Էլեոնոր Քեթոնի «Լուսատուները»

Երբ հերթական Պուլիցերյան կամ Բուքերյան մրցանակ ստացած ձանձրալի, ֆորմուլայիկ վեպն ես կարդում ու մտածում, որ անգլալեզու վեպը քսանմեկերորդ դարում իրեն սպառել է, ձեռքդ է ընկնում Էլեոնոր Քեթոնի «Լուսատուները», որը հենց այդ նույն անգլալեզու վեպի ավանդույթները մի նոր մակարդակի է բերում։

Նորզելանդացի Էլեոնոր Քեթոնի «Լուսատուները» վեպի իրադարձությունները տեղի են ունենում տասնիններորդ դարի Նոր Զելանդիայում. վեպի հերոսներին ոսկու տենդն է այստեղ բերել։ Վեպը սկսվում է տարօրինակ իրադարձություններով. Ուոլթեր Մուդին ժամանում է Հոկիտիկա քաղաք, որտեղ տասներկու տղամարդիկ հյուրանոցում հավաքված փորձում են հասկանալ դրանից երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդավոր իրադարձությունները։ Ճիշտ նույն գիշերվա մեջ մարմնավաճառուհի Աննա Ուեթերելն ինքնասպանության փորձ է արել, երիտասարդ մեծահարուստ Էմըրի Սթեյնսն անհետացել է, իսկ մենակյաց Քրոսբի Ուելսին մեռած են գտել։ Այդ տասներկու տղամարդիկ այս կամ այն կերպ կապված են այդ գիշերվա իրադարձություններին։ Ամեն մեկն իր թաքուն օրակարգն ու շահերն ունի՝ կախված նրանից, թե ինչպես դեպքերը կհանգուցալուծվեն։

Առաջին հայացքից վիկտորյանական վեպի պարոդիա է և ունի բոլոր անհրաժեշտ տարրերը. ապօրինի երեխաներ, առեղծվածներ, ագահություն, անարժան հարուստներ, խուճուխ լեզու։ Անգամ կարդացվում է որպես այդպիսին։ Գիրքը ոչ մի վայրկյան չես ուզում մի կողմ դնել, ու հիշեցնում է մանկությանդ Դիքենսին ու Բրոնտե քույրերին, որ անհամբերությամբ սպասում էիր, թե երբ պիտի դպրոցից տուն մտնես, որ գիրքդ կարդաս։ Բայց «Լուսատուներն» ավելին է, քան պարզապես քսանմեկերորդ դարում գրված վիկտորյանական վեպը։

Գիրքն առաջին հերթին շատ բարդ կառուցվածք ունի, ու հիմքում աստղաբանությունն է։ Տասներկու տղամարդիկ համապաստխանում են տասներկու համաստեղություններին։ Աննա Ուեթերելը, Էմըրի Սթեյնսը, Քրոսբի Ուելսն ու մի քանի այլ կենտրոնական կերպարներ ներկայացված են մոլորակներով, արևով ու լուսնով։ Գրեթե ամբողջ վեպը պատմվում է համաստեղային կերպարների տեսանկյունից, նկարագրվում են նրանց ցանկությունները, մոտիվացիան ու հարաբերությունները մոլորակային կերպարների հետ։ Իսկ մոլորակայիններն ավելի հեռու են։ Նրանց մտքերն ընթերցողին հասանելի չեն։ Միայն նրանց հետ կատարվածն է տեսանելի, մինչդեռ նրանք հենց կենտրոնում են, վեպը նրանց մասին է։

Պատմությունը հաճախ երկրորդ, երբեմն անգամ երրորդ ձեռքից է պատմվում, ու հարցականի տակ է դրվում բովանդակության իսկությունը։ Ավելին՝ տարբեր դեպքեր հաճախ ակնհայտորեն անցնում են համաստեղային կերպարների սուբյեկտիվ տեսանկյունով, ու որպես ընթերցող չես կարող հավատալ նրանց կամ ավելի ճիշտ հավատալ նրան, ինչին կոնկրետ կերպարն է հավատում։

Աստղաբանությունը հենց այնպես չէ գրքում։ Այն նաև որոշում է իրադարձությունների դասավորությունը, կերպարների բնավորությունն ու գործողությունները տարբեր իրավիճակներում։ Այսպիսով, ընթերցողը չի կարող չնկատել, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է հեղինակը կատարել վեպը գրելիս։

Նաև տեմպն է հետաքրքիր. վեպը սկսվում է դանդաղ ու ծանր։ Ամբողջ 360 էջ է պետք լինում, որ բոլոր տասներկու համաստեղային կերպարները պատմեն իրենց իմացածը։ Հետո արդեն սկսվում են գործողությունները, ու տեմպը գնալով ավելի ու ավելի է արագանում՝ վերջում հասնելով շունչ կտրվելու արագության։

Թեև զուտ սյուժետային տեսանկյունից բավական «օճառային» է, հենց այս բարդկառուցվածքի ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ «Լուսատուները» ոչ թե «սուպերմարկետային գրականություն» է, այլ բավական բարդ վեպ, որտեղ մաթեմատիկան ու լեզուն միահյուսվում են իրար։ Ավելին՝ հենց այս բարդ կառուցվածքի շնորհիվ մեջը նորանոր շերտեր կան, որոնք բացահայտելու համար պետք է երկրորդ անգամ ընթերցել։

«Կտորե տոպրակ»

Սիրելի ընթերցողներ,

Սիրով հրավիրում եմ երկար սպասված «Կտորե տոպրակ» վեպիս շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը երեկոյան 7-ին, «Զանգակ» գրատանը։

Վեպի առաջին պարբերությունը.

«Երբեք մտքովս չէր անցնի, որ կտորե տոպրակով կին կդառնամ։ Կտորե տոպրակը քաղաքական է։ Եվրոպայում դրանք կրում են ինձնից մոտ տասնհինգ-քսան տարով ջահել կանայք, երբեմն՝ ավելի տարիքովներն էլ, նաև որոշ տղամարդիկ, որ ամենաբարի միտումներով ուզում են մոլորակը փրկել գլոբալ տաքացումից, կարծես իրենց կտորե տոպրակներն ինչ-որ բան պիտի փոխեն։ Կտորե տոպրակը խոշոր բիզնեսներին ազատում է պատասխանատվությունից, ու նրանք շարունակում են անխնա բզկտել ու թալանել մոլորակը։ Կտորե տոպրակը պլաստիկ տոպրակի ու կաշվե պայուսակի արանքում է կամ փոխարինում է երկուսին։ Այն կրողը ցույց է տալիս, որ արտաքին տեսքը կարևոր չէ, կարևորը՝ ինչ է գրված տոպրակի վրա, ինչ առաջին տպավորություն ես ուզում թողնել։ Կարող է տեքստը քաղաքական լինել կամ պարզապես քո սիրելի երաժշտի կամ գրողի նկարն ունենալ կամ ինչ-որ գաղտնիք բացահայտել քո մասին։ Բայց այն ներկայանում է քեզնից առաջ՝ քո անունից, քո հագուստից, քո ձայնից առաջ․ մարդիկ առաջինը գրությունն են կարդում, հետո քեզ նայում»։

Սիրով կսպասեմ։

Աննի Էռնոյի «Տարիները»

Առաջին անգամ Աննի Էռնոյի մասին կարդացել եմ ռեժիսոր և գրող Սիւզան Խարտալեանի ֆեյսբուքյան էջում։ Հիմա չեմ հիշում, թե գրողից կոնկրետ ինչ մեջբերում ինձ գրավեց, բայց Էռնոյի անունն ավելացավ կարդացվելիք հեղինակների ցանկին։ Ու երբ 2022-ին Աննի Էռնոն գրականության նոբելյան մրցանակի արժանացավ, նրա անունն ինձ համար բնավ անծանոթ չէր։ 

Հետո արդեն Աննի Էռնոյի գրքերը հայտնվեցին Կոպենհագենի գրախանութների ցուցափեղկերին։ Գրադարաններում նրա գրքերը վերցնելու համար հերթեր գոյացան։ Իմ հայկական ու դանիական ընթերցանության երկու ակումբներն իրարից անկախ «Տարիներն» ընտրեցին որպես հունիսի կարդացվելիք։ Իսկ ես մտա ֆրանսիական գրախանութ ու գնեցի մի օրինակ՝ մտածելով, որ կվերջացնեմ, իմ օրինակը կտամ Եվային։ Բայց տասը-քսան էջ կարդալուց հետո հասկացա, որ դժվար հասցնեմ մինչև Երևան գնալս վերջացնել, նորից գնացի նույն գրախանութը և Եվայի համար երկրորդ օրինակը գնեցի։ Եվս տասը-քսան էջ, ու արդեն պարզ էր, որ իմ օրինակը ոչ մեկի չեմ տալու։ 

Ամեն նախադասությունը նորից ու նորից կարդալով, երբեմն բարձրաձայն, երբեմն թարգմանելով Մորթենի համար, երբեմն որոշ հատվածներ սքրինշոթ անելով ու ընկերներիս ուղարկելով, մտածելով, անհասկանալի մասերը գուգլելով, հասկանալի մասերը վերհիշելով մոտ երեք ամիս կարդում էի 250 էջանոց պստլիկ գիրքը։

Էռնոյի «Տարիները» Ֆրանսիայի պատմությունն է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած մինչև 2000-ականների սկիզբ։ Ֆրանսիայից բացի դա նաև հեղինակի անձնական պատմությունն է։ Կամ պարզապես Ֆրանսիայի պատմությունն է անձնական ձևով պատմած։ Այն սովորական ինքնակենսագրություն կամ հուշագրություն չէ, այլ քաղաքականն ու մշակութայինն է միահյուսված անձնականին։ 

Oգտագործելով հավաքակական դերանուններ («մենք», «նրանք»)՝ պատմությունն անանձնականացնում է, դարձնում հավաքական, մի ամբողջ սերնդի մասին։ Իսկ վերջերում դերանունը եզակի է դառնում՝ «նա», անհատականանում, անձնավորվում, վերաբերում միայն հեղինակին։ Քննարկում է նաև «եսի» ու «նայի» երկընտրանքը. «Նրա առաջնային մտահոգությունը «եսի» և «նայի» միջև ընտրությունն է։ «Եսի» մեջ չափից շատ մշտականություն կա, ինչ-որ նեղող, խեղդող բան կա, «նայի» մեջ՝ չափից շատ արտաքնություն, հեռավորություն»։

Աննի Էռնոն նաև դերանունների ընտրությամբ է նկարագրում ողջ դարաշրջանը՝ հավաքական «մենքից» անցում դեպի անհատապաշտական «եսը»։ Գրքի ողջ երկայնքով երևում է աճող սպառողականությունը, որի մեջ ամբողջությամբ խրվում են արևելյան բլոկի երկրները՝ 80-ականների վերջից ու 90-ականների սկզբից, երբ երշիկի հերթերը փոխարինվում են բանանի տոպրակներով։ 

Հեղինակն իր քաղաքական դիրքորոշումը չի թաքցնում ու հենց այդ հայացքով է պատմում ամբողջ պատմությունը՝ կիսելով ոգևորովությունը, երբ Միտերանը դառնում է Ֆրանսիայի նախագահ, դժգոհությունը մասնավորեցումներից, Ժակ Շիրակից, ԱՄՆ արտաքին քաղաքականությունից, լրատվամիջոցների՝ մարդկանց ուղեղները կառավարելուց։ Ու չնայած Էռնոն ուրիշ ժամանակաշրջանից ու ուրիշ երկրից մի կին է, հարազատության զգացում է առաջանում նրա տեքստը կարդալիս, կարծես տանը լինես, համախոհ ես տեսնում։

«Տարիներից» անմասն չէ նաև հենց կնոջ պատմությունը, թե ինչպիսին է կնոջ մարմնի նկատմամբ վերաբերմունքը, հղիության արհեստական ընդհատման օրինականացում  ու հակաբեղմնավորիչ հաբերի ազատականացումն ինչպես է փոխում կնոջ սեռական կյանքն ու վարքը։ «Տարիները» Ֆրանսիայի պատմությունն է հենց կնոջ տեսանկյունից ու կնոջ համար։ 

Ու ավարտում եմ գիրքը՝ տխրելով, որ վերջացավ, որ չի շարունակվում մինչև հենց մեր օրեր, բայց համոզված լինելով, որ նորից ու նորից եմ կարդալու, նաև զարմանալով, հիանալով, թե այդ փոքր հրատարակության մեջ ինչքան շատ բան է տեղավորվել։ Ավարտում եմ գիրքը՝ ափսոսալով, որ հայրս այդպես էլ չկարդաց, որ մեր հերթական տեսազանգի ժամանակ այս գիրքը խորհուրդ չեմ տա, որ մեր չենք քննարկի ու նմանություններ չենք գտնի իր վեպի հետ։ 

Որովհետև եթե կա մի գիրք, որը կհամեմատեի Աննի Էռնոյի «Տարիների» հետ, Վահան Իշխանյանի «Դառը ծովն» է։ Գրված բոլորովին այլ ոճով, պատկերների փոխարեն հոդվածներ միահյուսելով պատմությանը՝ «Դառը ծովն» էլ անձնականի հետ պատմում է սովետական և անկախ Հայաստանի պատմությունը նույն քաղաքական դիրքից, ինչ Աննի Էռնոն։ 

Ուրեմն երկու էսպիսի գիրք գիտեմ, որ անձնականն ու քաղաքականը միաձուլում են իրար ու պատմում դարաշրջանի մասին, մեկը Ֆրանսիայի, մեկը Հայաստանի մասին։ Ու երկուսն էլ գրված, որ «ինչ-որ բան պահպանվի այն ժամանակներից, որտեղ այլևս չես լինելու»։

Վերջին երեք տարիներին կարդացածս լավագույն գրքերը

Ֆեյսբուքում Հայկ Հովյանը գրել էր, որ բոլորի լավագույն գրքերի տասնյակներն իրար նման են, տեսնես ինչու՞։ Իմ պատկերացմամբ՝ դա պայմանավորված է նաև միանման փորձառությունով, միանման աղբյուրներից խորհուրդներ ստանալով։ Ես էլ որոշեցի իմը գրել, բայց ամեն գրքի հետ կնշեմ նաև, թե ոնց եմ գիրքը հայտնաբերել, որտեղից է ճաշակս թելադրվել։ Կենտրոնանում եմ մենակ 2019 – 2022-ին կարդացածներիս վրա։ Որ գրքին անդրադարձել եմ բլոգումս, համապատասխան հղումը նույնպես կդնեմ։

1. Սամանթա Շվեբլինի «Տենդային երազ» (“Fever Dream”)

Շվեբլինն Օրհուսի գրական փառատոնին էր մասնակցում։ Ամուսնուս՝ Մորթենին, հետաքրքրեց հեղինակի նկարագրությունը, միասին գնացինք իր միջոցառմանը, որտեղից էլ գնեցինք «Մի բերան թռչուն» պատմվածքների ժողովածուն։ Մորթենը կարդաց նաև այլ գործեր, կարելի ա ասել զոռով ստիպեց, որ «Տենդային երազը» գոնե կարդամ (քաշել էր քինդլիս մեջ)։ Ու չփոշմանեցի։ Ընդհանրապես, Շվեբլինը երևի մեր սերնդի ամենալավ գրողն է. ինդիվիդուալիզմից վերացած, աշխարհն ավելի խորությամբ ընկալող (նկարում էլ է ինքը)։

2. Էռլենդ Լոյի «Փաստեր Ֆինլանդիայի մասին» (“Fakta om Finland”)

Նորվեգիայի Բերգեն քաղաքում գրախանութ էի մտել, հարցնում էի՝ նորվեգերեն ի՞նչ խորհուրդ կտա դանիերեն իմացողի համար։ Էռլենդ Լոյի «Նաիվ. սուպերը» խորհուրդ տվեց։ Անգլերենն առա, ահագին դուրս էկավ։ Բայց լոքդաունի ժամանակ նորվեգերենի մեջ լիքը լինելով՝ հաջորդ անգամ երբ Բերգենի նույն գրախանութում հայտնվեցի, առանց վարանելու Լոյի այս գիրքը գնեցի, արդեն նորվեգերեն։ Ու սա նույնիսկ ավելի լավն էր։

3. Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ»

Եղբորս ու մորս խորհրդով։ Ընդհանրապես, ժամանակակից հայ գրականության լավագույն գործն եմ համարում։ Ավելին՝ արտասահմանցի ընկերներիս խորհուրդ եմ տալիս կարդալ, անգլերեն իմ օրինակն էլ արդեն քանի ձեռք պտտվեց։

4. Հելլե Հելլեի «Բոբը» (“Bob”)

Հելլե Հելլեի գրականությանը ծանոթացել եմ Դանիա գալուս առաջին տարում, երբ հարցուփորձ էի անում ինչ կարդամ դանիերեն, որ շատ բարդ չլինի։ Կոլեգաներս Հելլե Հելլե խորհուրդ տվեցին, տոներին էլ նրա գրքերից մեկը նվիրեցին։ Դրանից հետո մի քանի այլ գործեր էլ եմ կարդացել։ Իմ սիրելի դանիացի գրողն է։ Հենց նոր գիրք է լույս տեսնում, վազում եմ գրախանութ։ «Բոբը» լույս է տեսել 2021-ին, էդ ժամանակ էլ կարդացել եմ։ Ու ընդհանրապես, իմ գրելու վրա ամենաշատ ազդեցություն ունեցած հեղինակներից է։

5. Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը» (“Beloved”)

Ցուցակումս կար (մի ժամանակ որոշել էի բոլոր նոբելյանակիրներին կարդալ), բայց հետո հայրս էլ խորհուրդ տվեց։ Էդպես կարդացի, հավանեցի։

6. Թովե Դիթլեւսենի «Մանկության փողոց» (“Barndommens gade”)

Թովե Դիթլեւսենը Կոպենհագենի մեր կողքի շենքում է ծնվել-մեծացել։ Դրա համար մեր թաղամասն ամբողջությամբ իրենով է լցված. սալահատակներին իր բանաստեղծություններից, դիմացի մանկապարտեզի անունը՝ «Մանկության փողոց» , իր անունով հրապարակ, իր հիշատակին նվիրված բար և այլն։ Դրա համար որոշեցի կարդալ, որ հասկանամ՝ ո՞վ է մեր կողմերում ապրել։

7. Արունդհատի Ռոյի «Մանրուքների աստված» (“God of Small Things”)

Էլի հորս խորհրդով

8. Էլենա Ֆերանտեի «Կորուսյալ դուստրը»

Մորթենի նախաձեռնությամբ համանուն ֆիլմը դիտեցինք։ Չնայած Ֆերանտեի «Հանճարեղ ընկերուհու» մեծ երկրպագու չէի, էս ֆիլմն էնքան դուրս էկավ, որ որոշեցի տեսնել՝ ի՞նչ գրքի հիման վրա է նկարահանվել։

9. Պատրիկ Մոդիանոյի «Անտեսանելի թանաք» (“Encre sympathique)

Մոդիանոն իմ սիրած հեղինակներից է, որ էլի հորս շնորհիվ եմ հայտնաբերել։ Պարբերաբար նրա գրքերից կարդում եմ։ Էս մեկն էլ անցյալ տարի Պորտոյից գնեցի ու կարդացի. Պորտոն ինձ համար ամենամոդիանոյական քաղաքն է։ Եւս մի հեղինակ, որ իմ գրելու վրա ազդում է։

10. Մարգըրեթ Էթվուդի «Կույր մարդասպանը» (“The Blind Assassin”)

Էլի հորս խորհրդով։ «Աղախնի պատմությունը» չեմ կարդացել ու երևի չեմ էլ կարդա։

Ցուցակը կազմելուց հետո նկատեցի, որ ինչպես միշտ հիմնականում կին հեղինակներ են։ Գենդերային հավասարակշռություն չեմ փորձում ապահովել, մյուսների ցուցակներում էսպես թե էնպես տղամարդիկ շատ են, իսկ ես հիմնականում կանանց եմ կարդում։

«Հանգիստ աղջիկը» ֆիլմից դեպի գրականություն

Այս տարվա «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում Օսկարի ներկայացված ֆիլմերի թվում է իռլանդական «Հանգիստ աղջիկը»։ Սա ոչ միայն այս անվանակարգում երբևէ հայտնված առաջին իռլանդական ֆիլմն է, այլև առանձնանում է նրանով, որ իռլանդերեն է, ոչ թե անգլերեն։ Քսանմեկերորդ դարում անգամ Իռլանդիայում իռլանդերենի լեզվակիրների թիվը խիստ փոքր է. ըստ տարբեր հաշվարկների, մոտ յոթանասուն-ութսուն հազար, որը կազմում է Իռլանդիայի բնակչության մոտ 1%-ը։ Ինչ խոսք, Իռլանդիայի հանրապետությունն ամեն ինչ անում է իռլանդերենը փրկելու համար։ Ու իռլանդալեզու ֆիլմեր ֆինանսավորելն այդ ծրագրի մի մասն է։

«Հանգիստ աղջիկը» պատմում է գյուղական Իռլանդիայում աղքատ ընտանիքում մեծացող աղջկա՝ Քոթի մասին, որ սիրում է առանձնանալ բոլորից ու թափառել։ Քանի որ ընտանիքում հերթական երեխան պիտի ծնվեր, գլխացավանքից ազատվելու համար ծնողները որոշում են Քոթին ուղարկել Ուոթերֆորդ՝ առավել լավ ֆինանսական պայմաններում ապրող հեռավոր ազգականների մոտ։ Այստեղ Քոթը հանդիպում է անսահման սիրո և ուշադրության և կապվում է իրեն հյուրընկալած ամուսնական զույգի հետ։ Ու երբ գալիս է տուն վերադառնալու ժամանակը, Քոթը չի ուզում գնալ։

Իհարկե, այստեղ պատմությունը համեմվում է «գաղտնիքներով», հավանական բռնությամբ ու գերազանց կերպարներով ու դերասանական խաղով։ Բայց ֆիլմն ունենալով շատ ուժեղ պատկերներ՝ հարց առաջացրեց, թե արդյոք ինչ-որ գրքի հիման վրա՞ է ստեղծվել, թե՞ հենց իր համար գրված սցենարի։ Ու փնտրտուքներս տարան ինձ իռլանդացի գրող Քլեր Քիգանի մոտ. «Հանգիստ աղջիկը» նկարահանվել է նրա «Խնամակալ» վիպակի հիման վրա։ Վիպակը գրվել է անգլերեն, և միայն ֆիլմային ադապտացիան է իռլանդերեն։

Քիգանը որպես գրող շատ հետաքրքրեց։ Հայտնաբերեցի, որ վերջերս լույս տեսած և 2022-ի Բուքերյան մրցանակի շորթլիսթված նոր վիպակ ունի՝ «Էսպիսի մանր բաներ»։ Ու երբ Հռոմում իմ սիրելի գրախանութներից մեկը մտանք, փորձեցի շատ փոքր անգլերեն անկյունում փնտրել գիրքը։ Ու գտա ու մի շնչով կարդացի։

Դեռ գրքի առաջին էջերից ինձ անմիջապես գրավեց Քիգանի լեզուն. եթե նույնիսկ չիմանայի, որ իռլանդացի է, անմիջապես կկռահեի։ Հեղինակն իռլանդական անգլերենն իր ողջ հարստությամբ գրականություն էր բերել. մի բան, որ կարդացածս այլ ժամանակակից իռլանդացի հեղինակներ կա՜մ չեն կարողանում նույնքան լավ անել անել, կա՜մ չեն էլ փորձում (օրինակներ Սալլի Ռունի, Քաթրիոնա Լալլի, Քոլմ Թոբին)։ Քիգանի արձակը նաև շատ պատկերավոր է։ Հետևաբար, զարմանալի չէ, որ «Հանգիստ աղջիկը» ֆիլմի է վերածվել։ Թեև, «Խնամակալը» կարդացած չլինելով, չեմ կարող հստակ ասել, թե ֆիլմի պատկերների որ մասն է Քիգանի, որ մասը՝ ռեժիսորի ու սցենարիստի աշխատանքը։

«Էսպիսի մանր բաներ» վիպակի գործողությունները տեղի են ունենում ութսունականների գյուղական Իռլանդիայում։ Գլխավոր հերոսն աշխատավոր Ֆուրլոնգն է, որ ամուսնացած է, ունի հինգ դուստր։ Թեև հարուստ չեն, բայց ծայրը ծայրին հասցնում են։ Ֆուրլոնգն ինքը ծնվել է արտաամուսնական կապից ու երբեք չի իմացել, թե հայրն ով է։ Մայրը կաթոլիկ է եղել։ Բայց մեծահարուստ բողոքական տիկին Ուիլսոնի բարի կամքի շնորհիվ մայր ու որդի բնակվել ու ծառայել են նրա տանը, նվազագույն կարիքները հոգացվել են, Ֆուրլոնգը դպրոց է գնացել։

Սակայն Ծննդյան տոներին նախորդող օրերին Ֆուրլոնգը բռնության նշաններ է հայտնաբերում կաթոլիկ կույսերի կառավարած մի համայնքում, որտեղ «ընկած կանայք» են ապրում ու աշխատում։ Ու կանգնում է ընտրության առաջ. որևէ բան ձեռնարկե՞լ՝ վտանգելով իր դստրերի ապագան, թե՞ լռել ու ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Ֆուրլոնգն ընտրում է առաջինը։

Ֆուրլոնգի կերպարը բազմաշերտ է ու կոտրում է ազատական աշխարհի՝ աշխատավորի մասին կարծրատիպերը. հարուստ ներաշխարհ ունի, գրքեր է կարդում, փորձում է դստրերին հնարավոր ամենալավ կրթությունը տալ, հոգատար է իր համայնքի նկատմամբ։ Ֆուրլոնգը նաև ֆեմինիստ է։ Մի դրվագում, երբ կաթոլիկ մայրապետն անհանգստություն է հայտնում, որ Ֆուրլոնգը միայն դստրեր ունի, ու ոչ ոք իր ազգանունը չի ժառանգի, Ֆուրլոնգը հիշեցնում է, որ ինքն էլ իր մոր ազգանունն է կրում։

Թեև վիպակում անմիջապես չի ասվում, գրքի սկզբի ընծայագրից հասկանալի է դառնում, որ էստեղ գործ ունենք էսպես կոչված «Մագդաղենացի լվացքատների» հետ։ Փոքր-ինչ փորփրելով՝ հայտնաբերում եմ, որ Մագդաղենացի լվացքատները պետության գիտությամբ ու կաթոլիկ եկեղեցու կառավարած աշխատանքային բանտանման հաստատություններ են «ընկած կանանց» համար։ Սկզբում «ընկած կանայք» սահմանման մեջ եղել են միայն մարմնավաճառները, բայց երբ աշխատուժի պահանջը մեծացել է, սկսել են նաև ընդգրկել արտաամուսնական կապից երեխաներ ունեցող կանանց։ Ու հայտնի չէ՝ ինչ են արել երեխաների հետ։ Իռլանդիան որպես պետություն Մագդաղենացի լվացքատների համար պաշտոնապես ներողություն է խնդրել միայն 2013-ին։

Այսպիսով, այս վիպակով Քիգանն անդրադառնում է կրոնին խառնված ծայրահեղ կապիտալիզմի առավել մութ էջերին, որտեղ կանայք շահագործվում են ելնելով ինչ-որ բարոյական չափանիշներից, որոնք սահմանվում են աշխատանքային պահանջարկից ելնելով ու կամայականորեն։ Քիգանի վիպակում թեև խնդրի լուծումը խիստ մասնավոր է ու լոկալ, գալիս է աշխատավորից ու նրա անխախտ արժեհամակարգից։

Գրաքննադատները «Էսպիսի մանր բաները» Քիգանի ամենադրական գործն են համարում, որովհետև ի տարբերություն մյուսների, հույսը չի կորում։ «Հանգիստ աղջիկ» ֆիլմն էլ է հույսով ավարտվում. հետաքրքիր է՝ ֆիլմում փոխե՞լ են վերջաբանն այն առավել օսկարային դարձնելու համար, թե՞ այնուամենայնիվ վիպակն էլ է նույն կերպ ավարտվում, ու հույսի մեկնաբանությունը կախված է ընթերցողից։ Այս հարցին պատասխանելու համար պետք է կարդալ «Խնամակալը»։ Պետք է կարդալ նաև Քիգանի մյուս գործերը, ու դա մեծ հաճույքով անելու եմ։

Հիշողությունը որպես մարդկանցկառավարելու միջոց. Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթին», Օգավայի «Հիշողությանոստիկանությունը» և Փաշինյանի Հայաստանը

Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպն իմ կարդացած առաջին «մեծական» գրքերից է, որ երևի տասնմեկ-տասներկու տարեկանում եմ կարդացել։ Դեռ այդ տարիքից որպես ընթերցասեր ու հեռուստացույցը տանել չկարողացողի՝ Բրեդբերիի գործը դուրս եկել էր։ Գրքերը կարևոր են, խորը գիտելիքի աղբյուր, եկեք դրանք հեռուստացույցով չփոխարինենք. մոտավորապես սա էր «Ֆարենհայթից» հասկացածս։ Ու մանկությանս այս գիտաֆանտաստիկ վեպին երբեք չէի վերադառնա ու չէի բացահայտի, որ այն միայն գրքերի մասին չէ, եթե Կոպենհագենում մեր ընթերցողների ակումբը չընտրեր այն որպես հերթական գիրք։ 

Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում հրշեջները ոչ թե կրակ են հանգցնում, այլ այրում են գրքերը։ Այդ հորինված հասարակությունում գրքերը հնացած են, անցյալի մաս են կազմում, ու այլևս ոչ ոք դրանք չի կարդում։ Մի կողմից, դրանք արգելված են, ու ում մոտ հայտնաբերում են, անպայման այրում են։ Մյուս կողմից, մարդիկ դրանց կարիքը չեն զգում ու կամաց-կամաց մոռանում են, թե գրքերն ինչի համար են եղել։ 

Գլխավոր հերոսը՝ Մոնթագը, որ այդ հրշեջներից մեկն է, հանդիպելով երիտասարդ Քլարիսին՝ կամաց-կամաց սկսում է հասկանալ, որ ինքը հեչ էլ երջանիկ չէ այդ հասարակությունում ապրելով, որ ինչ-որ բան պակասում է, ու հավանաբար գրքերն են։ Մոնթագն իր հարցերի պատասխանը փնտրում է պրոֆեսոր Ֆաբերի մոտ։ Բայց Ֆաբերը Մոնթագին բացատրում է, որ խնդիրը գրքերը չեն. «Ձեզ ոչ թե գրքեր են հարկավոր, այլ այն, ինչ երբեւէ եղել է դրանցում»։ Ես էլ, որ ապրում եմ տպագիր գրքերից կամաց-կամաց հեռացող քսանմեկերորդ դարում, Բրեդբերիի այս վեպը երկրորդ անգամ ոչ թե կարդում էի, այլ լսում աուդիոտարբերակը։ 

Բայց «Ֆարենհայթում» գրքերը միայն հարցի մի փոքր կողմն են։ Այստեղ ամբողջովին կառավարվող հասարակություն է, որին թելադրել են ինչպես մտածել ու ինչ անել։ Այստեղ հյուրասենյակի պատերին ցուցադրվող կադրերն են օրակարգ թելադրում։ Այստեղ ուրիշ կերպ մտածող, տեղեկատվության ուրիշ աղբյուր փնտրող (գիրք կարդացող) մարդիկ փոքրամասնություն են ու պատժվում են։

Նմանատիպ վեպ է նաև ճապոնացի Յոկո Օգավայի «Հիշողության ոստիկանությունը», որտեղ մի կղզուց պարբերաբար ինչ-որ իրեր կամ կոնցեպտներ «անհետացվում» են. թռչուններ, վարդեր, օրացույցներ (որոնց հետ տարվա եղանակների կոնցեպտը), գրքեր և այլն։ Առարկաների անհետացվելու հետ դրանք վերանում են նաև մարդկանց հիշողությունից։ Սակայն կան փոքրաթիվ մարդիկ, որոնք հիշում են անհետացվող առարկաները։ Ինչպես Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթում» հրշեջներն են վերահսկում, որ մարդիկ գրքեր չունենան, էնպես էլ Օգավայի վեպում հիշողության ոստիկանությունն է վերահսկում, որ «անհետացված» առարկաներ տներում չլինեն։ Իսկ հիշող մարդկանց ձերբակալում ու տանում են անհայտ ուղղությամբ։ 

Սակայն էական տարբերություն կա երկու գրքերի գլխավոր հերոսների միջև. Մոնթագը ուշքի է գալիս, սկսում գրքեր պահել, դիմադրել համակարգին։ Իր սեփական տունը վառելուց հետո ի վերջո փախչում է, գտնում համախոհների, որոնցից յուրաքանչյուրը որևէ գիրք անգիր գիտի (կենդանի «աուդիոգի՞րք»)։ Օգավայի անանուն գլխավոր հերոսուհին թեև հասկանում է ինչ է կատարվում, սակայն դիմադրել չի կարողանում. անհետացումներն ու մոռացումն իր վրա էլ են ազդում։ Իհարկե, կա խմբագիր Ռ.-ն, որը փոքրաթիվ չմոռացողներին է պատկանում ու որը հիշողության ոստիկանությունից թաքնվում է հերոսուհու տանը և պատմում անհետացված առարկաների մասին։ Բայց ի վերջո էդպես էլ հերոսուհին չի կարողանում դիմադրել համակարգին, ու երբ մարմնի մասերն են հերթով անհետացվում, վերջում նրանից միայն ստվեր է մնում։

Այս առումով Բրեդբերիի վեպը, ի տարբերություն «Հիշողության ոստիկանության», հույսը չի կոտրում. պատերազմ է սկսվում, քաղաքը հողին է հավասարվում, և միայն քաղաքից դուրս գտնվող այլախոհ «խոսող գրքերն» են կենդանի մնում՝ այսպիսով հնարավորություն ստանալով նոր հասարակություն ստեղծել, որտեղ գրքերը նորից կենտրոնական դեր կկատարեն։

Բրեդբերիի ու Օգավայի վեպերը Նիկոլ Փաշինյանի Հայաստանն են հիշեցնում. այստեղ փորձում են Արցախը մոռացության մատնել։ Պաշտոնական հաղորդագրություններում Ադրբեջանի յուրաքանչյուր հարձակման ժամանակ «հայ-ադրբեջանական սահման», ոչ թե «շփման գիծ» տերմինի գործածվում։  Աննա Հակոբյանը գրքակատվային ու ֆուտբոլային գրառումներ է անում սոցիալական ցանցերում Արցախի շրջափակման ժամանակ։ Երևանում մանկական Եվրատեսիլ է անցկացվում։ Քաղաքը ճոխ զարդարվում է Նոր տարվա համար՝ առանց որևէ մի նշույլի, որ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ մեր հայրենակիցները շրջափակման մեջ են։ 

Իրականությունը շրջաձակված Արցախում
(լուսանկարը Դավիթ Ղահրամանյանի)
Զուգահեռ իրականությունը Երևանում
(լուսանկարը yerkir.am կայքից)

Իսկ Արցախի մասին հիշողները, ինչպես «Ֆարենհայթում» ու «Հիշողության ոստիկանությունում», պատժվում են սարքովի, կարած քրեական գործերով. Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը նույն հրշեջների ու հիշողության ոստիկանության դերն է կատարում։ Պատժի տեսակ է նաև ասարակության պարսավանքին արժանացնելը. «որ հրապարակը չզարդարվի, շրջափակումը կվերանա՞», «կյանքը շարունակվում է», «հո չենք նստելու, սաղ օրը լացուկոծ անենք» և այլն։ «Ֆարենհայթում» էլ Մոնթագի կինը և նրա ընկերուհիներն են նույն դերը կատարում։

Բայց ի՞նչ անել։ Ի՞նչ վերջաբան ընտրել, երբ մարդկանց հիշողությունը կառավարվում է մի առավել մեծ համակարգի կողմից, որին դիմադրողները փոքրաթիվ են ու լռեցվում են։ Սրա պատասխանն էլ Բրեդբերին ունի այլախող Գրեյնջերի ձայնով, որը Մոնթագին բացատրում է. «…չի կարելի մարդկանց բռնությամբ ստիպել, որ լսեն։ Նրանք պետք է իրենք հասկանան եւ իրենք մտորեն, թե ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ պայթեց աշխարհը իրենց ոտքերի տակ։ Այսպես չի կարող հավերժ շարունակվել»։

Բրեդբերիի ու Օգավայի վերջաբաններից ընտրում եմ առաջինը։ Մենք ստվեր չենք դառնա, ամեն ինչ, էդ թվում մեր մարմինները մոռացության չեն մատնվի, այլ կգա մի օր, որ փաշինյանական ամբողջ համակարգը կփլվի, ու այդ ժամանակ «քայլող գրքերի» կամ «հիշողների» կարիքը շատ մեծ կլինի, որ կառուցվի նոր համակարգ, որի կենտրոնում կլինի ազգային կոլեկտիվ հիշողությունն ու համերաշխությունը դասակարգերի միջև։

Մոդիանոն ու Պորտոն

Պորտոյի մի գրախանութում գրքերն եմ ուսումնասիրում։ Պորտուգալական գրականություն եմ փնտրում մի լեզվով, որ կարող եմ կարդալ։ Պորտոյի գրականություն եմ փնտրում։ Հետաքրքրող վերնագրերը հերթով վերցնում, թերթում, վերադարձնում եմ իր տեղը։ Հասնում եմ ֆրանսերեն գրականության բաժին։ Արդեն պորտուգալականի մասին մոռացել եմ։ Ծանոթ հեղինակների նոր գրքերն եմ վերցնում, թերթում, նորից տեղը դնում։ Պատրիկ Մոդիանոն նոր գիրք ունի. «Անտեսանելի թանաք»։ Բացում եմ գիրքը, կարդում առաջին նախադասությունը. «Այս կյանքում դատարկություններ կան, դատարկ էջեր, որ կարող ես գուշակել բացելով «գործը». երկնագույն կազմով մի պարզ թղթապանակ, որ տարիների ընթացքում խամրել է»։

Շարունակում եմ կարդալ։ Ինձ մոտենում է աշխատողը և անգլերեն հարցնում, թե արդյոք օգնության կարիք ունեմ։ Պատասխանում եմ, որ ոչ։ Երբ հասնում եմ գրքի երկրորդ էջին, որոշում եմ, որ սա է որ կա Պորտոյի գիրքը, գնում եմ գիրքը, դուրս գալիս գրախանութից։

Մոդիանոյի գրքերից շատերը Փարիզում են տեղի ունենում։ Փոփոխվող քաղաքի, անցյալի հուշերի ու հիշողության բացերի, անցած երիտասարդության, ինքնության փնտրտուքի մասին են։ Անցյալը կորցնում է իր մանրամասները, պատառիկներ են, ստվերներ, ուրվականներ, հաճախ ոչ ճշգրիտ, անվստահելի։

Ու հենց էդպիսի քաղաք է Պորտոն։ Անցնում ես լքված տների մոտով ու մտածում՝ ի՞նչ պատմություններ, ի՞նչ հիշողություններ ունեն այս տները։ Ինչ-որ ժամանակ էստեղ մարդիկ են ապրել, արարել, սիրել, իրենց գաղտնիքներ ունեցել։ Ու այս պատմությունները գուցե դեռ ապրում են ոմանց հիշողություններում։ Հենց Պորտոյում է տիրում Մոդիանոյի գրքերի տրամադրությունը։ Փարիզում դա չես զգում։

Իսկ «Անտեսանելի թանաքը» հերթական տիպիկ մոդիանոյական գործն է, որ Մոդիանոն գրել է 2014-ին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո։ Ժամ Այբենը հիշում է երեսուն տարի առաջվա մի չփակված գործ, որով որոնում էր Փարիզից անհետացած մի կնոջ՝ Նոել Լըֆեբվրին։ Այս փնտրտուքները նրան տանում են ֆրանս-շվեյցարական սահման, սեփական անցյալ, սեփական երիտասարդություն ու սեփական հիշողության բացեր։ Հիշատակվում են տարբեր անուններ ու հասցեներ։ Փնտրտուքները հասցնում են Հռոմ, որը չունի տարիք, փոփոխվող չէ, չունի անցյալ ու ապագա, ունի միայն ներկա։ Շատ բաներով «Մութ կրպակների փողոցն» է հիշեցնում, բայց չկա հետպատերազմյան համատեքստը։

Մոդիանոյի կերպարները, ընդհանուր առմամբ, կարծես ժամանակին փորձել են մոռանալ, իսկ հետո ջանք են գործադրել, որ հիշեն։ Հետպատերազմյան տրավմա՞ն է։ Հավանական կոլաբորացիոնիստ հա՞յրը։ Ամեն դեպքում, Մոդիանոն նորից ու նորից է վերադառնում այս թեմաներին, իսկ ես, որպես ընթերցող, նորից ու նորից եմ վերադառնում Մոդիանոյին. իմ առաջ ոչ թե մոռանալու, այլ հիշելու խնդիր է դրված, նախնիներիս, ծնողներիս ու իմ սերնդի հիշողությունները պինդ պահելու, որովհետև ամեն ինչ արվում է, որ մոռանանք։

Սալլի Ռունիի ֆենոմենը ու նրա երրորդ վեպը

Սալլի Ռունիի առաջին վեպը՝ «Զրույցներ ընկերների հետ», կարդացել եմ դեռ 2018-ի ամռանը, երբ «Նորմալ մարդիկ» լույս չէր տեսել, ու Ռունիի հաջողությունը դեռևս սահմանափակ էր, հայտնի միայն գրական նեղ շրջանակներում ու գրական փառատոնի այցելուներին։ Ու երբ կարդում էի այդ վեպը՝ Լուիզիանա գրական փառատոնին ընդառաջ, գիտեի նաև, որ շուտով երկրորդն է լույս տեսնելու՝ «Նորմալ մարդիկ»։

Sally Rooney: 'I don't respond to authority very well' | Sally Rooney | The  Guardian

Իսկ Ռունին աշխարհահռչակ դարձավ իր «Նորմալ մարդիկ» վեպով, որի էկրանավորումից հետո նրան սկսեցին կարդալ նույնիսկ նրանք, ովքեր երբեք գիրք չէին բացում։ Նրան հռչակեցին «մի ողջ սերնդի ձայն» և «Սնափչաթի սերնդի Սելինջեր»։ «Նորմալ մարդիկ» ներկայացվեց բուքերյան մրցանակին, թեև չստացավ այն։

Այն ժամանակ քսանյոթամյա իռլանդացի Սալլի Ռունին հետաքրքիր ֆենոմեն էր, որին դժվարանում էին դասակարգել. չիկլի՞տ է (կանանց համար նախատեսված թեթև, էժանագին գրականություն), թե՞ լուրջ գրական արժեք ունի։ Ռունիի գրքերի վաճառքն անցել է միլիոնը, բայց նաև գրականագետներն են դրական գնահատական տվել (Բուքերյան մրցանակի ներկայացվելը որպես օրինակ)։ Ո՞նց է դա հնարավոր։

Ինքս էլ մեծ հաճույքով եմ կարդացել Ռունիի երկու գրքերը, ու այնքան էր դուրս եկել, որ սկսել էի աջուձախ բոլորին նվիրել, հատկապես «Զրույցներ ընկերների հետը»։ Ռունիի ձեռագիրը շատ յուրահատուկ է, էնքան լավ է գրում, որ ուզում ես անընդհատ կարդալ առանց դադարի։ Բայց նաև, այո, մեր սերնդի ձայնն է։

Աշխարհի տարբեր հատվածների միլենիալների համար է, որ սիրային հարաբերություններն ուրիշ տեսք են ստացել. ազատության արդյունքում ընտրության հնարավորություն ենք ձեռք բերել, բայց այդ ընտրության հետ նաև սխալվելու վախ։ Իսկ ինտերնետը մեծացրել է տեսականին, փոխել հաղորդակցության ձևը, ինչի արդյունքում մենք խոսում ենք (ավելի ճիշտ, գրում) շատ, բայց ոչինչ չենք ասում։ Այս ամենի արդյունքում շատ պարզ ընկերություն անել-ամուսնանալ, դավաճանել-չդավաճանել բանաձևը, խուճուճ երանգներ է ստացել, ներմուծվել են նոր տերմիններ, ինչպիսիք են «էքսկլուզիվություն» կամ դրա բացակայություն, «բաց հարաբերություններ», գոսթինգ, «օգուտով ընկերներ», «մի գիշերվա սեր» և այլն։ Ամուսնությունը դարձել է ոչ թե հարաբերության սկիզբ, այլ հաջողության արձանագրում, իսկ դրան հասնելը՝ տարիներ տևող երկար ճանապարհ, որը տարբեր փուլեր է անցնում՝ առանց պարտավորության դեյթինգից մինչև պաշտոնական ընկեր-ընկերուհի, միասին ապրել, գուցե նաև երեխաներ ունենալ, կամ հետուառաջ է անում, վերևում նշված տերմիններից որևէ մեկով նկարագրվում ու ավարտվում։

Միլենիալների՝ միմյանց սիրելու այս խառը ճանապարհն է, որ Սալլի Ռունին բերել է գրականություն, ու դա արել է մեծ վարպետությամբ։ «Զրույցներ ընկերների հետի» Բոբբիի ու Ֆրանսիսի, «Նորմալ մարդկանց» Քոնելի ու Մարիաննայի մեջ բազմաթիվ միլենիալներ իրենք իրենց են տեսել, իրենց ընկերներին են տեսել, իրենց չստացված հարաբերություններն են տեսել։

Ու դրա համար է, որ Ռունիի երրորդ վեպին՝ «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես»-ին, ամբողջ աշխարհը, ես էլ հետը դեռևս 2018 թվից (այն ժամանակ դեռ չգրված ու անանուն), շունչներս պահած էինք սպասում։ Ու սեպտեմբերի 7-ի առավոտյան կյանքիս մեջ առաջին անգամ գրքի լույս տեսնելու օրը մտա գրախանութ, ձեռք բերեցի իմ օրինակը։

Beautiful World, Where Are You by Sally Rooney

Սալլի Ռունիի երրորդ վեպն առաջին երկուսից շատ չի տարբերվում. նորից լիքը չասված բաներ, թվային տեխնոլոգիա, սոցիալական ցանցեր, էլեկտրոնային նամակագրություն, ինտելեկտուալ մտքեր սոցիալիզմի մասին։ Վեպի գլխավոր հերոսուհիներից մեկը գրող Ալիսն է, որ մեծ հաջողության հասած երկու վեպերից հետո փորձում է հաշտվել իր հայտնիության հետ, տեղափոխվում Իռլանդիայի հեռավոր մի գյուղ, Թինդերով ծանոթանում է Ֆելիքսի հետ ու սկսում հետը հանդիպել։ Մյուս հերոսուհին Ալիսի մտերիմ ընկերուհի Այլինն է, որ գրական ամսագրում է աշխատում, ու իր մանկության ընկերոջ՝ Սայմոնի հետ «օգուտով ընկերներ» հարաբերություններ խաղում։

Գիրքը ոչ մի նոր բան չի ասում նախորդ երկուսի համեմատ։ Ալիսի ու Այլինի հարաբերությունները լրիվ նույնն են, ինչ Բոբբիինն ու Ֆրանսիսինը «Զրույցներ ընկերների հետ»-ում, իսկ Այլինն ու Սայմոնը ճիշտ «Նորմալ մարդկանց» Մարիաննան ու Քոնելն են։ Այս նոր գրքում Ռունին կատարելագործել է էլեկտրոնային հաղորդակցությունը։ Այն, ինչ էջեր շարունակվող ձանձրալի նամակներ էին «Զրույցներ ընկերների հետ»-ում, այստեղ լակոնիկ, կոնկրետ ու հետաքրքիր տեքստեր են։ Բայց երևի սա «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես»-ի միակ առավելությունն է։

Մնացած դեպքերում Ռունին կարծես որոշել է անել այն, ինչ իր մոտ լավ է ստացվում, ու անել դա ավելի շատ։ Սեքսի տեսարանները չափից դուրս շատ են. կարծես նախորդ գրքերից ստացած քննադատությունը, թե սեքսի տեսարանները շատ զուսպ է նկարագրում, հաշվի է առել, ու դրանք ավելի բաց դարձրել այս նոր վեպում։ Ընդհնարապես, գիրքը կարելի է ամփոփել հետևյալ նախադասությամբ. «էլեկտրոնային նամակներով ընդհատվող սեքսի տեսարաններ»։

«Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես» վեպի լուրջ թերություններից մեկը նաև կերպարների արհեստականությունն է։ Չորսից ոչ մեկի գոյությանը չես հավատում, նրանց քայլերն անտրամաբանական են ու չհիմնավորված, չեն բխում իրենց բնավորությունից։

Գրքի բազմաթիվ գլուխներ խիստ վորքշոփային էին. կարծես կոնկրետ գրական առաջադրանք էր լուծում, ինչն իհարկե ինքն իրենով խնդիր չէ, բայց էսպիսի առաջադրանքների արդյունքում գրքի ոճը խիստ անհամասեռ էր, բովանդակությունը՝ տեղ-տեղ կրկնվող։

Թվում է՝ «Գեղեցիկ աշխարհ, որտե՞ղ ես» գրքի առաջին սևագրում վերջին երկու գլուխները պիտի չլինեին, որովհետև այն ավարտվում է խիստ ռունիական երկիմաստ, հուզական ձևով, իսկ հետո գալիս է ևս երկու գլուխ, որ այդ վերջին տեսարանի թողած ազդեցությունը լրիվ քանդում են։

Սալլի Ռունիի այս նոր գիրքը բազմաթիվ օրինակներով կվաճառվի, չեմ կասկածում։ Գուցե նաև էկրանավորվի էլ։ Բայց այ հաջորդ գիրքը չգիտեմ՝ կկարդա՞մ, թե՞ ոչ։ Երեք հատ նույն բանն ինձ համար հերիք է։ Կուզեի, որ հաջորդ գրքերում ոչ թե ռոմանտիկ հարաբերությունների դոզան մեծացներ, այլ դասակարգային անհավասարությունն ավելի խորը քններ, ավելի առաջին պլան մղեր. ի վերջո, Ռունին թե՜ իր գրքերում, թե՜ հարցազրույցներում միշտ խոսում է իր ձախ հայացքներից, ու լինելով «միլենիալների ձայնը»՝ գուցե նաև անդրադառնա ավելի խորը, գաղափարական հարցերի։

Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը»

Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճանպրուկը» կարդալիս շարունակ մի հարց էի տալիս ինքս ինձ. ինչու՞ մենք եզդիների մասին այսքան քիչ բան գիտենք։ Ամեն դեպքում, այս գրքով Թերեզա Ամրյանը բացը լրացրել է ինչ-որ չափով. իր ընտանիքի պատմությունը համադրելով եզդիների մասին ակադեմիական գիտելիքներով՝ Թերեզա Ամրյանն ընթերցողին է ներկայացնում եզդիների մշակութային առանձահատկություններն ու պատմության կարևոր կետերը։ Ու դա անում է սիրով ու հպարտությամբ, գրքի էջերից զգացվում է սեփական ժողովրդի նկատմամբ անմնացորդ սերը։ Հեղինակը, խորությամբ հասկանալով իր ժողովրդի ավանդույթները, նաև մատնացույց է անում, թե որտեղ դրանք պետք է փոխվեն (օրինակ՝ կանանց կրթություն ստանալու հարցը)։

Եզդի կինը, որի ճամպրուկի մասին խոսվում է գրքում, հեղինակի նախատատն է՝ ընեն։ Ու այս ճամպրուկի մեջ Թերեզա Ամրյանը հավաքում է իր համար թանկ հիշողությունները, պատմությունները, զգացողություններն ու իրերը։

Գիրքն ընդհանուր առմամբ գրված է բարի, միամիտ տոնով։ Որպես ընթերցող հեղինակի սերը սեփական ժողովրդի նկատմամբ փոխանցվում է նաև քեզ։ Ավելի լավ ես հասկանում եզդիներին, ավելի շատ գնահատում Հայաստանի գոյության փաստը, որովհետև այս պետությունը ոչ միայն հայ, այլև եզդի ժողովրդի անվտանգության երաշխիքն է. եզդիներին էլ մեզ նման անընդհատ հալածել ու ցեղասպանել են, ու Հայաստանը մի պետություն է, որտեղ եզդի ժողովուրդն անվտանգ է։

Հեղինակն անդրադառնում է նաև արևմուտքի կեղծավորությանը, ու թե ինչպես քսանմեկերորդ դարում եզդի ժողովրդի ցեղասպանություն թույլ տվեցին բոլորի աչքի առաջ. մի բան, որ հազվադեպ էր արևմտյան լրատվամիջոցներ մտնում։ Տողերի արանքից տեսնում ես առաջադիմության ու առաջադեմ արևմուտքի նկատմամբ քննադատական վերաբերմունքի հազվագյուտ համադրություն։

Ընդհանրապես, ես ու ամուսինս հաճախ ենք քննարկում պետությունները ոչ թե որպես ազգերի տարածքային միավոր, այլ որպես կոնցեպտ։ Էդ կոնտեքստում Դանիան օրինակ դիտարկում ենք որպես քաղաքացու ու իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիների՝ միմյանց միջև փոխադարձ վստահության համակարգ, որտեղ եթե ընկնես, պետությունը քեզ ոտքի կկանգնացնի, որտեղ պետությունը քո մասին հոգ կտանի նեղ իրավիճակներում։ Իհարկե, դրա դիմաց «վարձն» էլ բարձր հարկերն են։ Եթե այս արժեհամակարգի հետ մարդ համաձայն չէ, կարող է գնալ, ապրել մի տեղ, որտեղ հարկերն ավելի քիչ են, իսկ սեփական բարօրրությունը կախված է միայն ու միայն իրենից։

Պետություն-կոնցեպտների կոնտեքստում շատ դժվար է Հայաստանը ձևակերպել։ Պատերազմից հետո հայ ընկերներիս հետ հաճախ եմ քննարկում այս հարցը. ի՞նչ է Հայաստանը որպես կոնցեպտ, ի՞նչ է ուզում լինել։ Անկախության երեսուն տարիներին մենք էդպես էլ չենք ունեցել այդ կոնցեպտը։ Գուցե Արցախի ազատագրումն ու ինքնորոշումը, հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը լիներ այդ կոնցեպտը, բայց պատերազմը, դրա հետևանքները ու այդ հետևանքների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ցույց տվեց, որ ամեն դեպքում այդքան ուժեղ չէր կոնցեպտը կամ գուցե այնքան էլ աշխատող չէր։

Իսկ Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» կարդալուց հետո հասկացա, թե ինչ կոնցեպտ պիտի լիներ Հայաստանը, որ էդպես էլ չեղավ. Հայաստանը պիտի լիներ այն պետությունը, որտեղ կպատսպարվեին թուրք-իսլամական ագրեսիայից տուժած ժողովուրդները՝ առաջին հերթին հայերն ու եզդիները, որովհետև Հայաստան (ու այստեղ Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Արցախ) պետության գոյության իմաստը հենց դա է. մեզ պետություն պետք է ոչ թե նրա համար, որ դե ազգ ենք, լավ կլինի ազգային պետություն ունենանք (ու ի դեպ, արևմուտքում էլ շատերը հատկապես Արցախի հարցը այդ ուղղությամբ շուռ տալով՝ պնդում են, թե տարբեր ժողովուրդներ կարող են ապրել մի պետությունում), այլ նրա համար, որ պաշտպանվենք հարևանների ցեղասպանական գործողություններից, իսկ այդ հարցը ոչ միայն հայերին, այլև եզդիներին, ասորիներին ու այլ ազգերի է վերաբերում։

Գրքի լեզուն մի քիչ կաշկանդված էր, ու լավ խմբագրումից հաստատ կշահեր։ Ամեն դեպքում, եթե ուզում եք մեզ հարազատ եզդի ժողովրդի մասին ավելին իմանալ, անպայման կարդացեք այս գիրքը. սա անձնականի ու գիտականի հրաշալի համադրություն է։