հասկացանք, որ սա պարզապես մարդկանց հավերժացնելու միջոց է, ու անուններից ամենահայտնին Բոնոյի աներն էր։

Բոնոյի աներոջ նստարանը

Բլրի գագաթին Նիդեռլանդներից մի հսկայական խումբ էր հավաքվել, ու իրենց վարդագույն շապիկներով տեսարանը փչացնում էին։ Բայց կարողացանք մի քանի անկյուն գտնել ու հիանալ այնտեղից բացվող հրաշալի տեսարանով։

Վերադարձին Դոլքիով անցնելիս հանդիպեցինք մի գրախանութի՝ The Gutter Bookshop։ Այս ճամփորդության համար իմ կարդալիք գրքերի հսկայական տրցակից երեք իռլանդական գիրք էի վերցրել. Էդնա Օ’Բրայանի «Գիշերը», Քոլում ՄաքՔանի «Տրանսատլանտիկը» և Քլեր Քիգանի «Քայլիր կապույտ դաշտերով» ժողովածուն։ «Գիշերն» իմ ընթացիկ գիրքն էր։ Ու չնայած դրան, գրախանութում ինձ դիմավորեց իմ սիրելի իռլանդացի գրողներից Քոլմ Թոբինի նոր «Լոնգ Այլընդ» գիրքը, որը, փաստորեն, «Բրուքլինի» շարունակությունն էր ու լույս էր տեսել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մորթենը գիրքը գնեց ինձ համար, քանի որ ես ինքս ինձ խոստացել էի 2024-ին ոչ մի գիրք չգնել (ու իհարկե, այս խոստումս խախտելու է ճամփորդության հաջորդ օրերին)։ Վաճառողուհին ասաց, որ լավ բռնացրինք, որովհետև եթե մի ժամ հետո գայինք, տպաքանակը սպառված կլիներ։ Ու նաև տեղեկացանք, որ հաջորդ վիքենդին Դոլքիի գրքի փառատոնն էր լինելու, բայց տոմսերի մեծ մասն արդեն սպառված էին։

Դոլքիի գրքի փառատոնի մի հանդիպման տոմսեր, այնուամենայնիվ, հաջողացրինք ձեռք բերել։ Բայց դրան ու նաև Քոլմ Թոբինի «Լոնգ Այլընդին», որը կարդացի հենց ճամփորդության ընթացքում, կանդրադառնամ հետագա գրառումներում։

Այդ օրը երեկոյան գնացինք Դան Լիրի՝ առավել աշխույժ արվարձան, որտեղ փաբ քուիզ էր սպասվում։ Չնայած գտնվելով փաբ քուիզների հայրենիքում, ես ու Մորթենը մեր կյանքի ամենավատ քուիզին մասնակցեցինք։ Վարողն իմիջիայլոց էր, հարցերը կարդում էր, անցնում առաջ։ Մի քանի ռաունդի պատասխաններ ընդհանրապես չկարդաց, միավորներ չհայտարարեց։ Մենակ հաղթող թիմի անունն իմացանք։ Տրամադրություններս ահագին ընկել էր։ Հույս ունեինք՝ հաջորդ օրը մի բան կփոխվի։

Իսկ մեր երրորդ օրը Գլասթհյուլում սկսվեց Սենդիքովի Ջոյսի աշտարակն այցելելով։ Այդ կապակցությամբ Մորթենին տնային աշխատանք էի տվել, որ «Ուլիսեսի» առաջին գլուխը կարդա. հենց այս աշտարակում են տեղի ունենում առաջին գլխի դեպքերը։ Մեզ նույն ջերմությամբ դիմավորեցին, ինչ տասներկու տարի առաջ։ Ո՜վ գիտե, գուցե թանգարանի երկու կամավորներից մեկը հենց նույն կինն էր, որովհետև նորից լսեցի նույն խոսքերը. «Հայերն աշխարհի ամենախելացի ազգն են»։ Ասացին նաև, որ Բլումսդեյին՝ հունիսի 16-ին, երբ «Ուլիսեսի» իրադարձություններն են տեղի ունենում, աշտարակում միջոցառումներ կան, կարող ենք գալ։

Հետո բարձրացանք թանգարան ու մտանք վեպի առաջին գլխի մեջ։

Սենդիքովի աշտարակից հետո Սեդան մեզ վերցրեց, գնացինք ավելի հարավ՝ Բրեյ։ Էստեղ էլ մի հրաշալի բլուր բարձրացանք։ Իհարկե, եղանակը վերադարձել էր իր նորմալ վիճակին. ամպեր ու տեղ-տեղ անձրև։ Բայց վերևից տեսարանն էլի սքանչելի էր։ Ինչպես Քիլայնիից Բրեյն էր երևում, այնպես էլ Բրեյից Քիլայնին տեսանք։

Հետո ոլոր-մոլոր ճամփաներով Սեդան մեզ տարավ Իռլանդիայի ամենահին փաբերից մեկը՝ Ջոնի Ֆոքս, որ նույնպես բլրի վրա էր։ Ու երբ հոգնած տուն վերադարձանք, Գլասթհյուլում մեր վերջին երեկոն անցկացրինք իտալական ռեստորանում ընթրելով ու տանը գիրք կարդալով ու զարմանալով, թե ինչքան արագ ժամանակն անցավ ու ինչքան բան հասցրինք անել։

Հաջորդ օրն ուղևորվեցինք Դուբլին. համերգի օրն էր։

Շարունակելի

Իռլանդիան յոթ մասից. մաս 1. Բարի գալուստ Իռլանդիա

Մեր իռլանդական ճամփորդության հիմնական պատճառը The Smashing Pumpkins և Weezer խմբերի համերգն էր Դուբլինում, բայց որովհետև իմ՝ ամեն անգամ Իռլանդիա մեկնելը վիզայի երկար-բարակ պատմություններ են, որոշեցինք հենց համերգի շուրջ երկար արձակուրդ կազմակերպել։ Ու մեկնեցինք Իռլանդիա երկու շաբաթով։

Համերգից առաջ մի քանի օր պիտի Դուբլինի Գլասթհյուլ արվարձանում անցկացնեինք։ Տասներկու տարի առաջ եղել էի այդ կողմերում՝ Սենդիքովում, որտեղ այցելել էի Ջոյսի աշտարակը։ Մտածում էի՝ մի քանի օր ծովափնյա արվարձանում ես ու Մորթենը կհանգստանանք, ծովում կլողանք, մի բոլ կգրենք ու կկարդանք։

Երբ մտանք Դուբլին, առաջին բանը, որ ուշադրություն գրավեց, նախընտրական պաստառներն էին։ Իռլանդիայում ՏԻՄ ու, ինչպես մնացած ԵՄ երկրներում, Եվրախորհրդարանի ընտրություններ էին։ Մեզ հատուկ հետաքրքրությամբ փորփրեցինք բոլոր կուսակցությունները և իռլանդացիների տրամադրությունները։ Պարզեցինք, օրինակ, որ Իռլանդիայի թիվ մեկ խնդիրը բնակարանային է. մարդիկ ապրելու տեղ չունեն գների խայտառակ աճի պատճառով։ Ծայրահեղ աջ կուսակցությունները, բնականաբար, անմիջապես մեղքը բարդում են իմիգրանտների վրա, իսկ ձախերը մատնացույց են անում ագահ տանտերերին, որոնք անվերջ հարստանալու համար գները բարձրացնում են՝ հաշվի չառնելով, որ շատերը դրսում են մնում։

Այս ամենը հասկանալով՝ մեզ համար պարզ դարձավ նաև, որ Իռլանդիայում Էյրբիընբիով տուն վարձելն էթիկ չէ, քանի որ հենց այդ նույն տանտերերը, որոնք ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ տներ ունեն, օրավարձով տներ են տալիս բանից անտեղյակ տուրիստներին, մինչ տեղացիները փորձում են իրենց բնակարանային խնդիրները լուծել։

Հանդիպեցինք նաև մեզ լավ ծանոթ Քլեր Դեյլիի պաստառին։ Ի տաբերություն մյուսների, առանց նկարի, միայն ազգանվամբ։ Դեյլիին եվրախորհրդարանից շատ լավ գիտեմ, քանի որ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որ բացարձակապես չի վախենում իրերն իրենց անուններով կոչելուց, ու Եվրոպայի բազմաթիվ սոցիալական հարցերի հետ մեկտեղ Ադրբեջանի դեմ կոշտ ելույթ է ունեցել, Պաղեստինի հարցում Ուրսուլա վոն դեր Լեյենին կոչել «Ֆրաու ջենոսայդ», վեր հանել արևմուտքի մասնակցությունը Ուկրաինայի պատերազնում։ Ու հենց այս բոլոր պատճառներով Դեյլիին սևացնելու արշավ էր սկսվել՝ նրա մասին ստեր տարածելով։ Արդյունքում Դեյլին չվերընտրվեց։

Իսկ ընտրություններից դուրս իռլանդական ամառն էր՝ ամպամած, տասնվեց-տասնյոթ աստիճան, քամի, երբեմն անձրև։ Ու միևնույն ժամանակ՝ Գլասթյուլում ու շրջակայքում անելիքներն էնքան շատ, որ մեր կարդալ-գրելու, ծովափին փռվելու ծույլ հանգիստն անմիջապես փոխարինվեց սար բարձրանալու ու նորանոր անկյուններ բացահայտելու ակտիվ հանգստով։

Շարունակելի

Մոդիանոն ու Պորտոն

Պորտոյի մի գրախանութում գրքերն եմ ուսումնասիրում։ Պորտուգալական գրականություն եմ փնտրում մի լեզվով, որ կարող եմ կարդալ։ Պորտոյի գրականություն եմ փնտրում։ Հետաքրքրող վերնագրերը հերթով վերցնում, թերթում, վերադարձնում եմ իր տեղը։ Հասնում եմ ֆրանսերեն գրականության բաժին։ Արդեն պորտուգալականի մասին մոռացել եմ։ Ծանոթ հեղինակների նոր գրքերն եմ վերցնում, թերթում, նորից տեղը դնում։ Պատրիկ Մոդիանոն նոր գիրք ունի. «Անտեսանելի թանաք»։ Բացում եմ գիրքը, կարդում առաջին նախադասությունը. «Այս կյանքում դատարկություններ կան, դատարկ էջեր, որ կարող ես գուշակել բացելով «գործը». երկնագույն կազմով մի պարզ թղթապանակ, որ տարիների ընթացքում խամրել է»։

Շարունակում եմ կարդալ։ Ինձ մոտենում է աշխատողը և անգլերեն հարցնում, թե արդյոք օգնության կարիք ունեմ։ Պատասխանում եմ, որ ոչ։ Երբ հասնում եմ գրքի երկրորդ էջին, որոշում եմ, որ սա է որ կա Պորտոյի գիրքը, գնում եմ գիրքը, դուրս գալիս գրախանութից։

Մոդիանոյի գրքերից շատերը Փարիզում են տեղի ունենում։ Փոփոխվող քաղաքի, անցյալի հուշերի ու հիշողության բացերի, անցած երիտասարդության, ինքնության փնտրտուքի մասին են։ Անցյալը կորցնում է իր մանրամասները, պատառիկներ են, ստվերներ, ուրվականներ, հաճախ ոչ ճշգրիտ, անվստահելի։

Ու հենց էդպիսի քաղաք է Պորտոն։ Անցնում ես լքված տների մոտով ու մտածում՝ ի՞նչ պատմություններ, ի՞նչ հիշողություններ ունեն այս տները։ Ինչ-որ ժամանակ էստեղ մարդիկ են ապրել, արարել, սիրել, իրենց գաղտնիքներ ունեցել։ Ու այս պատմությունները գուցե դեռ ապրում են ոմանց հիշողություններում։ Հենց Պորտոյում է տիրում Մոդիանոյի գրքերի տրամադրությունը։ Փարիզում դա չես զգում։

Իսկ «Անտեսանելի թանաքը» հերթական տիպիկ մոդիանոյական գործն է, որ Մոդիանոն գրել է 2014-ին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո։ Ժամ Այբենը հիշում է երեսուն տարի առաջվա մի չփակված գործ, որով որոնում էր Փարիզից անհետացած մի կնոջ՝ Նոել Լըֆեբվրին։ Այս փնտրտուքները նրան տանում են ֆրանս-շվեյցարական սահման, սեփական անցյալ, սեփական երիտասարդություն ու սեփական հիշողության բացեր։ Հիշատակվում են տարբեր անուններ ու հասցեներ։ Փնտրտուքները հասցնում են Հռոմ, որը չունի տարիք, փոփոխվող չէ, չունի անցյալ ու ապագա, ունի միայն ներկա։ Շատ բաներով «Մութ կրպակների փողոցն» է հիշեցնում, բայց չկա հետպատերազմյան համատեքստը։

Մոդիանոյի կերպարները, ընդհանուր առմամբ, կարծես ժամանակին փորձել են մոռանալ, իսկ հետո ջանք են գործադրել, որ հիշեն։ Հետպատերազմյան տրավմա՞ն է։ Հավանական կոլաբորացիոնիստ հա՞յրը։ Ամեն դեպքում, Մոդիանոն նորից ու նորից է վերադառնում այս թեմաներին, իսկ ես, որպես ընթերցող, նորից ու նորից եմ վերադառնում Մոդիանոյին. իմ առաջ ոչ թե մոռանալու, այլ հիշելու խնդիր է դրված, նախնիներիս, ծնողներիս ու իմ սերնդի հիշողությունները պինդ պահելու, որովհետև ամեն ինչ արվում է, որ մոռանանք։

Նոր տեսակի սոցիալիզացիա

Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ սոցիալիզացիայի շատ քիչ ժամանակ էր թողնում, եղած ժամանակն էլ երկու կես անում Օրհուսի ու Կոպենհագենի միջև։ Մյուս կողմից, ընկերներս էին, որ հերթով հեռացան Դանիայից։ Ու արդյունքում Կոպենհագենում միայն մի կայուն ընկերուհի ունեմ, որը ոչ մի տեղ չի գնալու ու որի հետ ընդամենը երկու-երեք տարի առաջ եմ ծանոթացել։

Իսկ երեք տարի առաջ այս հարցը բարձրացրի Շերոնի մոտ քոուչինգի ժամանակ։ Ասացի, որ երկու քաղաքում ապրելով իրականում ոչ մեկում էլ չեմ ապրում, որ մայրս Հայաստանում է, հայրս՝ Կանադայում, իսկ ես երրորդ մի երկրում, որ մտերիմ կապեր հաստատել, իսկ եղածները պահպանել չեմ կարողանում, ու չգիտեմ՝ ինչ անեմ։

Շերոնն ինձ տնային հանձնարարություն տվեց, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչ էր։ Միայն հիշում եմ, որ հաջորդ հանդիպումը խնդրել էի, որ օնլայն լինի, որովհետև Նորվեգիա էի գործուղվել (այո, ես օնլայն հանդիպումներ ունենում էի համավարակից դեռ շատ առաջ, ու դա ինձ համար բնավ նորություն չէր)։ Այդ հանդիպման ժամանակ պայծառացած ասացի, որ լուծումը գտել եմ։ Հարցին, թե որն է այն, պատասխանեցի. «Ավելի շատ ճամփորդելը»։

Բնականաբար, Շերոնը զարմացավ ու խնդրեց բացատրել. երկու շաբաթ առաջ բողոքում էի գնացքներում չափից դուրս շատ ժամանակ անցկացնելուց։Բացատրեցի, որ ավելի շատ ճամփորդելով ես կարողանում եմ տեսնել տարբեր ժամանակների ընկերների, որ Եվրոպայում ու գուցե նույնիսկ աշխարհում մեծ քաղաք չկա, որտեղ գոնե մի հոգու չիմանամ, որ ուր գնում եմ, անպայման էնպես եմ անում, որ հանդիպեմ ծանոթ մարդուն։ Կարծեմ Նորվեգիայից առաջ էլ Դուբլինում էի եղել ու Սեդային հանդիպել, իսկ ամիսներ անց Պրահա էի մեկնելու, որտեղ Ա.-ին կտեսնեի։ Դրանից ոգեշնչված էի այդ եզրակացության եկել։ Շերոնը շնորհավորեց, որ լուծում եմ գտել, ու այդքանով մեր հանդիպումներն ավարտվեցին։

Բայց այն ժամանակ դեռ չգիտեի, որ դա պարզապես իմ կյանքի նոր նորմալն է դառնալու, որ մարդկանց հետ մտերիմ հարաբերություններ հաստատելու ունակությունս լրիվ կորցնելու եմ, ու շփումները սահմանափակվելու են իմ կամ նրանց՝ միաժամանակ որևէ աշխարհագրական դիրքում գտնվելով։ Այդ հանդիպումներն անցնելու են ջերմ ու մտերմիկ, առանց որևէ լարվածության, առանց վեճերի ու անհամաձայնության, ավարտվելու են «մինչ հաջորդ հանդիպում» մաղթանքով՝ շատ լավ իմանալով, որ հաջորդ հանդիպումը ամիսներ կամ գուցե տարիներ անց է լինելու։ Չգիտեի, որ գրեթե բոլոր տեսակի տեսազանգերին ու չաթերին հրաժեշտ եմ տալու (Մայայի ու Ա.-ի հետ մեր խմբային չաթը միակն է, որ հաճախ է թարմացվում)։ Չգիտեի նաև, որ հատկապես Հայաստանում շփումներս են էդպիսին դառնալու (հատկապես պատերազմից հետո). գալու եմ Հայաստան, հանդիպեմ հատուկենտ մարդկանց, ոմանք՝ մտերիմներ, ոմանք՝ էնպիսիք, որոնց հետ շատ չեմ շփվել կամ նոր եմ ծանոթացել, հետո գնամ, հետները գրեթե չշփվեմ մինչև հաջորդ այցելությունս։

Էս ամենի մասին մտածեցի վերջերս, մտածեցի, երբ աուդիոգրքի ծրագիրս չէր աշխատում, ու Մոնրեալի փողոցներով թափառում էի առանց որևէ բանի վրա կենտրոնանալու։ Մտածեցի Նաստյային, Լիաննային ու Նազիկին հանդիպելուց հետո. նրանցից մեկին առաջին անգամ, երկուսին՝ մի քանի տարին մեկ տարբեր քաղաքներում։ Ու բոլոր երեքի հետ էլ անչափ հաճելի ժամանակ անցկացնելուց հետո։

Իմ կյանքը սա է. ընտանիքիցս դուրս ես չունեմ մտերիմ հարաբերություններ, բայց աշխարհով մեկ ցրված շատ են մարդիկ, որոնց ուզում եմ հանդիպել, զրուցել հետները, իմանալ՝ ինչպես են, ինչ են մտածում, ուր են հասել, իսկ հետո նորից հանդիպել ամիսներ կամ տարիներ անց, նույն քաղաքում կամ ուրիշ տեղ, նորից նույն հարցերը քննարկել։

Դանիան կորոնակիսամյակին ընդառաջ

Այս տողերը սկսում եմ գրել Դանիայի Օրհուս քաղաքի «փափուկ լոքդաունի» պայմաններում, երբ մեզ՝ Օրհուսի համալսարանի աշխատողներիս, երկու շաբաթով, հետո ևս երկու շաբաթով տուն ուղարկեցին՝ էդպիսով կիսամյակի սկիզբն անորոշության մատնելով։ Ու տողերս գրելու ընթացքում Օրհուսի քաղաքապետը հայտարարում է ռիսկի նվազման մասին ու նախատեսվածից մեկ շաբաթ շուտ մեզ թույլ տալիս աշխատավայր վերադառնալ. ուրեմն կիսամյակը նորմալ սկիզբ կունենա։

Վերևում նկարագրածն այս տարվա աշնանային կիսամյակի անորոշության ու շիլաշփոթի ընդամենը մի փոքր մասն է ներկայացնում։ Դեռ հունիսից ամեն օր մի նոր հրահանգ, նոր որոշում է գալիս, ու դասախոսներս պիտի անընդհատ փոփոխենք մեր ծրագրերը, հարմարվենք նորին։ Իսկ ինձ նման աշխատավայրից 200 կմ այն կողմ ապրողի համար էսպիսի անորոշությունը լրացուցիչ բարդություն է. ես պետք է հստակ ծրագրեմ, թե որ օրերին որ գնացքով եմ գնալու Օրհուս, քանի գիշեր եմ այնտեղ մնալու ու երբ եմ վերադառնալու։

Nobelparken Arts | Aarhus Universitet: Arts

Սկզբում խոսակցություններ էին պտտվում, թե ամբողջ կիսամյակն առցանց է լինելու։ Ավելի ուշ մեզ լղոզված հրահանգ եկավ, որ պատրաստվենք սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի պայմաններում դասավանդելուն՝ պատրաստ լինելով, որ սահմանափակումները կարող են լրիվ հանվել կամ ուսուցումը կարող է լրիվ առցանց դառնալ։ Հետո նաև ստացվեցին լսարանների տվյալները, թե սոցիալական հեռավորություն պահպանելու դեպքում որ լսարանը քանի ուսանողի կարող է ընդունել։ Իսկ որ ամենավատն էր, լսարան ամրագրող կառույցը կտրականապես մերժում էր լսարանային որևէ փոփոխություն. առարկայիդ համար այս օրն ու ժամն է տրված, կա՛մ պիտի հարմարվես, կա՛մ ուրիշ լուծում գտնես։ Հարմարվել կնշանակի, որ ուսանողներիդ թիվը լսարանի տարողունակության չափ է կամ դրանից քիչ։ Ուրիշ լուծումն առցանցն է, որովհետև այլ դասախոսների հետ պայմանավորվել, լսարաններով փոխանակվել չի թույլատրվում։ Մի ուրիշ լուծում է մեկուկես ժամանոց դասախոսությունը կրճատել, քառասունհինգ րոպեանոց դարձնել և կարդալ երկու անգամ՝ սկզբում կուրսի մի կեսի, հետո մյուս կեսի համար։ Բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին առավելություն է տրվելու, ու նրանց ուսումը հնարավորինս առկա է կազմակերպվելու։

Այս պայմաններում բավական քիչ էին այնպիսի լսարանները, որտեղ ուսանողները տեղավորվում էին սոցիալական հեռավորության պայմաններում, հետևաբար փաստացիորեն լիարժեք առկա ուսուցում կազմակերպելն ահնար էր դառնում։ Ուսանողների ու դասախոսների բազմաթիվ բողոքներից հետո մինչև 30 հոգանոց կուրսերի դեպքում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու, այսինքն՝ մինչև 30 հոգանոց կուրսերը կարող են հանգիստ իրենց դասերն անցկացնել նախատեսված լսարաններում, բայց եթե կուրսում թեկուզ 31 հոգի կա, ուրեմն պետք է հաշվի առնել սոցիալական հեռավորությունը։

Այս կիսամյակ երկու առարկա եմ դասավանդելու. ճանաչողական սեմիոտիկայի (cognitive semiotics) մագիստրատուրայի առաջին կուրսում սոցիալական ճանաչողություն (social cognition) և ճանաչողական գիտության (cognitive science) բակալավրի երկրորդ կուրսում էքսպերիմենտալ մեթոդներ 3։ Առաջին առարկայի դեպքում ամեն ինչ շատ սիրուն տեղավորվում է պահանջների մեջ. 14 ուսանողի տարողությամբ լսարան, կուրսում 14 հոգի, ոչ մի խնդիր։ Երկրորդի դեպքում կուրսում 53 ուսանող է գրանցված։ Դասախոսության լսարանն ավելի փոքր տարողություն ուներ։ Բոլորի կյանքը հեշտացնելու համար առաջարկեցի նախապես տեսագրված կարճ դասախոսություններ ու դրանց հետ զուգակցված առցանց վարժություններ՝ Զումով կենդանի դասախոսությունների փոխարեն։ Տեսագրված դասախոսությունները, ի դեպ, երկար ծանրութեթև արած մանկավարժական ընտրություն է, որ թեև իմ աշխատանքը մի քիչ բարդացնելու է, բայց օգնելու է ուսանողներին. նրանցից շատերը չունեն արագ ինտերնետ, ու Զումով չեն կարող կտրտված ձայնով հետևել։ Երկար առցանց դասախոսության դեպքում ուշադրությունը կարող է շեղվել, կարևոր մասերը բաց թողնեն։ Իսկ տեսագրված կարճ դասախոսությունը կարող են ուզածի չափ դիտել, դադարներ տալ, լրացուցիչ ժամանակն օգտագործել առաջադրանքները կատարելու համար։

Էքսպերիմենտալ մեթոդաբանություն 3֊ը նաև գործնականներ ունի, որտեղ ուսանողները կիսվում են երկու մասի։ Այս դեպքում ունենում ենք 30֊ից փոքր խմբեր 27 հոգի տարողունակությամբ լսարանում, հետևաբար նորից խնդիր չի լինում։ Գործնականները հատկապես կարևոր են լսարանում կազմակերպելը, որովհետև առարկան լրիվ կոդ գրելու վրա է հիմնված, ու ուղղություն ցույց տալն ու խնդիրներ հայտնաբերելն ավելի հեշտ է, երբ ուսանողի հետ անձամբ ես հաղորդակցվում։

Թվում է՝ կիսամյակն ինձ համար գոնե կազմակերպված է, ամբիոնի վարիչը հաստատել է որոշումներս, ու մնում է միայն դասերը պատրաստելը։ Բայց Օրհուսը դառնում է Դանիայում կորոնավիրուսի նոր օջախ, նոր սահմանափակումներ են մտցվում՝էդպիսով ամեն ինչ շատ անորոշ դարձնելով։ Մյուս կողմից, ճանաչողական գիտության երկրորդ կուրսի ուսանողները բողոքում են առցանց ուսուցման դեմ, որ թե նախորդ կիսամյակ ոչինչ չեն սովորել, որ առցանցը կրթություն չէ և այլն։ Ու նորից ընկնում ենք, սկսում լուծումներ փնտրել՝ վերադառնալով հենց սկզբնական մոդելին, որովհետև, միևնույն է, լսարաններ ամրագրող կառույցն անսասան է, ու ավելի մեծ լսարան մեզ չի առաջարկի։

Չնայած սահամնափակումներին, հայտարարվում է, որ մենք կարող ենք աշխատանքի գնալ միայն դասավանդելու նպատակով։ Էջերով նորանոր նամակներ ու կանոններ ենք ստանում համալսարանի ղեկավարությունից. ամեն դասից առաջ ու հետո պետք է լսարանն օդափոխել, պետք է հետևել, որ ուսանողները ձեռքերը և իրենց շրջապատը մաքրեն մաքրող հեղուկով։ Դասախոսների պատասխանատվությունն է նաև հետևելը, որ լսարաններում մաքրող հեղուկ կա։ Հիվանդ ուսանողները տանն են մնում (ինչպես նաև մեկուսացվում է նրանց 30 հոգանոց խումբը)։ Հաճախումները որպես պարտադիր պայման վերացվում է։ Մեզ նաև կորոնավիրուսի ժամանակ լսարանում ճիշտ վարքի սլայդներ են ուղարկում, որ դասի ժամանակ ուսանողներին ցույց տանք։

Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, նախատեսում եմ, որ վաղը կնկարահանեմ առաջին դասախոսությունս ու կտեղադրեմ մեր առցանց հարթակում, հինգշաբթի դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կհասնեմ Օրհուս ու երկու խմբերին էքսպերիմենտալ մեթոդներ 3֊ի գործնականը կդասավանդեմ, ուրբաթ առավոտյան՝ սոցիալական ճանաչողությունը։ Օրվա երկրորդ կեսին կմիանամ գործընկերներիս հետ գրելու ակումբին, որտեղ մի երեք ժամ գիտությամբ կզբաղվեմ, հետո դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կվերադառնամ Կոպենհագեն։ Բայց հաշվի առնելով, թե ինչքան արագ է ամեն ինչ փոխվում վերջին ամիսներին՝ չգիտեմ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրածիս որ մասն իրականություն կդառնա։

Երկրորդ ալիք․ Օրհուսը կորոնայի ժամանակ

Վերջին հինգ ամսվա մեջ առաջին անգամ մտնում եմ գրասենյակս, որ աշխատեմ։ Ոչինչ չի փոխվել. գրասեղանիս մի անկյունում կարդացված֊չկարդացված հոդվածներն են, սուրճի բաժակս ուղիղ էկրանի դիմաց, ասես հինգ րոպե առաջ էի դուրս եկել, գունավոր գրիչներս գրասեղանով մեկ շաղ տված։ Շոգ է։ Բացում եմ պատուհանը։ Այս հինգ ամիսների ընթացքում երևի ոչ ոք չի օդափոխել գրասենյակը։ Մինչև ուրբաթ կաշխատեմ գրասենյակումս, կվերադառնամ Կոպենհագեն ու հաջորդ անգամ Օրհուս ոտք կդնեմ մեկ էլ սեպտեմբերի 3֊ին՝ «էքսպերիմենտալ մեթոդներ 3» դասընթացի առաջին գործնական պարապմունքն անցկացնելու։

Կոլեգաներիս եմ տեսնում։ Միասին լանչ, սուրճ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ էս բոլորն օնլայն չէ։ Ինչ հունիսի սկզբից համալսարանը բացվել էր, նրանք բոլորը վերադարձել էին իրենց գրասենյակներ, սուրճը տեղափոխվել է իրական կյանք, իսկ ես շարունակում էի տնից աշխատել՝ զրկվելով սուրճի ընդմիջումներից։ Առաջվա պես զավզակում ենք, ու դա ավելի շատ հիշեցնում է մարտի մեր աշխատանքային վերջին օրը, երբ կորոնավիրուսի մասին սև կատակներ էինք անում, որ ճնշող մթնոլորտը ցրենք։

Իսկ Օրհուսում կյանքը եռում է։ Դանիայում վերջապես ամառ է եկել, ու բոլորը դրսում են՝ այգիներում, սրճարաններում կամ ջրանցքի ափին, իրար գլխի լցված, ասես ոչինչ չի պատահել։ Միայն ժամանակ առ ժամանակ դիմակներով անցորդների կտեսնես. մի բան, որ Կոպենհագենում խիստ հազվադեպ է հանդիպում։ Դանիայում դիմակ կրելը պարտադիր չէ, խորհուրդ է տրվում միայն հասարակական տրանսպորտում, միայն այն դեպքում, երբ մեկ մետր հեռավորություն պահպանելը հնարավոր չէ։ Դրա համար Կոպենհագեն֊Օրհուս լեփ֊լեցուն գնացքի մեր վագոնում միայն երկու հոգով էինք դիմակով։

Իսկ թվերն աճում են։

Երեկոյան Ագաթայի հետ գնում ենք գինի խմելու։ Հունվարից էս կողմ չէինք հանդիպել։ Արմունկով բարևում ենք իրար. Դանիայում բարևելու նոր ձև է գրկախառնվելու ու ձեռքսեղմման փոխարեն։ Արմունկը ֆիզիկապես լինելով ձեռքի ու ուսի արանքում՝ ֆորմալության առումով նույնպես ընկերականի ու գործնականի արանքում է։ Ընկերների հետ խիստ պաշտոնական է թվում, աշխատավայրում նոր ծանոթությունների դեպքում՝ խիստ մտերմիկ։

Նարնջագույն լուսին

Ես ու Ագաթան նստում ենք ջրի ափին՝ մեր միջև մեկ մետր հեռավորություն, մի շիշ սպիտակ գինի, թղթե բաժակներ, ձեռքերն ախտահանելու հեղուկ ու դիմակներ։ Զրուցում ենք ժամերով կորոնայի ժամանակներից, ինքնամեկուսացումից, մեր կյանքի նոր դրամաներից, որոնցից երկուսս էլ զերծ չէինք մնացել, դանիացիներից ու արձակուրդից։ Մեր աչքի առաջ մութը կամաց֊կամաց ընկնում է։ Երբեմն֊երբեմն նավեր են մոտենում, ու ափին զարկվող ալիքներ են առաջանում։ Հետո հայտնվում է նարնջագույն լուսինը ու դիմացի վերամբարձ կռունկների լույսերին խառնվում։ Լուսինն աչքներիս առաջ բարձրանում է վեր, ցրտում է։ Կուրտկաների մեջ կծկված՝ ես ու Ագաթան քայլում ենք դեպի քաղաք։ Ինքը նույն տանն է ապրում, ես՝ նախկինից մի քիչ վերև, մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ։

Դանիայում թվերն աճում են։ Թվերն է՛լ ավելի արագ աճում են Օրհուսում։ Մարդիկ մեղավորներ են փնտրում. ֆուտբոլ, համալսարանի քաղաքագիտության ամբիոնի քեֆ, սոմալի հայտնի մեկի թաղում։ Իսկ քաղաքում կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել։ Երկաթուղային ընկերությունը որոշում է նստատեղի տոմսի պահանջը հանել, ինչը նշանակում է, որ գնացքում կարող են լինել ավելի մեծ թվով մարդիկ, քան նստատեղ կա։ Մյուս շաբաթվանից ուժի մեջ էր մտնելու նաև վերաբացման չորրորդ փուլը, ինչը նշանակելու էր, որ համալսարանները լիարժեք բացվում են, գիշերային ակումբներն ու բարերը կեսգիշերից հետո աշխատելու են, հարյուրից ավելի մարդկանցով հավաքները թույլատրվելու են։

Ես ամեն օր գնում եմ աշխատանքի ու նկատում, թե ինչպես ենք մենք բոլորով կանոնները խախտում՝ հավաքվելով սենյակներում, որտեղ չպետք է լինենք, նստում աթոռների, որոնց չպետք է նստենք, թույլ տալիս, որ վերելակով մեզ հետ ևս մի հոգի բարձրանա։ Անընդհատ ստուգում եմ լուրերը՝ վախենալով, որ ուր որ է Օրհուսը կփակեն, կմնամ այստեղ։ Ճիշտ այնպես, ինչպես հինգ ամիս առաջ էի վախենում ու աշխատանքի գնում այնպես, որ կարողանայի վերջին հնարավոր գնացքը նստել ու հասնել Կոպենհագեն։

Չորեքշաբթի օրը գնում եմ լողավազան, հետո հանդիպում կին գրողների խմբին. հունիսից էս կողմ չէինք տեսնվել։ Գլուխս անտանելի ցավում է։ Վերագրում եմ շոգին ու ջրազրկմանը։ Հասնում եմ մաթեմատիկայի ամբիոնի իմ սենյակ, պառկում բազմոցին ու մինչև առավոտ քնում՝ընթացքում մտածելով, որ եթե կորոնավիրուսից լինի, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ Օրհուսում երկու շաբաթ մեկուսանալու, երբ ընդամենը չորս օրվա պատրաստությամբ եմ եկել ու սենյակը միայն չորս օրով վարձել։ Առավոտյան գլխացավս անցած է լինում։

Հինգշաբթի օրը Օրհուսի քաղաքապետը մամլո ասուլիս է տալիս ու հայտնում, որ քաղաքում երեք տարածք, որտեղ մարդիկ սիրում են հավաքվել արևոտ եղանակին, ոստիկանության միջամտությանն են ենթարկվելու։ Թվերը շարունակում են աճել։ Հայտարարվում է, որ սեպտեմբերից համալսարանների կամպուսներում դասեր լինելու են անկախ ամեն ինչից։

Մաթեմատիկայի ամբիոնի տանիքի տակ

Ուրբաթ օրը Դանիայի կառավարությունը հատուկ Օրհուսի համար սահմանափակումների խորհուրդ է տալիս. գիմնազիաների դասերը երկու շաբաթով հետաձգել, հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնարավորինս տանից աշխատել։ Մեզ նամակ է գալիս, որ սեպտեմբերից լսարաններում երեսունից պակաս ուսանողներից բաղկացած խմբերում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու։

Երեկոյան արդեն Օրհուս֊Կոպենհագեն գնացքում եմ։ Գրեթե բոլորը դիմակով են։ Տոթ է։ Հազիվ ենք շնչում։ Երբեմն թվում է՝ օդի պակասից ուշքդ կգնա։ Տեսնես Հայաստանում ամբողջ ամառ ու ամեն տեղ դիմակով ո՞նց են դիմանում։ Համալսարանի ղեկավարությունից նամակ է գալիս, որ առաջիկա երկու շաբաթը տնից աշխատենք։ Իսկ ես տան ճամփին եմ, ես էդպես էլ նախատեսել էի։ Ուրեմն երկուշաբթի օրվանից նորից Զումում ենք սուրճ խմելու, եթե, իհարկե, գործընկերներս չորոշեն կանոնը խախտել։

Թվերն աճում ու աճում են։

Տեսնես սեպտեմբերի 3֊ին լսարան կմտնե՞մ։

Բերգենը կորոնայի ժամանակ

Երբ հունվարի վերջին վերադառնում էի Բերգենից, կոկորդս բորբոքված էր, հազում էի ու փռշտում էի։ Այն ժամանակ կորոնան դեռ նոր-նոր էր հայտնվում, ու չգիտեի՝ սեզոնային սուր շնչական վարա՞կ էր, թե՞ ԿՈՎԻԴ-19։ Այն ժամանակ դեռ աշխարհն իր բնականոն հունով էր գնում, ու մտքիս ծայրով էլ չէր անցել դիմակ կրել, չվերթս հետաձգել կամ ինքնամեկուսանալ։ Բաժակը բաժակի հետևից տաք թեյ էի դատարկում, ու միակ ուզածս շուտ տուն հասնելն ու անկողին մտնելն էր։

Բերգենում բոլոր մայրամուտներն էին սիրուն։ Տեսարան մեր փողոցից կեսգիշերից քիչ առաջ

Հետո եկան կորոնայի ժամանակները, իրար հաջորդող իրար նման օրերը, տնից դուրս չգալու ու տնից աշխատելու ճոխությունը, ու Բերգենը դարձավ իմ առօրյայի անբաժանելի մասը․ գրեթե ամեն օր Բերգենի իմ սիրելի յոգայի ստուդիայում Զումով կամ տեսագրությամբ յոգա էի անում։ Ու երբ կորոնայի հետ Կոպենհագենն իր տափակ տեղանքով գնալով ավելի խեղդող դարձավ, երբ պարզ դարձավ, որ մոտ ժամանակներս ոչ մի պետություն Հայաստանի հետ սահման չի բացելու, հենց հայտարարվեց, որ Դանիան Նորվեգիայի հետ սահմանները բացում է, Կոպենհագեն-Բերգեն ուղիղ չվերթի տոմսերը գնվեցին։

Այդ օրվան երկար էինք սպասում։ Չվերթը շատ ուշ ժամի էր․ ամբողջ օրն առջևում էր։ Մինչև օդանավակայան մեկնելը լիքը բան պիտի հասցնեինք։ Բայց նախաճաշին նկատեցի, որ մեր չվերթը չեղարկվել է։ Արագ կապվել ավիաուղիների հետ, նոր չվերթ ամրագրել, ինչը նշանակում էր, որ ուղիղ վեց ժամ ավելի շուտ էինք մեկնելու, նշանակում էր, որ նախաճաշից հետո ընդամենը երկու ժամ ունեինք օդանավակայան հասնելու համար։

Կոպենհագենի օդանավակայանում ու ինքնաթիռում դիմակները պարտադիր էին։ Ես չգիտեմ՝ Հայաստանում ոնց են մարդիկ հերոսաբար ժամեր շարունակ կրում այդ դիմակները, որովհետև մենք գումարային ընդամենը երեքուկես ժամ դիմակ կրելուց հետո արդեն խեղդվում էինք․ հենց Բերգենի օդանավակայանից դուրս եկանք, դիմակները հանեցինք ու խորը շունչ քաշեցինք։ Բերգենի օդը մաքուր էր, իսկ մենք կարոտել էինք մաքուր օդը։

Ես ու քաղաքը միասին

Քաղաքը հենց այն էր, ինչ ուզում էի․ լեռներ, առուներ արշավներ, բայց նաև քաղաքային աշխույժ կյանք ու սկանդինավյան երկար ամառային գիշերներ, յոգայի դասեր։ Ու որպես բոնուս մեր՝ այնտեղ գտնվելու օրերին անձրև ահագին քիչ եկավ, իսկ դա եզակի բան է Բերգենի համար։ Այստեղ անձրևն այնքան սովորական է, որ բնակիչները քայլում են հսկայական հովանոցները թևի տակ դրած, որ անհրաժեշտության դեպքում արագ բացեն՝ հաճախ նույնիսկ չնկատելով դրա ծանրությունը։

Բերգենն իմ հայկական ինքնության ու դանիական կյանքի մի յուրահատուկ խառնուրդ է․ օտար երկիր է, բայց լեզուն ու վարքուբարքը ծանոթ են, կարողանում եմ դանիերեն հաղորդակցվել տեղացիների հետ, բայց մյուս կողմից էլ լեռներ կան, անտառներ կան, ու դրանք Հայաստանն են հիշեցնում։

«Դիլիջան»

Մենք մեր օրերն անցկացնում էինք սարերը բարձրանալով ու նկատելով, որ ոնց որ Դիլիջանում լինենք։ Այն օրերին, երբ սար չէինք բարձրանում, քաղաքում էինք թափառում, մայրամուտներ նայում, գրախանութներ այցելում։ Հասցրի երկու անգամ յոգայի գնալ։ Ինգվիլդն այս անգամ կարիք չուներ հիշողությունը փորփրելու, որ ինձ հիշի․ կարանտինի միջով ամենատարօրինակ կերպով միասին ենք անցել, իսկ կարանտինի ընկերակիցներին չեն մոռանում։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե ինչու են Նորվեգիայում կորոնավիրուսի թվերն ավելի փոքր, քան Դանիայում, ապա պարզապես պետք է մեկ անգամ ոտք դնել այնտեղ։ Թեև զգուշավորության կանոններն ընդհանուր առմամբ Դանիայում ու Նորվեգիայում նույնն են, Նորվեգիայում մարդկանց վարքը խիստ տարբեր է․ այնտեղ բավական լուրջ են ընդունում բոլոր կանոնները, ի տարբերություն Դանիայի, որտեղ շատերն իրենց էնպես են պահում, ասես կորոնան չի էլ եղել։ Բերգենում մարդիկ պարտադիր հերթերում հեռավորություն էին պահում։ Շատ սրճարաններ միայն QR կոդով մենյուներ ունեին, ու սրճարանում նստած ժամանակ առցանց էիր պատվիրում։ Էդպիսով մատուցողների հետ շփումը նվազագույնի էր հասցված։ Յոգայի ստուդիայում Ինգվիլդը խիստ հետևում էր, որ բոլորը ձեռքերը լվանան դասից առաջ, գորգիկների համար գծանշված տարածքներ կային, հանդերձարանը չէր գործում, բոլորը պիտի սեփական գորգիկներով գային, Ինգվիլդը ներկաներից ոչ մեկին չէր մոտենում, ուղղումներ չէր անում։ Էս բոլոր կանոնները թեև Կոպենհագենի յոգայի ստուդիաներում էլ կան, բայց իրականում ամբողջությամբ չեն գործում։

Նորվեգիայի չքնաղ բնությունը

Էս ամենի արդյունքում Բերգենում նաև ապահովության զգացում կար։ Ու խաղաղություն կար։ Ու չէինք ուզում էնտեղից հեռանալ։ Ու գիտեմ, որ ամառային Բերգենը խաբուսիկ չէ, որ հենց էնպես չեմ ասում, թե էնտեղ կապրեի, որովհետև Բերգենում եղել եմ նաև ամենացուրտ ու ամենամութ ժամանակ, եղել եմ ամենաանձրևոտ ժամանակ ու, միևնույն է, կապրեի էնտեղ։

Վերջին օրը չվերթից առաջ․ նավարկում ենք Նորվեգիայի արևմտյան ափի ֆյորդներով ու անցնում խայտառակ սիրուն տեղերով

Մեր վերադարձի չվերթն էլ էր չեղարկվել, բայց մինչ կհասցնեինք որևէ բան անել, մեզ համար Օսլոյով չվերթ էին ամրագրել, որը փոխել չկարողացանք։ Ճանապարհին երազում էինք, որ Բերգեն-Օսլոն կամ Օսլո-Կոպենհագենը չեղարկվի կամ Բերգեն-Օսլոյից չհասնենք մեր հաջորդ չվերթին, որ մի օր էլ մնանք Նորվեգիայում, մի օրով էլ երկարացնենք արձակուրդը։ Առաջին անգամ տուն գնալ չէինք ուզում։

Բայց Բերգենով ավարտվեց մեր ամառային արձակուրդը։ Իսկ Հայաստանը մնաց մյուս անգամ։ Տեսնես ե՞րբ։

Վայլե․ ամառային փաթեթ

Դեռ ամառվա սկզբին մենք իմացանք, որ մեծ մասամբ Դանիայում փակված ենք մնալու, ինչն անսպասելի չէր։ Կորոնավիրուսի համավարակը հաջողությամբ հաղթահարած Դանիայի կառավարությունն անցնում էր տնտեսությունն աշխուժացնելուն, ու փակ սահմանների պատճառն ավելի շատ ոչ թե վարակի տարածումը կանխելն էր, այլ դանիացիների՝ արձակուրդներին ծախսած փողերը Դանիայի ներսում պահելը։ Հետագայում, իհարկե, բացվեցին սահմանները, բայց դանիացիներից շատերն արդեն ծրագրել էին արձակուրդը երկրի ներսում անցկացնել։ Իսկ պետությունն աջակցում էր բնակիչներին ամառային փաթեթի տեսքով․ ուսանողներին, թոշակառուներին ու մնացած ցածր եկամուտ ունեցողներին միանվագ 1000 կրոն (մոտ 74 000 դրամ) «պաղպաղակի ու սուրճի» փող, հասարակական տրանսպորտի՝ մեկ շաբաթ անսահմանափակ ողջ պետության տարածքով մեկ կիրառելիությամբ էժան տոմսեր, թանգարանների ու այլ զվարճանքի վայրերի տոմսերի կես գին։

Վայլեի նավահանգիստը մայրամուտին

Մենք էլ որպես մեր չեղարկված չվերթներից հոգնած ու ամիսներ շարունակ տանը փակվածներ ձեռք բերեցինք տրանսպորտի տոմսերից ու հետո սկսեցինք մտածել՝ ուր գնանք։ Ես, որ քաղաքի մարդաշատությունից ու սարերի բացակայությունից անընդհատ նվնվում էի, դեմ չէի նորից Վայլե գնալ (առաջին անգամվա մասին՝ Կորոնաֆուտբոլում)։ Մորթենը, որ մինչև երկու տարեկան Վայլեում է ապրել ու անթիվ-անհամար ամառային արձակուրդներ անցկացրել այնտեղի տատիկ-պապիկի մոտ, նույնպես դեմ չէր Վայլե գնալ։ Իսկ խայտառակ եղանակի պատճառով նորից ու նորից Դանիայի ավելի հեռուները հասնելը հետաձգվեց մինչև հաջորդ առիթ։

Վայլեն Մորթենի հետ լրիվ ուրիշ էր՝ Օրհուսի գրող կանանց համեմատ։ Վերջինիս դեպքում մենք բոլորս օտար էինք այնտեղ ու քչփորում էինք քաղաքն իսկական տուրիստների պես, իսկ Մորթենը գիտեր քաղաքի ամեն ծակուծուկը, նրան քարտեզներ պետք չէին այս կամ այն տեղը հասնելու համար։ Ու թերևս Վայլե կատարած երկու ճամփորդություններին միավորում էր միայն մի բան․ այն տունը, որ էյրբիընբիով վարձել էինք գրող կանանցով, նույն շենքում էր, որտեղ Մորթենն ապրել էր ծնողների հետ մինչև երկու տարեկան։ Դա հասկացանք միայն այն ժամանակ, երբ Մորթենն ինձ այդ տան մոտ տարավ։ Զարմացած նայում էինք շենքին ու մտածում՝ հավանականությունն ինչքան էր, որ հենց այդ շենքում կհայտնվեինք գրող կանանցով։

Վայլեում, ինչպես և Կոպենհագենում, կորոնավիրուսը հիշեցնող միակ տարրերն ամեն խանութի ու սրճարանի պատուհաններին փակցված ցուցանակներն էին՝ հինգ կանոններով, որ արդեն անգիր գիտենք, ու մուտքերի մոտ տեղադրված ձեռքերի ախտահանիչ միջոցները, որ ամեն տեղ մտնելիս արդեն սովորություն է դարձել հայացքով գտնելն ու գործածելը։ Երբեմն-երբեմն դիմակներով հատուկենտ մարդիկ են անցնում, բայց առայժմ դիմակները հիմնականում դեղատներում են։

Մենք գնացինք Վայլեի բլուրն ի վեր, որտեղ Մորթենի տատիկ-պապիկի տունն էր։ Մորթենը մի ուղղաձիգ վերելք էր հիշում, որ բարձրանալիս «քիչ է մնում՝ մեջքի վրա ընկնես»։ Մորթենը մի հսկայական սար էր հիշում, որ բարձրանալիս անընդհատ կանգնում ու շունչ ես քաշում։ Ես ծիծաղում էի, որովհետև Դանիայի ամենաբարձր կետը 171 մետր է ու Վայլեում չէ։ Ծիծաղում էի ու պնդում, որ Դանիայում չկա բարձրություն, որ Բաղրամյանի դիքից դժվար լինի հաղթահարելը։

Երբ անցանք ուղղաձիգ ճանապարհով ու րոպեներ անց բլրի գագաթին էինք՝ առանց շնչակտուր լինելու ու մեջքի վրա ընկնելու, Մորթենը սկսեց պնդել, որ այն ժամանակ իսկապես մեծ էր բլուրը ու դժվար հաղթահարելի։ Մեր մանկական հիշողություններն են, որ պստիկ բլուրը որպես հսկայական սար է պահպանում, նեղլիկ առվակը՝ անանցանելի գետ։

Բլուրն ի վեր

Տունը նույնությամբ մնացել էր այնտեղ, բայց ուրիշ մարդիկ էին ապրում։ Մենք քայլեցինք անտառներով, հասանք մորու թփերին, որոնք այնքա՜ն պարզ էր Մորթենը հիշում։ Բայց սեզոնը չէր, ու միայն ծաղկած թփեր տեսանք, չկարողացանք տռզելու չափ մորի ուտել, ինչպես երեխա ժամանակ Մորթենն էր անում ամեն ամառ։ Չկային նաև անտառում ազատ վազվզող շներ․ հիմա արդեն շները տերերին կիպ կպած էին ու թոկով էին։

Տարիների ընթացքում Վայլեում նոր բաներ են ավելացել։ Օրինակ, 120 տարի նույն տեղում գտնված հացի փուռը տեղափոխվել է ուրիշ տեղ։ Կառուցվել է նաև դանիացի-իսլանդացի արվեստագետ Օլաֆուր Էլիասոնի նախագծած Ֆյորդատունը՝ ջրի մեջ վեր խոյացող մի կառույց, որի ստորին հարկում ջուրն ազատ ելումուտ է անում ու պատկերներ ստեղծում։ Կենտրոնական փողոցում բացվել է նաև մի սրճարան, որը հայտնի է իր բարձրորակ սուրճով ու պոեզիայի գործարանով։ Այնտեղից կարող ես ձեռագիր կամ մեքենագրված բանաստեղծություններ գնել կամ որոշակի ժամերի մոտենալ ու լսել Վայլեի պոետների կարդացած պոեզիան, որ այնքան բարձր է հնչում, որ լսվում է կենտրոնական փողոցի բոլոր հատվածներում։

Սրճարանում բանաստեղծություններ մեքենագրողները

Վայլեն փոքր քաղաք է։ Մեկ օրը լրիվ հերիք է ամեն ինչ տեսնելու համար։ Հիշողություններ ու պատմություններ են պետք այնտեղ ավելի երկար մնալու համար։ Մեկ էլ ամառային փաթեթ է պետք, որ այնտեղ կանգ առնես։ Ու մենք՝ որպես Դանիայի պարտաճանաչ բնակիչներ, օգտվում ենք ամառային փաթեթի նաև այլ բարիքներից՝ գնացքով այսուայնտեղ ուղևորվելով ու թանգարաններ գնալով ու ծախսելով մեր արձակուրդային փողերը, որ պիտի Հայաստանում ծախսվեին, եթե միայն կորոնան չլիներ։ Եթե միայն կորոնան չլիներ, գուցե Վայլե այս ամառ էլ չգնայինք։