Եղանակի տեսություն. քսանվեց աստիճան, անձրև: Նայում եմ պատուհանից դուրս: Երկինքը կապույտ է, արևոտ է, թեև մի քիչ ցուրտ է: ՍՄՍ Մարայեին. «10:30-ից 15:00-ը գրադարանում եմ լինելու: Հանդիպե՞նք ճաշին կամ սուրճի համար»: Պատասխան. «13:00 գրադարանի կաֆետերիա ճաշի»:
Դուրս եմ գալիս տնից: Հարևանների կատուները բակում չեն: Սլանում եմ կենտրոն: Էսօր վերջին ուրբաթն է Խրոնինգենում: Մյուս ուրբաթ էս ժամերին Լյուբեկի ճանապարհին կլինեմ:
Գրադարանում բզբզում եմ կոմպի մոտ, փորձում պոստերս սարքել: «Երկլեզվության մասին բազմաթիվ սխալ պատկերացումներ կան…»: Ֆեյսբուքի նոր հաշիվ եմ բացում, բոլոր ընկերներիս տեսակավորում: Սրանից հետո ոչ մի ավելորդ մարդ, ոչ մի ավելորդ ինֆորմացիա իմ ֆիդում:
Ես ու Մարայեն լուռ քայլում ենք դեպի կաֆետերիա: Ինքն իր սենդվիչն է ուտում, ես՝ մանանեխով սուպը, Խրոնինգենի իսկական մանանեխով սուպ:
– Ֆեյսբուքի նոր հաշիվ եմ բացել,- ասում եմ: Էս ամիսների ընթացքում Մարայեն ինձ անընդհատ մեյլով տեղեկացնում էր Ֆեյսբուքի անցուդարձից, ու եթե ինքը չլիներ, դժվար Սխիրմոնիկոուխի վիքենդի մասին իմանայի,- սրանից հետո ոչ մի անծանոթ մարդ:
– Գիտես, իմ ընկերների մեջ չկա մեկը, որին իրականում չեմ տեսել: Չկա մեկը, որի հետ սուրճ չէի խմի:
«…որի հետ սուրճ չէի խմի»:
– Նորդերզոնի մասին գիտե՞ս:
– Երեկ ինձ նման մի բան ասացին: Երևի գնամ էս քանի օրը:
– Մենք էսօր գնում ենք: Կգա՞ս:
– Չէ, երեկոյան Քրինան է գալիս ընթրիքի: Գուցե վաղը:
Մարայեին գրկեցի ու հաջող ասեցի էնպես, կարծես ոչինչ չէր եղել, կարծես վաղը նորից տեսնելու էինք իրար:
***
Շարունակեցի պոստերիս վրա բզբզալ: Սրջանը զանգեց:
– Գնա՞նք սուրճ խմելու: Գալիս եմ գրադարան:
Հավաքեցի իրերս, կորչի պոստերս: Քայլեցինք դեպի Լա պլաս, որի տերասը Յակոլինը երեկ էր ցույց տվել: Խրոնինգենի ամենագեղեցիկ վայրն է:
– Կկարոտեմ Մարտինի աշտարակը,- մի կում եմ անում սուրճիցս,- նայիր ինչ սիրուն է:
Լա պլասի տերասից աշտարակն առանձնահատուկ գեղեցկություն ունի, իսկ այսօր հայացքս կտրել չէի կարողանում. շուրջը կապույտ երկինք ու սպիտակ ամպիկներ էին: Գժվելու բան:
– Մյուս շաբաթ գնու՞մ ես:
– Ուրբաթ օրը: Երևի մի օր էլի կգամ: Մի օր PhD կանեմ:
***
Քրինան մեյլ է գրել. «Կլինի՞ 18:30 գամ»: Ավելի լավ, շուտ եմ տուն եկել: Բացում եմ պատուհանը: Ուժեղ քամի է, օդափոխիչ համակարգը սկսում է աղմկել: Թեթևակի փակում եմ: Գիրմային սմս եմ գրում. «Վաղն ընթրիքի չեմ կարող գալ: Քիչ ժամանակ է մնացել ու շատ անելիքներ»: Քիչ ժամանակ է մնացել ու շատ մարդիկ, նորերի հետ մտերմանալ չեմ ուզում:
– Հոլանդերե՞ն ես կարդում,- հարցնում է Քրինան՝ գրքերիս մեջ տեսնելով Քոնի Պալմենի «Ընկերությունը»:
– Փորձում եմ: Առաջին էջն արդեն հաղթահարել եմ:
– Եվ հասկացե՞լ ես:
– Բառարանով:
Երեկոն դանդաղ առաջ է սահում: Քրինայի հետ խոսում ենք աշխարհի ամեն տեսակի թեմաներից՝ սկսած քաղաքականությունից, պատերազմից, վերջացրած մեր կրտսեր եղբայրներով:
– Նորդերզոնի մասին գիտե՞ս: Կուզե՞ս՝ գնանք:
Քրինան օգնում է, որ ափսեները լվանամ, դուրս ենք գալիս միասին:
– Եղանակը ո՞նցն է, ժակետ վերցնեմ:
– Լավն էր: Չէի մրսում:
– Չեմ վստահում հոլանդական եղանակին:
Ժակետը հագս եմ քաշում:
– Անձրև է եկել,- հոտոտում է խոնավ օդը,- դեռ գալիս է,- հարցական նայում է դեմքիս:
– Ոչինչ, դրա դեմ ոչինչ անել չենք կարող:
Նստում ենք հեծանիվները ու գնում Նորդերպլանտսուն: Քրինան փորձում է Նիրաջին զանգել, ես՝ Մարայեին: Երկուսն էլ անհասանելի են: Քայլում ենք բազմաթիվ վրանների կողքերով, համերգ փնտրում: Երաժշտություն չկա: Միայն աղմուկ է, մարդկային անկանոն աղմուկ:
Մարայեն զանգում է: Հանդիպում ենք: Մի մեծ ընկերախմբով է: Հերթով ներկայանում են. «Թերեզիտա», «Յանիտա» և այլ -իտաներ: Հետագայում միայն Ռինեկեին պիտի հիշեի, որովհետև ինձ նման կարճահասակ լինելու պատճառով հովանոցը մտնելու էր մազերիս մեջ, ու ես ձևացնելու էի, թե ջղայնացել եմ:
Տեղավորվում ենք գլխավոր բեմի մոտ, որտեղ Bosnian Rainbows կոչվող խումբը համերգ է տալու:
– Աշխարհի ամենալավ կիթառահներից է,- ասում է Նիրաջը:
Համերգի ժամանակ ինչ-որ բան էն չէ: Բոլորը բոլորի հետ զրուցում են, իսկ ես փորձում եմ հասկանալ, թե ինչն է սխալ: Հասկացա. ոչ ոք չի պարում: Սոֆյան: Ուզեցի սմս գրել ու պատմել չպարող հոլանդացիների մասին: Բայց Սոֆյան արդեն Նոր Զելանդիայում է ու երևի առավոտյան նոր-նոր արթնանում է:
Անձրև սկսվեց: Մանրակաթիլ:
– Չե՞ս մրսում,- հարցնում է Ռինեկեն՝ տեսնելով, որ ժակետը ձեռքիս է, թևերս՝ բաց:
– Չէ, սիրում եմ անձրև, համենայնդեպս, երբ ցուրտ չէ:
Անձրևը մերթ ուժեղանում է, մերթ՝ թուլանում: Տեսնես ինչի՞ց է, որ ամեն անգամ մեկնելուց կարճ ժամանակ առաջ եմ մարդկանց հետ ավելի մտերմանում:
Խմբում մի հոլանդուհի կա, որը չի ուզում անգլերեն խոսել:
– It’s difficult,- ասում է:
– Dat is niet moeilijk,- պատասխանում եմ:
Անձրևը նորից ուժեղանում է, հոսում մեր մազերի միջով:
– Ի՞նչ կխմեք,- հարցնում է Մարայեն:
– Something zonder alcohol,- երկրորդ բաժակ գարեջրից հետո արդեն մոռանում եմ, որ անգլերեն-հոլանդերեն կոդանցումը նախատեսված է միայն համակուրսեցիներիս հետ օգտագործելու համար:
Մարայեն վերադառնում է ութ բաժակ խմիչքով, երկուսն առանց ալկոհոլի: Անձրևի կաթիլները մեկումեջ բաժակների մեջ են լցվում:
– Լավ է,- ասում եմ,- գնում եմ Հայաստան, էնտեղ հանգիստ կարող եմ հոլանդերեն սովորել:
Մարայեն ծիծաղում է:
– Այսուհետ միայն հոլանդերեն:
Անձրևը թուլանում է:
Քայլում ենք դեպի հեծանիվները: Ամբողջ խումբը Վինկհաուզեն թաղամասում է ապրում, բացի ինձնից:
– Չեմ սիրում հրաժեշտ տալ,- ասում է Մարայեն,- հույս ունեմ՝ կհանդիպենք: Դու ամեն անգամ գնում ես, հետո նորից հայտնվում ես:
– Հա,- էս անգամ չեմ ուզում շեշտել, որ սա ուրիշ գնալ է,- երբ վեց տարի առաջ Ամստերդամից հեռանում էի, ինքս ինձ խոստացա, որ վերադառնալու եմ այս երկիրը: Եվ վերադարձա:
Պինդ գրկում եմ Մարայեին:
Իմ ու Քրինայի հեծանիվներն իրար կողք են կանգնած:
– Երևի էլ չենք տեսնվի,- գրկում է:
– Առայժմ: Մի օր կգամ երևի:
– Հույս ունեմ՝ մի օր գրածներդ անգլերեն կարդալ:
– Մի օր…
Պինդ գրկում եմ Քրինային: Կկարոտեմ:
Նստում եմ հեծանիվս ու շարժվում Վինկհաուզենի հակառակ ուղղությամբ: Փորձում եմ լացել: Չի ստացվում: Անձրևն ուժեղանում է: