Կրթությունն ու Րաֆֆու «Կայծերը»

Րաֆֆու հսկայածավալ վեպին նվիրված նախորդ գրառմանս մեջ չէի պարզաբանել, թե ինչու հանկարծ որոշեցի ժամանակին էնքան էլ դուրս չեկած գիրքը վերընթերցել: Հիմա, երբ երկրորդ հատորն էլ եմ ավարտել, կարող եմ խոստովանել, թե ինչու չալարեցի ու նորից կարդացի էդ 800 էջը:

Աղոտ հիշում էի, որ վեպի հերոսներն արտասահմանում կրթություն էին ստացել, վերադարձել Հայաստան՝ փորձելով ինչ-որ բան փոխել: Ինձ հետաքրքիր էր՝ Րաֆֆին ոնց էր մոտենում էդ հարցին, ինչպես էր դասավորում իր հերոսների կյանքը, ինչի էին հասնում դրսում կրթություն ստացածները:

Իսկապես, կրթությունը կենտրոնական թեմա է վեպում: Առաջին հատորում հաճախ շոշափվում է տերթոդիկյան մոդելը ու թե որքան վատն է այն, որ նախատեսված է ժողովրդին ստրկացնելու համար, որ լիքը անիմաստ ու ոչ կիրառելի գիտելիք է լցնում մարդու ուղեղը: Երկրորդ հատորում արդեն Րաֆֆին շեշտում է կրթության կարևորությունը: Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում:

Մասնավորապես, Կարոն կարողանում է հասնել նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու գտնի, իսկ հետո էլ իր գիտելիքներով օգնում է, որ այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Ի վերջո, հասնում է նրան, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գենտափոր տներից, նորմալ բնակարաններ կառուցում:

Ջալլադը, լինելով բողոքական, կարողանում է բողոքականացած ու հայությունից հրաժարված ժողովրդին նորից հայ դարձնել: Արփիարը նույնն անում է կաթոլիկ հայերի հետ: Սագոն Վանում հաջողակ բիզնեսմեն է դառնում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ մեջներից արտագաղթողն ինքն է լինում, որի երեխաները հայերեն չեն էլ իմանում (ինձ թվում է՝ Րաֆֆին էստեղ շատ լուրջ բացթողում է արել, երևի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ամեն դեպքում վերադառնում է ամբողջ ընտանիքով ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում:

Րաֆֆին կարևորում է նաև կանանց կրթությունը: Մի դրվագում խոսում է օրիորդաց դպրոցի մասին, որը կրոնավորները փակել են տալիս: Բայց մեկ այլ դրվագում արդեն Կարոյի ու Սագոյի աղջիկները դպրոց են գնում: Կրթվում է նաև Մարոն: Թեև արտասահմաններում չի սովորում, բայց ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ լիքը գիտելիքներ է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:

Ջալլադին ու Արփիարին հանած մնացած բոլոր կերպարները կրթություն ստանում են Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարևորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց էդ մի մարդն է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան:

Գրքի հեփի էնդը հուշում է, որ մի ժողովրդի փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, իսկ հետո անհրաժեշտ է, որ գործունեություն ծավալեն հենց ժողովրդի կողքին: Հուշում է նաև, որ անգամ մի քանի հոգին կարող են շատ բան փոխել:

Ես հավատում եմ Րաֆֆու առաջարկած մոդելին ու դա բերում մեր օրեր: Այսօր հայկական կրթական համակարգը պատկերավոր ասած տերթոդիկյան մոդելով է աշխատում. լիքը անգիր արած ինֆորմացիա, որը չի օգնելու, որ ավելի լավ ապրես: Մյուս կողմից, լիքը հայ ջահելներ ձգտում են ավելի որակյալ կրթություն ստանալ ու մեկնում են արտասահման (կամ զբաղվում են ինքնակրթությամբ, եկեք դա էլ չանտեսենք): Մնում է, որ մյուս օղակը չկտրվի, որ այդ բոլորը մի օր վերադառնան Հայաստան ու առանց քիթները վեր ցցելու աշխատեն մնացածի կողքին, օրինակ ցույց տան, սովորեցնեն, տերթոդիկյան մոդելի քոքը կտրեն:

Դժվար է ասել՝ կլինի այդպես, թե ոչ: Բայց վստահ եմ, որ դա մեր երկրի փրկության միակ ուղին է: Հեղափոխություն-բան, էդ բոլորը սուտ են:

One thought on “Կրթությունն ու Րաֆֆու «Կայծերը»

Leave a comment