Դանիան կորոնակիսամյակին ընդառաջ

Այս տողերը սկսում եմ գրել Դանիայի Օրհուս քաղաքի «փափուկ լոքդաունի» պայմաններում, երբ մեզ՝ Օրհուսի համալսարանի աշխատողներիս, երկու շաբաթով, հետո ևս երկու շաբաթով տուն ուղարկեցին՝ էդպիսով կիսամյակի սկիզբն անորոշության մատնելով։ Ու տողերս գրելու ընթացքում Օրհուսի քաղաքապետը հայտարարում է ռիսկի նվազման մասին ու նախատեսվածից մեկ շաբաթ շուտ մեզ թույլ տալիս աշխատավայր վերադառնալ. ուրեմն կիսամյակը նորմալ սկիզբ կունենա։

Վերևում նկարագրածն այս տարվա աշնանային կիսամյակի անորոշության ու շիլաշփոթի ընդամենը մի փոքր մասն է ներկայացնում։ Դեռ հունիսից ամեն օր մի նոր հրահանգ, նոր որոշում է գալիս, ու դասախոսներս պիտի անընդհատ փոփոխենք մեր ծրագրերը, հարմարվենք նորին։ Իսկ ինձ նման աշխատավայրից 200 կմ այն կողմ ապրողի համար էսպիսի անորոշությունը լրացուցիչ բարդություն է. ես պետք է հստակ ծրագրեմ, թե որ օրերին որ գնացքով եմ գնալու Օրհուս, քանի գիշեր եմ այնտեղ մնալու ու երբ եմ վերադառնալու։

Nobelparken Arts | Aarhus Universitet: Arts

Սկզբում խոսակցություններ էին պտտվում, թե ամբողջ կիսամյակն առցանց է լինելու։ Ավելի ուշ մեզ լղոզված հրահանգ եկավ, որ պատրաստվենք սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի պայմաններում դասավանդելուն՝ պատրաստ լինելով, որ սահմանափակումները կարող են լրիվ հանվել կամ ուսուցումը կարող է լրիվ առցանց դառնալ։ Հետո նաև ստացվեցին լսարանների տվյալները, թե սոցիալական հեռավորություն պահպանելու դեպքում որ լսարանը քանի ուսանողի կարող է ընդունել։ Իսկ որ ամենավատն էր, լսարան ամրագրող կառույցը կտրականապես մերժում էր լսարանային որևէ փոփոխություն. առարկայիդ համար այս օրն ու ժամն է տրված, կա՛մ պիտի հարմարվես, կա՛մ ուրիշ լուծում գտնես։ Հարմարվել կնշանակի, որ ուսանողներիդ թիվը լսարանի տարողունակության չափ է կամ դրանից քիչ։ Ուրիշ լուծումն առցանցն է, որովհետև այլ դասախոսների հետ պայմանավորվել, լսարաններով փոխանակվել չի թույլատրվում։ Մի ուրիշ լուծում է մեկուկես ժամանոց դասախոսությունը կրճատել, քառասունհինգ րոպեանոց դարձնել և կարդալ երկու անգամ՝ սկզբում կուրսի մի կեսի, հետո մյուս կեսի համար։ Բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին առավելություն է տրվելու, ու նրանց ուսումը հնարավորինս առկա է կազմակերպվելու։

Այս պայմաններում բավական քիչ էին այնպիսի լսարանները, որտեղ ուսանողները տեղավորվում էին սոցիալական հեռավորության պայմաններում, հետևաբար փաստացիորեն լիարժեք առկա ուսուցում կազմակերպելն ահնար էր դառնում։ Ուսանողների ու դասախոսների բազմաթիվ բողոքներից հետո մինչև 30 հոգանոց կուրսերի դեպքում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու, այսինքն՝ մինչև 30 հոգանոց կուրսերը կարող են հանգիստ իրենց դասերն անցկացնել նախատեսված լսարաններում, բայց եթե կուրսում թեկուզ 31 հոգի կա, ուրեմն պետք է հաշվի առնել սոցիալական հեռավորությունը։

Այս կիսամյակ երկու առարկա եմ դասավանդելու. ճանաչողական սեմիոտիկայի (cognitive semiotics) մագիստրատուրայի առաջին կուրսում սոցիալական ճանաչողություն (social cognition) և ճանաչողական գիտության (cognitive science) բակալավրի երկրորդ կուրսում էքսպերիմենտալ մեթոդներ 3։ Առաջին առարկայի դեպքում ամեն ինչ շատ սիրուն տեղավորվում է պահանջների մեջ. 14 ուսանողի տարողությամբ լսարան, կուրսում 14 հոգի, ոչ մի խնդիր։ Երկրորդի դեպքում կուրսում 53 ուսանող է գրանցված։ Դասախոսության լսարանն ավելի փոքր տարողություն ուներ։ Բոլորի կյանքը հեշտացնելու համար առաջարկեցի նախապես տեսագրված կարճ դասախոսություններ ու դրանց հետ զուգակցված առցանց վարժություններ՝ Զումով կենդանի դասախոսությունների փոխարեն։ Տեսագրված դասախոսությունները, ի դեպ, երկար ծանրութեթև արած մանկավարժական ընտրություն է, որ թեև իմ աշխատանքը մի քիչ բարդացնելու է, բայց օգնելու է ուսանողներին. նրանցից շատերը չունեն արագ ինտերնետ, ու Զումով չեն կարող կտրտված ձայնով հետևել։ Երկար առցանց դասախոսության դեպքում ուշադրությունը կարող է շեղվել, կարևոր մասերը բաց թողնեն։ Իսկ տեսագրված կարճ դասախոսությունը կարող են ուզածի չափ դիտել, դադարներ տալ, լրացուցիչ ժամանակն օգտագործել առաջադրանքները կատարելու համար։

Էքսպերիմենտալ մեթոդաբանություն 3֊ը նաև գործնականներ ունի, որտեղ ուսանողները կիսվում են երկու մասի։ Այս դեպքում ունենում ենք 30֊ից փոքր խմբեր 27 հոգի տարողունակությամբ լսարանում, հետևաբար նորից խնդիր չի լինում։ Գործնականները հատկապես կարևոր են լսարանում կազմակերպելը, որովհետև առարկան լրիվ կոդ գրելու վրա է հիմնված, ու ուղղություն ցույց տալն ու խնդիրներ հայտնաբերելն ավելի հեշտ է, երբ ուսանողի հետ անձամբ ես հաղորդակցվում։

Թվում է՝ կիսամյակն ինձ համար գոնե կազմակերպված է, ամբիոնի վարիչը հաստատել է որոշումներս, ու մնում է միայն դասերը պատրաստելը։ Բայց Օրհուսը դառնում է Դանիայում կորոնավիրուսի նոր օջախ, նոր սահմանափակումներ են մտցվում՝էդպիսով ամեն ինչ շատ անորոշ դարձնելով։ Մյուս կողմից, ճանաչողական գիտության երկրորդ կուրսի ուսանողները բողոքում են առցանց ուսուցման դեմ, որ թե նախորդ կիսամյակ ոչինչ չեն սովորել, որ առցանցը կրթություն չէ և այլն։ Ու նորից ընկնում ենք, սկսում լուծումներ փնտրել՝ վերադառնալով հենց սկզբնական մոդելին, որովհետև, միևնույն է, լսարաններ ամրագրող կառույցն անսասան է, ու ավելի մեծ լսարան մեզ չի առաջարկի։

Չնայած սահամնափակումներին, հայտարարվում է, որ մենք կարող ենք աշխատանքի գնալ միայն դասավանդելու նպատակով։ Էջերով նորանոր նամակներ ու կանոններ ենք ստանում համալսարանի ղեկավարությունից. ամեն դասից առաջ ու հետո պետք է լսարանն օդափոխել, պետք է հետևել, որ ուսանողները ձեռքերը և իրենց շրջապատը մաքրեն մաքրող հեղուկով։ Դասախոսների պատասխանատվությունն է նաև հետևելը, որ լսարաններում մաքրող հեղուկ կա։ Հիվանդ ուսանողները տանն են մնում (ինչպես նաև մեկուսացվում է նրանց 30 հոգանոց խումբը)։ Հաճախումները որպես պարտադիր պայման վերացվում է։ Մեզ նաև կորոնավիրուսի ժամանակ լսարանում ճիշտ վարքի սլայդներ են ուղարկում, որ դասի ժամանակ ուսանողներին ցույց տանք։

Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, նախատեսում եմ, որ վաղը կնկարահանեմ առաջին դասախոսությունս ու կտեղադրեմ մեր առցանց հարթակում, հինգշաբթի դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կհասնեմ Օրհուս ու երկու խմբերին էքսպերիմենտալ մեթոդներ 3֊ի գործնականը կդասավանդեմ, ուրբաթ առավոտյան՝ սոցիալական ճանաչողությունը։ Օրվա երկրորդ կեսին կմիանամ գործընկերներիս հետ գրելու ակումբին, որտեղ մի երեք ժամ գիտությամբ կզբաղվեմ, հետո դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կվերադառնամ Կոպենհագեն։ Բայց հաշվի առնելով, թե ինչքան արագ է ամեն ինչ փոխվում վերջին ամիսներին՝ չգիտեմ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրածիս որ մասն իրականություն կդառնա։

Աշխատանքային արգելոց

Ակադեմիան տխուր տեղ է։ Սկզբում նկատում ես, որ դժվար է դրսի մարդկանց հետ շփվելը, հետո սկսում ես հետները չշփվել, իսկ ավելի ուշ նույնիսկ ակտիվ կերպով խուսափում ես նրանցից ու մնում քո ակադեմիական պղպջակում երջանիկ անտեղյակության մեջ։

Իսկ ավելի ճիշտ՝ գիտակցում ես, որ բնակչության մեծ մասը քեզնից տարբեր է, ու դու ես outlier֊ը, ոչ թե նրանք։ Գիտակցում ես, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվելու հմտություններդ կամաց֊կամաց մոռանում ես։ Բայց էլ չես փորձում հետ բերել. քեզ պե՞տք է որ։ Քեզ պե՞տք են բոլոր նորմալ մարդիկ իրենց նորմալ հոգսերով, աջականները, ծաղիկ֊թիթեռ պոստողները, անտիվաքսերը, ֆաշիստները։ Քեզ համար հանգիստ ապրում ես քո պղպջակում, որտեղ բոլոր մարդիկ իրար նման են մտածում, իսկ եթե նույնիսկ որոշ հարցերում համաձայն չեն, քեզ նման են բանավիճում, ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։

Ընկերուհուս (էլի ակադեմիայից) երբ մի անգամ ասացի, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, ասաց, որ էլիտիստ եմ։ Ասացի՝ էլիտիզմ չկա, էստեղ ինչ֊որ հատկանիշի բացակայություն է, ոչ թե առկայություն, որը հեռու է պահում ինձ ակադեմիայից դուրս մարդկանցից։ Ընկերուհիս ասպիրանտուրայից հետո թողեց ակադեմիան, ես՝ չէ, բայց դեռ մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք իմ կամ նրա տանը։

Շեֆիս ասացի, որ ակադեմիայում հավաքված մարդիկ իրար նման են։ Ասաց՝ կան հետազոտություններ, որ իրոք բոլորս ընդհանուր անձնային հատկանիշներ ունենք։ Թվարկեց հատկանիշները. ստեղծագործ, բարեխիղճ, ինտրովերտ, նևրոտիկ և միայն էմպաթիայի մակարդակով են տարբերվում։ Գործընկերուհուս ասացի՝ բոլորս իրար նման ենք։ Ասաց՝ ակադեմիան աշխատանքային արգելոց է մեզ նման մարդկանց համար, որոնք ուրիշ ոչ մի ոլորտում ֆունկցիոնալ չեն։

Մեկ֊մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլինի, եթե ակադեմիայում չմնամ։ Ասենք, դուրս գամ ու նորմալ մարդ դառնամ։ Բայց մեկ֊մեկ էլ մտածում եմ ակադեմիան թողնողները հենց մեր միջի քչից֊շատից նորմալներն են, նրանք, ովքեր իրական աշխարհի հետ կապը չեն կորցրել նաև ակադեմիայում եղած ժամանակ։ Իսկ մյուսներս կամաց֊կամաց ավելի ենք կորում։ Կամաց֊կամաց ավելի ենք փակվում մեր պղպջակում։ Մենք միմյանց համար ընկերներ ենք, թշնամիներ, գործընկներներ, հեղինակություններ, ուսուցիչներ, աշակերտներ, մենթորներ։ Ու տվայտվում ենք մեր աշխատանքի անկայունությունից, բայց սիրում ենք այն։ Մենք անվերջ հետաքրքրասեր ենք։ Կարդում ենք բոլոր լուրերը։ Կարդում ու ջղայնանում։ Ջղայնանում, որ մյուսները մեզ նման չեն։ Բայց մենք փոքրամասնություն ենք։ Գիտելիք ստեղծող փոքրամասնություն։ Մտածելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացող փոքրամասնություն։

 

Հեղափոխությունից դուրս մնացած ոլորտը

Ամիսներ առաջ, երբ անդրադարձա արդեն նախկին իշխանությունների վերաբերմունքին գիտությանը, դեռ չգիտեի, որ խնդիրն ավելի խորքային էր, քան պատկերացնում էի։ Նոր իշխանությունների մասին դեռ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև շուտ է։ Բայց եթե ենթադրենք, որ նոր իշխանությունները հետևելու են հանրային կարծիքին, ստորագրահավանքներին, նամակներին ու հեռախոսազանգերին, ապա դժվար թե Հայաստանում գիտությանն ավելի լավ ապագա սպասվի, քան ՀՀԿ-ական իշխանության օրոք էր։

Գիտության խնդիրների մասին առայժմ չենք բարձրաձայնում։ Ասում են՝ իշխանությունները նոր են, սուս մնացեք, թող աշխատեն, գիտությանն էլ հերթը կհասնի։ Այնուամենայնիվ, ուշադիր հետևելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը՝ նկատեցի, որ գիտության մասին ոչինչ չէր ասում։ Լավ, ըմբռնումով ենք մոտենում․ ավելի հրատապ հարցեր կան։ Բայց այս ընթացքում մի տխուր հետևություն արեցի․ Հայաստանի հասարակության մեծ մասը գիտության կարևորությունը չի գիտակցում ու չի ընդունում։ Գիտությամբ զբաղվելը ոչ պատվաբեր է։ Իսկ շատերը չեն տեսնում նաև, թե ինչ կապ կա գիտության և կրթության միջև։

Հայերենում կա «խելքը գիտությանն է տվել» արտահայտությունը, ինչը, ի դեպ, հենց իմ ու գիտնական ընկերներիս մասին բավական հաճախ էին օգտագործում, երբ իմանում էին, որ ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ։ Արտահայտությունն օգտագործողների համար գիտությամբ զբաղվել նշանակում է չզբաղվել կյանքի ամենակարևոր գործերով, որոնք, ըստ իրենց, կայուն եկամուտ ունենալը, ընտանիքն ու երեխաներն են։ Մի կողմ թողնենք, որ գիտությունն ու այս «կարևոր» գործերը կատարյալ աշխարհում այնքան էլ իրար չեն հակասում։ Այստեղ պարզապես վերաբերմունքի հարց է․ գիտությամբ զբաղվել նշանակում է կյանքից հետ մնալ, մոռանալ «կարևորի» մասին, չլինել հասարակության լիարժեք անդամ։

Համեմատության համար ասեմ, որ ամեն անգամ, երբ Դանիայում ասում եմ, որ գիտությամբ եմ զբաղվում, քիչ է մնում՝ դիմացինս խոնարհվի իմ առաջ։ Ու չնայած այստեղ էլ երկրի ղեկավարությունն անընդհատ պակասեցնում է գիտության ֆինանսավորումը, դանիացիները շարունակում են հարգել գիտնականներին, իսկ գիտությամբ զբաղվելը համարվում է խիստ պատվաբեր։

Երբ եվրոպական մաստերս վերջացնելուց հետո եկա Հայաստան, ու փորձում էի աշխատանք գտնել, առողջապահության նախարարություն գնացի։ Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ սովորել, ու իմացան, որ կլինիկական լեզվաբանությունը գիտական մասնագիտություն է, ինձ թարս նայեցին ու ասացին․
— Կարծում ես՝ Հայաստանին դա պե՞տք ա։

Կասեք՝ ՀՀԿ-ն ու իրենց ժամանակների նախարարությունը։ Բայց հիմա նոր ժամանակներ են, հնարավորություն կա գիտությանը լուրջ ուշադրություն դարձնելու։ Ու Արայիկ Հարությունյանի՝ Ազատությունով ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վերջապես մի օգտատեր գիտության մասին հարց է տալիս։ Լրագրողը կարդում է հարցը։ Արայիկ Հարությունյանը սկսում է պատասխանել հարցին։ Լրագրողն ընդհատում է, ինչ-որ ուրիշ բան ասում, անցնում այլ հարցի։ Նույն կերպ Նվեր Մնացականյանը հարցազրույցի ժամանակ գիտությանը ձևի համար մի հարց չի տրամադրում։ Լրագրողի համար գիտությունը կարևոր չէ։ Լրագրողի Հայաստանին գիտություն պետք չէ, կրթության և գիտության նախարարը սահմանափակվում է կրթությունով։ Բայց կրթություն առանց գիտության չի կարող լինել։ Ավելին՝ հաճախ նույնիսկ հնարավոր էլ չէ դրանց միջև սահման դնել։

Վերջերս երբ Հայաստանում էի, մի համալսարանի դասախոս հարցրեց, թե Դանիայում ինչ եմ անում։ Ասացի, որ բժշկությունը թողել եմ, գիտությամբ եմ զբաղվում։ Խղճահարությամբ նայեց ինձ, ասես կյանքս չէր ստացվել ու որպես մխիթարանք առաջարկեց․
— Գոնե քույր աշխատեիր։

Սա ասում է համալսարանի դասախոս։ Ասում է մի մարդ, որն ըստ էության ինքն էլ պիտի գիտությամբ զբաղվի, բայց նրա համար գիտությունն ինչ-որ ցածրակարգ մի բան է, որով մարդիկ զբաղվում են ճարահատյալ, երբ ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ու, փաստորեն, հենց այնտեղ, որտեղ կրթությունն ու գիտությունը պետք է էնպես միահյուսված լինեն, որ չկարողանաս իրարից անջատել, առաջանում է կրթություն-գիտություն անդունդը։ Եվ գիտության բացակայության պատճառով է, որ կրթությունն այս մակարդակի վրա է։

Որպես մի վերջին փորձ փնտրեցի «համալսարան» բառի սահմանումը։ Ագլերեն University բառի վիքիպեդիայի հոդվածում գրված է, որ համալսարանը բարձրագույն կրթական և գիտական հաստատություն է, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Իսկ հայերեն հոդվածում համալսարանը դառնում է բարձրագույն ուսումնական հաստատություն, որը «ուսումնական կոչումներ» է շնորհում։ Ոչինչ չկա գիտության մասին։ Ստուգեցի ինձ քչից-շատից ծանոթ մնացած բոլոր լեզուներով հոդվածները։ Բոլորում էլ բառի սահմանման մեջ ինչ-որ կերպ հիշատակվում են «գիտություն» կամ «գիտական» բառերը։

Հիմա կասեք՝ հոդվածը կարելի է խմբագրել։ Իհարկե կարելի է։ Եվ էդպես էլ կանեմ։ Բայց փաստորեն նույնիսկ հայերեն վիքիպեդիայում համալսարանը սահմանվում է որպես կրթական, գիտությունից անջատ մի կառույց։ Իսկ կրթությունն առանց գիտության գոյություն ունենալ չի կարող։

Համալսարանն այն վայրն է, որտեղ գիտելիքը ոչ միայն փոխանցվում է, այլև ստեղծվում։ Լսարան մտնող դասախոսները սովորաբար գիտնականներ են, որոնք ոչ միայն կարող են իրենց ստեղծած գիտելիքով կիսվել, այլև տիրապետում են իրենց ոլորտի վերջին գիտելիքներին (այլ գիտնականների ստեղծածին)։ Եթե տեղյակ չլինեն, իրենց ստեղծածն էլ անարժեք կլինի։ Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում բուհական կրթությունը խայտառակ վիճակում է։ Դասախոսների մեծ մասը գիտությամբ չի զբաղվում, հետևաբար տեղյակ չեն, թե ինչ նոր գիտելիք կա աշխարհում։ Արդյունքում՝ լսարանում նստած ուսանողներին հին մեթոդներով փոխանցում են հնացած գիտելիք, որը ոչ մի բանի պետք չի գալու։

Բայց ուսանողը նաև մասնակցում է գիտելիքի ստեղծման ընթացքին։ Տիպիկ օրինակը PhD-ուսանողները (ասպիրանտները) կլինեն, որոնց կրթություն ստանալը հենց գիտելիք ստեղծելն է, ու ավարտվում է այդ ստեղծված գիտելիքի պաշտպանությամբ։ Հայաստանում, փաստորեն, շատ քիչ ոլորտներում մատների վրա հաշված ասպիրանտներ են նոր գիտելիք ստեղծում։ Մնացածներին գիտությունների թեկնածուի աստիճանն ուղղակի շնորհվում է, ինչպես նշված է վիքիպեդիայի հոդվածում։

Գիտելիքի ստեղծման պրոցեսին կարող են մասնակցել նաև մագիստրատուրայի և անգամ բակալավրիատի ուսանողներ, որոնք իրենց ներդրումն են ունենում գիտելիքի ստեղծման պրոցեսում կամ սովորում են ինչպես գիտելիք ստեղծել։ Դեռ ուսանողական տարիներից բժշկականում անընդհատ հոգեբուժության ամբիոնի դուռն էի ծեծում, որ գիտական աշխատանք անեմ։ Ամբիոնի վարիչն ինձ անընդհատ ուղարկում էր ռեֆերատ գրելու։ Ու երևի մտքով չէր անցնում, որ հանձնածս բոլոր ռեֆերատներն իսկապես գրել էի, որևէ տեղից չէի թխել կամ գնել։ Բժշկականում միայն մի երկու ամբիոն կար, որտեղ ուսանողներն իսկապես ներգրավվում էին գիտական գործընթացներին։ Բժշկականում մատների վրա հաշված դասախոսներ կային, որոնք մեզ ոչ թե քսաներորդ դարի կեսերի, այլ քսանմեկերորդ դարի գիտելիք էին փոխանցում։ Ու տարօրինակ կերպով հենց նրանք էին, որ գիտությամբ էին զբաղվում։ Տարօրինակ կերպով նրանցից շատերն այլևս Հայաստանում չեն ու դժվար՝ վերադառնան, եթե գիտության նկատմամբ նման վերաբերմունքը շարունակվի։

Հետհեղափոխական Հայաստանում իսկապես շատ խնդիրներ կան լուծելու, ու լիովին հասկանում եմ, որ նախարար Արայիկ Հարությունյանն այժմ զբաղված է ավելի հրատապ հարցերով, ինչպիսին դպրոցներում դրամահավաքներն են։ Բայց Այբ հիմնադրամի աուդիտ կազմակերպելու հետ մեկտեղ կարելի է նաև պարզել, թե ինչպես էր ստացվում, որ նախկին իշխանությունները խոստանում էին ավելացնել գիտության ֆինանսավորումն ու էդպես էլ չէին անում, թե ուր են գնում գիտությանը հատկացված փողերը, թե ինչպես է կազմակերպվում ասպիրանտուրայի ընդունելությունը և այլն։ Բայց այս բոլորը չի անի, որովհետև լրագրողը չի հարցնի, անթիվ-անհամար ֆեյսբուքյան ստատուսներ չեն գրվի, թեժ գիծ զանգող չի լինի, ու մեզ կմնա համբերատար սպասելը, թե երբ վերջապես ոչ այդքան հրատապ համարվող գիտությանն անդրադարձող կլինի։