Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իռլանդական արկածներ, մաս 3. Դուլին (Ապաքինում)

on July 20, 2015

Դուլինն Իռլանդիայի արևմտյան ափին ընկած մի գյուղ է՝ Մոհերի ժայռերից ոչ հեռու:

Զբոսանք դեպի Մոհերի ժայռերը

Դուլինն ընտրել էի հենց միայն նրա համար, որ Մոհերի ժայռերին մոտ էր: Ժայռերը ծեծված տուրիստական վայր են, ու ավտոբուսներ կան, որոնք տուրեր են կազմակերպում դեպի այնտեղ: Բայց քարտեզով նայելով Դուլինի հեռավորությունը Մոհերի ժայռերից՝ մտածեցի, որ այցելությունս խիստ օրիգինալ կերպով կանեմ. Դուլինից ոտքով կքայլեմ Ատլանտիկի ափով, ճամփին լիքը կմտածեմ, շուրջս կնայեմ ու հրաշալի ժամանակ կանցկացնեմ ինքս ինձ հետ:

Ճամփի սկիզբը

Ճամփի սկիզբը

Երբ հասա Դուլին, պարզվեց՝ այնտեղից ոտքով Մոհերի ժայռեր գնալն էնքան էլ զարմանալի բան չէ. հատուկ ոտքի ճանապարհ կա սարքած հենց ափի երկայնքով, տևողությունը՝ երկու ժամ:

Տեղավորվելուն պես մի շիշ ջուր վերցրի ու արագ ինձ դուրս գցեցի դեպի Մոհերի ժայռեր: Ճանապարհի սկզբում զգուշացում կար, թե ընթացքը վտանգավոր է, բարդ արշավ է, պետք է զգույշ լինել և այլն, և այլն: Բարեբախտաբար, եղանակը բացառիկ լավն էր. արև էր, իսկ քամի գրեթե չկար:

Ատլանտյան վայրի ծաղիկ

Ատլանտյան վայրի ծաղիկ

Իսկ ես գնում էի դանդաղ: Տեղ-տեղ կանգ էի առնում, նայում օվկիանոսին, խորը շունչ քաշում, նստում խոտերին ու գրում: Նստում էի երջանիկ, արևը՝ մեջքիս, իսկ ականջներիս օվկիանոսի մռնչոցից բացի ուրիշ ոչինչ չէր հասնում:

Քայլում էի ես՝ նայելով ճամփի ժայռերին, դրանց զարկվող ալիքներին ու թռչուններին: Ճամփին մտածում էի, խոսում ինքս ինձ հետ, երգում, հարցեր տալիս, պատասխաններ գտնում: Վտանգավոր տեղերով անցնելիս նայում էի ոտքերիս տակ: Գլուխս պտտվում էր երբեմն, ու մտածում էի՝ եթե ընկնեմ, ինձ ոչ ոք չի գտնի:

Դադար ճամփի կեսին

Դադար ճամփի կեսին

Ամբողջ ճամփին հանդիպում էի նաև այլ արշավականների: Բոլորը խմբերով էին: Հատուկենտ մենակ գնացող տղամարդիկ կային: Ես միակ կինն էի: Իսկապե՞ս ես էդքան քաջ եմ, որ մեն-մենակ դուրս եմ եկել ու քայլում եմ ժայռերի վրայով:

Աշխարհը չի ընկալում, թե ինչպես կարող եմ ինքս ինձնով երջանիկ լինել: Եվ արդյոք դա չէ՞, որ վանում է տղամարդկանց, որ ես իրենցից կախում չունեմ, որ իմ երջանկությունը միայն իմ ձեռքերում է:

Առաջին հայացս Մոհերի ժայռերին

Առաջին հայացքս Մոհերի ժայռերին

Իսկ երկու ժամն ուղղակի թռավ: Չնկատեցի էլ թե ինչպես մի բարձունք հաղթահարելուց հետո ժայռերն անմիջապես աչքիս առաջ հայտնվեցին: Շունչս պահած նայում էի դրանց հզորությանը: Ու թռչունները ճախրում էին օվկիանոսի վրայով, կանգ առնում ժայռերին: Ես մեկ էի դարձել բնության հետ: Մտածում էի՝ շա՜տ տարիներ անց երեխաներիս բերելու եմ այստեղ, պատմեմ, թե ինչու եկա Իռլանդիա, ցույց տամ իմ մտքերի ճանապարհը:

Գերմանիայի նախագահն իր շքախմբով

Գերմանիայի նախագահն իր շքախմբով

Մի՞թե հանուն նրա, որ հետս եկող չկար, պիտի չգայի, պիտի հրաժարվեի էս բոլոր զգացողություններից:

Ժայռերի ամենատուրիստական մասում Գերմանիայի նախագահին տեսա: Շրջապատված էր լրագրողներով ու թիկնապահներով ու ինչ-որ բաներ էր ասում: Մտածեցի՝ խե՜ղճ նախագահ, ի՜նչ ես բաց թողել՝ Դուլինից ժայռեր չքայլելով, այլ միանգամից այնտեղ գալով քո շքախմբով:

Եկել եմ այստեղ, որ համոզվեմ, որ Իռլանդիան դու չես: Դու չես իմ արցունքները, որոնք հոսում էին Դամիեն Ռայսի համերգի ժամանակ: Դու չես Մոհերի ժայռերին զարկվող Ատլանտիկը և դրանց վրայով սավառնող թռչունները: Ես քեզ կես տարի սիրեցի, իսկ Իռլանդիան սիրելու եմ հավետ:

Ինիշ մոր

Ինիշ մորն Արան կղզիներից մեկն է: Այս կղզիները հայտնի են նրանով, որ այնտեղ գործածվող հիմնական լեզուն իռլանդերենն է: Ամենամեծն Ինիշ մորն է: Ունի տասնչորս գյուղ, մոտ 900 բնակչություն, երեք եկեղեցի, երեք տարրական դպրոց, մեկ բժիշկ և մեկ սուպերմարկետ: Կանայք ցամաք են գնում ծննդաբերելու համար:

Մոհերի ժայռերը նավի վրայից

Մոհերի ժայռերը նավի վրայից

Դուլինից ամեն առավոտ նավ է մեկնում Ինիշ մոր: Երբ գնացի տոմս գնելու, վաճառողուհին նայեց, ժամացույցին, նայեց ինձ ու հարցրեց.

– Մեքենա ունե՞ս:

– Չէ:

– Այստեղից նավահանգիստ քսանհինգ րոպեի ոտքի ճանապարհ է, իսկ նավը մեկնում է ժամը տասին:

Այդ պահին ուղիղ քսանհինգ րոպե կար:

– Սպասիր այստեղ, հիմա կկազմակերպեմ, քեզ տեղ կհասցնեն:

Մի տասը րոպե սպասեցի խանութում: Եկավ մի տարեց կին, նստեցրեց իր մեքենան ու տարավ նավահանգիստ:

– Մենա՞կ ես,- հարցրեց:

– Հա,- ասացի,- պիտի մեկի հետ գայի, բայց չստացվեց: Ես էլ որոշեցի մենակ գալ:

– Քաջ աղջիկ,- ասաց: Առաջարկեցի վճարել ինձ նավահանգիստ հասցնելու համար: Հրաժարվեց:

Դանիայում նման բան չէր լինի:

Եղանակն այդ օրն ահավոր էր: Անձրև ու քամի էր, իսկ ես շտապելիս մոռացել էի անձրևանոցս, հետևաբար նավում պիտի ներսում նստեի:

Նավարկությունն ահավոր էր: Նավը զարկվում էր ալիքներին, ճոճվում, թեքվում: Անընդհատ թվում էր՝ ուր որ է շուռ է գալու: Բայց ամենաանտանելին սրտխառնոցն էր: Նավի անձնակազմը հոգատար էր: Ինձ տոպրակ առաջարկեցին: Փսխելուց հետո մի քիչ լավ էի:

Ինիշ մորում անձրև էր գալիս: Սկզբում որոշել էի հասնելուն պես հեծանիվ վարձել ու պտտվել կղզով: Բայց էդ եղանակին անհույս բան էր: Մեզ դիմավորեցին զանազան վարորդներ ու առաջարկեցին կղզիով պտտեցնել: Էդպես ես հայտնվեցի միկրոավտոբուսներից մեկում: Վարորդն այն համով իռլանդական հումորով մեզ մի վայրից մյուսն էր տանում ու պատմում կղզու մասին: Մեզ իջեցրեց Դուն Էնգուս ամրոցի ավերակների մոտակայքում:

Տեսարան ամրոց բարձրանալիս

Տեսարան ամրոց բարձրանալիս

Ամրոցը կելտական ժառանգություն է ու կառուցվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Թե ումից պաշտպանվելու համար էր այն, հայտնի չէ:

Քսան րոպե պետք էր քայլել ամրոցին հասնելու համար: Եղանակն ահավոր էր: Վարորդը հովանոցներ առաջարկեց: Վերցրեցի մեկը: Բարձրացա, հասա ավերակներին՝ կռվելով քամու ու անձրևի դեմ: Հաճախ ոչ թե վերելք էր դա, այլ հովանոցի կառավարում, որ չթռչի-գնա, հետն էլ ինձ անձրևից պաշտպանի:

Վերևում չկարողացա երկար մնալ հենց եղանակի պատճառով: Փորձեցի դանդաղ իջնել: Հովանոցիս պատճառով շարժումներս նույնիսկ ավելի սահմանափակ էին: Ու չնայած ահավոր եղանակին, թրջվելուն ու սղլիկ քարերին, տրամադրությունս բարձր էր, ու հա ծիծաղում էի, մինչ մռթոշած գերմանացի տուրիստները թարս-թարս ինձ էին նայում:

Հենց Դուն Էնգուսից իջնելու ճանապարհին էր, երբ թրջված ու սառած, բայց պայծառ ուղեղով գտա իմ կյանքի կարևորագույն հարցերից մեկի պատասխանը. ինչո՞վ եմ ուզում զբաղվել: Գտա պատասխանն ու այդ տասը-տասնհինգ րոպեների ընթացքում կարողացա նաև ծրագիր մշակել, թե ինչպես եմ հասնելու դրան:

Հովանոցը կոտրվել էր: Բայց հենց հասա ներքևում գտնվող թանգարանին, վերանորոգեցի ու նորմալ վիճակում վերադարձրի վարորդին:

Մինչ վարորդը կգար, մոտակա սրճարանում ճաշեցի: Այնտեղ կրակ կար, որի մոտ տաքացա ու հնարավորության սահմաններում չորացրեցի թրջված շորերս: Տեղացիներն էլ էին սրճարանից օգտվում: Տեղացիները միմյանց հետ իռլանդերեն էին խոսում: Ականջս շոյվում էր:

Գերեզմանոցը

Գերեզմանոցը

Վարորդը շուտով եկավ, մեզ իջեցրեց նաև յոթ եկեղեցիների մոտ, որտեղ նաև գերեզմանոց կա: Հետո հասցրեց նավահանգիստ:

Մինչև նավի մեկնելը դեռ քառասուն րոպե կար, իսկ ես չէի պատրաստվում դրսում սառել: Մտա մոտակա փաբն ու սուրճ պատվիրեցի: Մինչ կխմեի, մի իռլանդացի մոտեցավ:

– Սիրուն աչքեր ունես,- ասաց:

Ցերեկը երեք անց կես էր դեռ, բայց արի ու տես, որ մարդը տեղը տեղին խմած է:

– Ամուսնացա՞ծ ես: Չէ՞: Ես էլ չէ: Արի ամուսնանանք:

Ծիծաղեցի ու ասացի, որ կես ժամից նավ եմ նստելու, իսկ երկու օր անց ընդհանրապես Իռլանդիայում չեմ լինելու: Խնդրեց, որ մնամ: Կրկնեցի նույնը:

– Մի քիչ խմած եմ,- ասաց:

– Տեսնում եմ,- պատասխանեցի:

Հետո վեր կացա, որ գնամ: Փաբով մեկ գոռաց.

– Մի՜ գնա, ես քեզ սիրում եմ:

Էստեղ լրիվ ծիծաղից թուլացա:

– Քեզ ֆեյսբուքով գտնելու եմ,- գոռաց:

Անուն-ազգանունս գրեցի թղթի վրա ու ասացի.

– Եթե գտնես ու առաջարկդ կրկնես, կընդունեմ:

Ու գնացի դեպի նավը:

Հետդարձն էլ պակաս արկածային չէր: Նավի անձնակազմին հարցրի, թե որտեղ է ամենահարմարը, որ սրտխառնոց չունենամ: Ասացին՝ դրսում: Ուրեմն պետք էր ընտրել. կա՛մ սրտխառնոց, կա՛մ թրջվել: Ես ընտրեցի երկրորդը:

Կատաղած Ատլանտիկը

Կատաղած Ատլանտիկը

Նավը նորից գալարվում էր ալիքներին: Ալիքները երբեմն էնքան բարձր էին, որ թրջում էին ամբողջ տախտակամածը: Ժպտում էի, չէի վախենում: Երբեմն նավն էնքան ուժեղ էր թեքվում, որ ուղևորներն իրար վրա էին լցվում: Երեխաները ծնողների գրկում լացում էին: Էս անգամ սրտխառնոց չունեցա: Իսկ ափին մոտենալիս ծիածան տեսա: Ամեն անգամ ծիածան տեսնելիս հանգստություն է իջնում վրաս, ժպտում եմ, ուրախանում:

Ծիածան. Իռլանդիայում արածս վերջին լուսանկարն է: Դրանից հետո ֆոտոապարատը փչացավ:

Ծիածան. Իռլանդիայում արածս վերջին լուսանկարն է: Դրանից հետո ֆոտոապարատը փչացավ:

Ափ հասա ոտքից գլուխ թրջված: Կոշիկներս էսօր նոր չորացել են: Գնացի հոսթել ու սատկած քնեցի: Մինչ հոսթել մտնելն էլ մի ծիածան տեսա:

Իմ նոր ընկերները

Էդինբուրգի տխուր փորձից հետո հաստատ որոշել էի այլևս երբեք հոսթելներում չմնալ: Ու երևի ախմախ որոշում էր, որովհետև հյուրանոցներում մենակ իսկապես տխուր է: Ոչ մեկի հետ չես շփվում, չես խոսում: Ինքդ քեզ հետ ես քո սենյակում, որտեղ հաճախ մեկից ավելի մահճակալ կա:

Չեմ հիշում՝ ինչը ստիպեց, որ Դուլինում ոչ թե հյուրանոց, այլ հոսթել վերցնեմ: Ռիվյունե՞րն էին լավը, հյուրանոցներում տեղ չկա՞ր, թե՞ չափից դուրս թանկ էր մի հոգու համար: Ամեն դեպքում, Դուլինի հոսթելն իմ տեսած լավագույններից էր՝ թե՛ մաքուր էր, թե՛ լիքը հարմարություններ ուներ:

Հոսթելի իմ սենյակում ինձնից բացի ևս հինգ աղջիկներ կային: Ծանոթացա նրանցից երկուսի հետ. չեխ Անյեժկան ու գերմանացի Կատերինան: Երկուսն էլ մենակ էին ճամփորդում: Սկսեցինք իրար պատմել, թե ով ինչ է հասցրել Իռլանդիայում անել: Պարզվեց՝ Անյեժկան նույն իմ երթուղով է գնում, ուղղակի Դուլին եկել է Քիլարնիից առաջ: Իսկ ես կարծում էի ես եմ խելառը, որ նման երթուղի եմ գծել: Իսկ Կատերինան Դուբլինում է եղել, հեչ չի սիրել: Ասաց, որ ինքն էլ է մասնակցել անվճար զբոսանքին:

– Ո՞վ էր քո գիդը,- հարցրի:

– Պատրիկը,- ասաց:

– Ի՜մն էլ:

– Այդ օրն էնտեղ մի աղջիկ կար, Պատրիկն ասաց, որ առաջին հայն է իր խմբում:

– Դա ես էի:

Ծիծաղեցինք: Պուճու՜ր-պուճու՜ր աշխարհ: Ո՞վ կմտածեր, որ Դուբլինից հետո կհանդիպեինք Իռլանդիայի մյուս ծայրում հոսթելի նույն սենյակում ու կգնայինք փաբ գարեջուր խմելու:

Դուլինի փաբերում երաժշտությունն ավանդական իռլանդական է: Մի կողմից, չես կարող հետները երգել, որովհետև երգող չկա, բայց մյուս կողմից մաքուր իռլանդական շունչն ես զգում իռլանդական գործիքներով:

Մեր սեղանի մոտ Հյուսիսային Իռլանդիայից երկու հասակավոր զույգ նստեցին: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ խնամիներ են: Ինձ սկզբում իռլանդացու տեղ դրեցին: Երբ ասացի, որ չէ, մտածեցին՝ ամերիկացի եմ, հետո՝ անգլիացի:

– Անգլերենի լեզվակիր չեմ,- ասացի:

– Ուրեմն Դանիա՞:

Ծիծաղեցի:

Զույգերը գնացին: Հետո մեզ մոտեցան երկու հյուսիսիռլանդացի տղաներ՝ Էնդին ու Մայքլը: Նրանք էլ ինձ հյուսիսիռլանդացու տեղ դրեցին: Չէ ու չէ, հայ եմ, սպանեցիք: Տղաները վրաններով արշավի էին: Իրար հետ խմեցինք: Ընթացքում զանազան երգեր էինք երգում: Կատերինան ու Անյեժկան զարմացել էին, որ Էնդին ու Մայքլն ինչ երգ երգում էին, ես ձայնակցում էի: Էնդին ու Մայքլն էլ էին զարմացել: Մեռա բացատրելով, որ ես հասարակ տուրիստ չեմ, ես Իռլանդիայի վրա տարած եմ:

Երբ փաբն արդեն փակվում էր, գնացինք Էնդիի ու Մայքլի վրանը: Էստեղ սկսեցինք զանազան ջրիկ խաղեր խաղալ ու զրուցել լուրջ ու անլուրջ բաների մասին:

– Չե՞ս կարոտում տունդ,- հարցրեց Մայքլը:

– Սովորել եմ,- ասացի: Բայց արդեն սկսել էի կարոտել իմ Կոպենհագենի միջավայրը: Մագդային ու Մայային արդեն մի ամսից ավելի կլիներ, ինչ չէի տեսել:

Գիշերը երեքի կողմերն աղջիկներով վերադարձանք մեր սենյակ: Հաջորդ առավոտ միասին նախաճաշեցինք ու ֆեյսբուքում ընկերացանք: Նրանց հրավիրեցի Կոպենհագեն:

«Մի անգամ» մյուզիքըլը

Դուլինից Դուբլին հասա նախատեսվածից շա՜տ ուշ: Նախ, քանի որ գիշերն ուշ էի քնել, որոշեցի ոչ թե առաջին, այլ երկրորդ ավտոբուսով մեկնել Գոլուեյ, իսկ երկրորդն առաջինից երեք ժամ հետո էր: Հետո, ընթացքում էլ լիքը ուշացումներ եղան: Արդյունքում՝ ժամը յոթ անց էր, նոր հասա Դուբլին: Նախատեսել էի փաբային շրջագայությանը գնալ, բայց իրերս հյուրանոցում թողնելուց հետո ուղղակի ժամանակ չկար դրան հասնելու:

Օլիմպիա թատրոնը. լուսանկարն արել եմ Պատրիկի զբոսանքի ժամանակ

Օլիմպիա թատրոնը. լուսանկարն արել եմ Պատրիկի զբոսանքի ժամանակ

Ուրեմն «Մի անգամ» մյուզիքըլը կնայեմ: Հետաքրքիր է՝ Իռլանդիա մտնելիս առաջին բանը, որ նկատեցի, մյուզիքըլի պաստառն էր: Իսկ այն դիտելը կլինի վերջին անելիքս: Կատերինան արդեն տեսել էր այն ու խորհուրդ էր տվել: Ես էլ մտածեցի՝ իսկապես խորհրդանշական կլինի, որովհետև շատ ամիսներ առաջ, երբ դրա կինոն էի նայել, դա եղել էր առաջին հրաժեշտը, որ ներքուստ տվել էի իռլանդացուն: Թող սա էլ լինի վերջին հրաժեշտը:

Ճամպրուկս շպրտեցի հյուրանոցում ու դուրս վազեցի: Աշխատողը հետևիցս նայեց ու ասաց.

– Էս ինչ արագ էր:

– Շտապում եմ,- գոռացի ու վազեցի դեպի Օլիմպիա թատրոն: Ներկայացումից հինգ րոպե առաջ հասա ու հասցրի տոմս առնել:

Մյուզիքըլը շատ բաներով ֆիլմից լավն էր, շատ բաներով՝ վատը: Էստեղ դերասաններն իսկապես խաղում էին, էն բնական քիմիան, որ Իրգլովայի ու Հանսարդի միջև տեսնում էիր, չկար: Հետո, շատ էին սիրո մասին բանալ երկխոսությունները, որոնք արժեզրկում էին ներկայացումը: Բայց ուժեղ կողմը դերասան-երաժիշտներն էին: Բեմի վրա բոլորը թե՛ դերասաններ էին, թե՛ երաժիշտներ: Մեկ խաղում էին, մեկ՝ նվագում, մեկ՝ երկուսը միասին: Հզոր բան էր ծայրից ծայր կենդանի երաժշտությամբ «Մի անգամը» լսելը: Մեկ էլ շատ էր իռլանդականացրած: Լիքը նուրբ իռլանդական հումորներ կային, որ չգիտեմ՝ բանից անտեղյակ մարդկանց հասու՞ է արդյոք:

Բայց ներկայացման ժամանակ բնավ չլացեցի ու չընկա ահավոր էմոցիոնալ վիճակների մեջ, ինչպես պատահել էր ֆիլմը դիտելիս: Երբ այն ավարտվեց, ծափահարեցի ու դուրս եկա թատրոնից՝ քայլելով դեպի հյուրանոց: Ճամպրուկս հավաքեցի ու պատրաստվեցի հաջորդ առավոտ օդանավակայան գնալուն:

Ինքնաթիռ նստեցի թեթևացած, անհամբեր, որ շուտով տուն եմ հասնելու, ազատագրված ու ապաքինված: Միլիոն անգամ արժեր, հաստատ արժեր այս ճամփորդությունը ու արժեր գալ մենակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: