Վստահություն

Էս շաբաթ Օրհուսում սենյակ ճարելն ահագին բարդ գործ էր։ Ավելի ճիշտ, ուզում էի նաև շաբաթ֊կիրակի մնալ, ու Մորթենը գար մոտս, բայց որևէ խելքին մոտ տեղում գտնվող սենյակ էդ ընթացքում հասանելի չէր։ Վերջը որոշեցի գոնե երեք օր մնալ, Մորթենը հինգշաբթի կգա մոտս, ուրբաթ իրար հետ կվերադառնանք Կոպենհագեն։ Իսկ հինգշաբթի էստեղ գալու իմաստն էն էր, որ պիտի միասին լինելու մեր երրորդ տարեդարձը նշենք։

Էդպես ամրագրեցի ոչ այնքան հարմար մի սենյակ, որը մնացած անհարմարություններից բացի նաև խոհանոց ու վայֆայ չուներ ու որոշեցի, որ ամեն դեպքում Օրհուսում մշտական սենյակ ունենալու հարցը լուծել վերջապես. ամեն շաբաթ դեսուդեն չեմ ընկնի, ու շաբաթ֊կիրակի քաղաքում մնալն էլ խնդիր չի լինի։ Իրականում վերջին երեք ամիսների ընթացքում լիքը սենյակներ էի գնում նայելու, բայց ոչ մեկը չէի վերցնում. համալսարանից հեռու, կասկածելի տանտեր, ոչ հաճելի ռումմեյթ, անբավարար կահավորում և այլն, և այլն։ Այս ընթացքում միայն մի սենյակ էր եղել, որ ուզեցել եմ վերցնել, այն էլ տանտիրուհին գրել էր, թե լողարանի վերանորոգումը հունվարից տեղափոխվում է օգոստոս, ու սենյակը չի կարողանա վարձով տալ։

Այս շաբաթվա սենյակն ամրագրելիս նաև նորից փորփրեցի բնակարանային հայտարարությունները, չնայած հույս չունեի, որ մի բան կգտնեմ. ուսանողների սեզոնն էր։ Ամեն դեպքում, համալսարանի պորտալում հարմար գնով երկու սենյակ գտա ու կապվեցի տանտիրուհիների հետ։ Երկուսի հետ էլ պայմանավորվեցի այս շաբաթ հանդիպել։

Երեկ, երբ հասա այս շաբաթվա սենյակս, քիչ էր մնում՝ լացեի։ Սպասածիցս ահավոր էր. սենյակում մահճակալից բացի ուրիշ ոչինչ չկար, դարակները լիքն էին տանտիրոջ իրերով, հետևաբար ուսապարկիս պարունակությունը պիտի գետնին լցնեի։ Ու թեև գիտեի, որ խոհանոց չկար, բայց չէի պատկերացնում, թե որքան բառացի էր դա. որևէ տեսակի հարմարանք՝ թեյնիկ, գդալ, ափսե, բաժակ և այլն չկար, այսինքն՝ այս շաբաթ լրիվ դրսում եմ ուտելու։

Էս բոլորը հերիք չէ, առավոտյան պարզվեց, որ այսօր տաք ջուր չի լինելու։ Բարեբախտաբար, գործից հետո պիտի լողավազան գնայի, ու էնտեղ կարող էի ցնցուղ ընդունել։ Սառը ջրով մարմինս շփեցի ու հետո սուրճս սարքեցի. աչքաչափով մի քիչ սուրճ լցրեցի թերմոսիս մեջ, վրան սառը ջուր ավելացրի ու սկսեցի թափահարել։ Սովորաբար սառը սուրճ խմում եմ միայն շոգ ժամանակ, բայց այսօր կարծես այլընտրանք չկար։

Օրվա վերջին պիտի սենյակներից մեկը տեսնեի։ Ուրեմն այս շաբաթվա տեսնելիք երկու սենյակներն էլ քաղաքի կենտրոնում էին ու համալսարանից հեռու չէին։ Սա Օրհուսի համար բացառիկ համադրություն է. քանի որ համալսարանը բլրի վրա է, բլրի ստորոտում կամ մոտակա մեկ այլ բլրի վրա գտնվող բնակարաններից համալսարան հասնելն ահագին լուրջ տանջանք է։

Երկու տանտիրուհիներն էլ նույն անունն ունեին, ու երկու սենյակների գներն էլ նույնն էին։ Միակ տարբերությունն այն էր, որ նրանցից մեկը բավական ջերմ ու հետաքրքիր էր իր նամակներում, իսկ մյուսը չոր ու մի տեսակ վերևից նայողի տոնայնությամբ։ Առաջինի հետ հենց այսօր էի հանդիպելու, ու եթե ամեն ինչ լավ գնար, երկրորդի հետ հանդիպումս պիտի չեղարկեի։

Ուղիղ ժամը հինգին հասա բնակարան։ Բլուրն ի վար գնացող իմ սիրած փողոցի վրա էր։ Էդտեղից Օրհուսը հատկապես սիրուն է երևում, ու ի՜նչ հավես պիտի լիներ գործից տուն գնալիս ամեն օր հենց էդտեղով անցնել։ Տանտիրուհին տարիքն առած մի շատ հաճելի կին էր։ Տարածքը ցույց տվեց։ Տեսա, որ լիքը գրքեր ունի։ Ասաց, որ թոշակի անցած ուսուցիչ է, իսկ հիմա գրող է, ու իրեն լռություն է պետք, որ գրի։ Էստեղ պիտի ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի, Դանիայում ուսուցիչներն ամենազարգացած, լայնախոհ ու խելացի խավերից են։ Երբ նոր էի եկել Դանիա, Հայաստանի փորձից ելնելով՝ թերահավատությամբ էի լցված նրանց հանդեպ։ Բայց հետո տեսա, որ իմ ընկերներից շատերն իրենց PhD֊ն վերջացնելուց հետո դպրոցներում են աշխատանքի ընդունվում, շփվեցի նաև ուսուցիչների հետ, որոնք իրենց աշակերտների համար գիտությունը գովազդող ծրագրեր էին անցկացնում, ու համոզվեցի, որ քանի էսպիսի ուսուցիչներ կան էս երկրում, կարող ենք հանգիստ լինել, որ դեբիլ սերունդ չի մեծանա։

Մի խոսքով, այս տանտիրուհին էլ, սենյակն էլ անմիջապես դուրս եկան, ու դեռ էնտեղից դուրս չեկած ասացի, որ սենյակը վերցնում եմ։

֊ Էդքան արա՞գ։ Գուցե մտածե՞ս,֊ ասաց։
֊ Լիքը սենյակներ եմ տեսել։ Սրանից լավը չկա։ Ես սա եմ ուզում։
֊ Լավ,֊ ասաց,֊ ահա քեզ բանալին։

Ու միանգամից բանալին տվեց։ Վերցնելիս տատանվեցի.
֊ Ինձ էսքան վստահու՞մ ես։
֊ Դանիացիներս վստահող ազգ ենք,֊ ասաց,֊ միայն թե վարձը փոխանցիր։
Ես գիտեմ, որ դանիացիները վստահող ազգ են, բայց վստահում են միայն իրար, ու նրանցից շատերը իրենց երկրի հետ կատարվող ցանկացած վատ բան օտարերկրացիների վրա շառ անում։ Ու երևի հասկացավ մտքերիս ընթացքը, որովհետև անմիջապես ավելացրեց.
֊ Ես օտարեկրացիներին վստահում եմ։

Ու էստեղ հասկանում ես, որ էս երկրում մարդկայնությունը բնավ կորած չէ։ Երանի՜ բոլորն այս երկրում այս տիկնոջ նման լինեին։ ԴՖ֊ն այլևս երբեք քսան տոկոս չէր հավաքի։

Նրա տնից դուրս գալուց հետո հենց համակարգչովս նստեցի, վարձը փոխանցեցի, իսկ մյուս տանտիրուհուն գրեցի, որ չեմ գա սենյակը նայելու, որ արդեն գտել եմ սենյակ։

 

 

Ընդմիջում

Անցյալ շաբաթ համալսարանը նոր աշխատողների համար ինֆորմացիոն հանդիպում էր կազմակերպել։ Ընդամենը յոթ-ութ հոգի էին ներկա, որոնցից միայն երկուսս էինք իսկապես նոր սկսում․ մյուսները մի հինգ տարվա PhD-ուսանողներ կամ նույնիսկ մաստեր անողներ էին, որոնք ուզում էին հետո շարունակել։

Ինձնից բացի այդ մյուս նորեկը պոստդոկ էր անում։ Անունից չկարողացա գուշակել, թե ինչ ազգ է։ Բայց ամբողջ հանդիպման ընթացքում իմ ու իր հարցերը գրեթե նույն բնույթի էին․ երկուսս էլ ոչ ԵՄ քաղաքացի, բայց վերջին տարիները ԵՄ-ում ապրած։ Նրա հարցը լրացուցիչ բարդանում էր, որովհետև փոքր երեխա ուներ, ու առողջապահության հասանելիությունն ավելի հրատապ էր։

Ընդհանրապես, ներկաներից ինքը միակն էր, որն ինչ-որ չափով հետաքրքրությունս շարժեց, ու կուզեի գործից դուրս հանդիպել ու շփվել։ Իհարկե, չգիտեի՝ ինչքանով հնարավոր կլինի, քանի որ փոքր երեխա ուներ։ Բայց ամեն դեպքում հանդիպումից հետո մտքիս դրեցի հետո գտնել իրեն։

Իսկ գտնելը շատ չուշացավ։ Մի անգամ քաղաքով քայլելիս տեսա նրան՝ սայլակով երեխայի հետ զբոսնում էր։ Բարևեցի ու անցա։ Հաջորդ անգամն էլ երեկ էր։

Համալսարանի աշխատակիցների ճաշարանում ընդմիջմանը բազմաթիվ մարդկանց կտեսնես, որոնք սեղանների մոտ մենակ են նստած։ Ես մեկ-մեկ պրոֆեսորիս հետ եմ գնում, բայց ընդհանրապես ես էլ եմ մենակ։ Ու երեկ էդ օրերից էր։ Ուտելիքս հավաքած տեղավորվեցի սեղանիս մոտ, մեկ էլ տեսնեմ՝ մի քանի սեղան այն կողմ այդ նույն աղջիկն է, էլի մենակ նստած։

— Բանկերի հետ խնդիրներ ունես, հա՞,- ասաց։

Երեկ առավոտյան արդեն ծիծիլյոներորդ անգամ իմ բանկում էի օնլայն բանկինգի համար, ու երեկ վերջապես մերժեցին՝ պատճառաբանելով, որ ԵՄ քաղաքացի չեմ ու Ֆինլանդիայում մշտական բնակություն չունեմ։ Ես էլ կատաղած մտել էի անգլախոսների խումբ ու հարցրել, թե ինչ բանկ խորհուրդ կտան, որն օնլայն բանկինգը պատմություն չի սարքի․ ի վերջո, առանց օնլայն բանկինգի ժամանակակից աշխարհում ուղղակի հնարավոր չէ ապրել։

— Հա, դու բացե՞լ ես բանկային հաշիվ,- հարցրի։
— Դեռ չէ, բայց շուտով։
— Դեմ չե՞ս միանամ քեզ,- ասացի, վերցրի ճաշի սկուտեղս ու տեղափոխվեցի նրա սեղանի մոտ։

Խոսեցինք դեսից-դենից, թե ոնց է կյանքը Յոենսուում։ Հարցրի, թե ոնց է կյանքն ամուսնու համար․ աշխատանք ճարե՞լ է, թե՞ ոչ։ Ասաց, որ մինչև տարվա վերջ ամուսինը ֆիզարձակուրդ է, դրանից հետո նոր կմտածեն, թե ինչ անեն։ Հետո մեկ էլ ֆայմեցի, հարցրի, թե որտեղից է։

— Ադրբեջանից,- ասաց։

Մի պահ սառեցի, նայեցի ուղիղ աչքերի մեջ․ գիտի՞, որ հայ եմ։

— Դու էլ հայ ես, չէ՞,- ասաց,- հույս ունեմ՝ դեմ չես։
— Հույս ունեմ՝ դու դեմ չես,- ասացի։

Ծիծաղեցինք։ Ու էդպես ադրբեջանցի ու հայ նստած էինք իրար դիմաց՝ ֆիննական մի կորած քաղաքում ու քննարկում էինք ակադեմիական կյանքը։

 

 

 

 

2014-ի ամառը

Գրադարան մտնելուն պես զուգարանում փակվեցի ու ձեռքերը չորացնող ապարատը միացրեցի՝ ոտքերս բարձրացնելով այնքան, որ հասնեն տաք օդին: Տասը րոպե դեռ կար մինչև հանդիպման սկիզբը, իսկ ջինսս լրիվ ջուր էր դարձել․ գոնե էսպես մի քիչ կչորանամ։ Անձրևը չռռում ու չռռում էր։ Եղանակի տեսությունը կանխատեսել էր, որ վեցի կողմերն ամենավատն է լինելու. ուրեմն ես լավ պրծա։ Իսկ առավոտյան լուրերում կարդալու էինք, որ տարվա ամենաթաց օրն էր։ Վերջին քառասուն տարվա ամենացուրտ հուլիսը, ու ոչ մի հույս, որ օգոստոսն ավելի լավ է լինելու։

-Ես 2014-ին եկա Կոպենհագեն,- ասաց Պենելոպեն,- սիրուն ու տաք ամառ էր։ Եկա ու խաբվեցի։

Ալդոն պայուսակից չոր կոշիկներ ու շալվար հանեց.

-Լուրջ եմ ասում, չոր շորերս հետս ման եմ տալիս։

Երեքս էլ 2014-ի սերունդ էինք։ Եկել էինք Դանիա ու խաբվել եղանակին։ Խաբվել էինք բազմաթիվ այլ բաների, որովհետև 2015-ի ամառվանից իշխանությունները փոխվելու էին, ու մեր կյանքը որպես օտարեկրացի գիտնական գնալով բարդանալու էր։

2014-ին դանիական համալսարանները խրախուսում էին օտարերկրացի ուսանողների ու աշխատողների մուտքը, մրցում էին ու գլուխ գովում, թե ով է ավելի միջազգային։ 2015-ից կրթության ու գիտության ֆինանսավորումը կտրուկ կրճատվեց, այլատյացությունը դարձավ նորմա, իսկ համալսարանները սկսեցին մրցել, թե ով է ավելի դանիական՝ ընդհուպ մինչև նվազեցնելով անգլերեն կրթական ծրագրերի թիվը։

2014-ի ամռանը PhD ակումբի ամենամսյա հանդիպումները շենքերից մեկի տանիքին էինք անում ու մինչև ուշ երեկո դրսում մնում. արև էր ու մութը չէր ընկնում։ 2015-ից միշտ ներսում ենք արել։ Իսկ վերջին ամիսներին հանդիպումներ այլևս չկան, որովհետև 2015-ից կրճատեցին համալսարանների ֆինանսավորումը։ Կրճատվեց նաև PhD ուսանողների թիվը ու փոքրացավ, անհետացավ ակումբի խորհուրդը։ Այս օգոստոսին 2014-ի վերջին PhD-ուսանողներն իրենց թեզերը կհանձնեն, ու ակումբը կցրվի-կգնա։

2014-ի ամառը Թիվոլիում

Ալդոյի հետ ծանոթացել եմ 2014-ի նոյեմբերին, երբ պիտի Կոպենհագենի պոեզիայի ակումբում իր գործերը կարդար։ Դրանից հետո հանդիպում ենք զանազան գրական ակումբներում կամ փաբերում կամ համալսարանական միջոցառումների ժամանակ։ Երբ ինձ հարցնում են՝ որտեղի՞ց գիտես Ալդոյին, պատասխանում եմ. «Ալդոյին ո՞վ չգիտի»։

Ալդոյին Պենելոպեն ու Անյան չգիտեին, մեկ էլ կիպրոսահայ գրող Նորա Նաջարյանը չգիտեր, որ խաբվել էր դանիական ամռան մասին լեգենդներին ու որոշել արձակուրդը Կոպենհագենում անցկացնել։ Նորան մեր գրական ակումբ հյուր էր եկել։ Ալդոն առաջին անգամ էր մասնակցում մեր հանդիպումներին։

-Գրել սկսել եմ 2014-ին, երբ տեղափոխվեցի Կոպենհագեն,- ասաց Ալդոն, այն Ալդոն, որը քաղաքում պոեզիայի ոչ մի միջոցառում բաց չի թողնում,- մենակ էի ու արտահայտվել էի ուզում։

Մեր գրական ակումբում բոլորս էլ արտահայտվել ենք ուզում, ու լեզուների դեմ կռիվ ենք տալիս։ Ալդոյի մայրենին իսպաներենն է, բայց անգլերեն է գրում, որ քաղաքի մնացած օտարեկրացիներին հասանելի լինեն իր գործերը։ Ես հայերեն եմ գրում, հետո գրածներս անգլերեն թարգմանում, հետո նորից հետ հայերեն։

Մի երկու տարի առաջ Ալդոն ասում էր, որ ավելի շուտ բանաստեղծությունների ժողովածու կհրատարակի, քան գիտական հոդված։ Իսկ անցյալ տարի անհամբեր սպասում էր, թե երբ է թեզը վերջացնելու, որ հեռանա Դանիայից։ Բայց մնում է.

-Ընկերուհիս էստեղ է։

Պենելոպեն էլ երևի կմնա։ Ասում է՝ Աթենքի արևին հետ է սովորել։

Բայց շատերը գնում են։ 2014-ից առաջ եկածներից քչերն են մնացել։ Մենք իմիգրանտների վերջին սերունդն ենք ու գնալու կամ մնալու վերջին որոշում կայացնողները։ 2014-ին Դարիլը հետս գրազ եկավ, որ երեք տարի անց զզվելու եմ Դանիայից։ Խոստացավ, որ ուղիղ երեք տարի անց կզանգի ու կճշտի, թե արդյոք դեռ Դանիայում եմ։ Հիշելը հաստատ կհիշի. հեռախոսի օրացույցում նշում արեց, բայց չգիտեմ՝ կզանգի՞, թե՞ չէ, որովհետև 2015-ից ի վեր չենք շփվում։ Դարիլն էլ մի կերպ վերջացրեց մագիստրատուրան ու հեռացավ Դանիայից։

2015-ից Դանիայի կառավարությունը մեր վզին վզկալ է կապել, ու ամեն տարի ավելի ու ավելի է ձգում, մինչև մի օր խեղդվենք։ 2015-ից Դանիայում ամառ չի եղել, ու երբ դանիացիները հպարտությամբ խոսում են դանիական ամառներից, ես պատկերացնում եմ այն անվերջանալի անձրևներն ու այն մի կտոր արևը, որ կարծես նվեր ես ստանում համբերությանդ համար, ու որը հազիվ հերիքում է հետույքդ մի քիչ տաքացնելու համար։ Երբեմն հիշում եմ 2014-ը։

Պենելոպեն առաջարկեց անձրևոտ օրերին գրական ակումբի հանդիպումները չեղարկել։ Ասացի, որ սպասում եմ, թե երբ է արև դուրս գալու, որ մի օր հանդիպումը դրսում անենք։ Ակումբ հաճախում եմ 2015-ից։ Դեռ էդպիսի օր չի եղել։ Էն ժամանակ Ջեսն էր հանդիպումները կազմակերպում։ Անցյալ տարի քիչ էր մնում Ջեսին դեպորտ անեին, որովհետև տունը, որտեղ ինքը, ընկերն ու երկու տարեկան որդին ապրում էին, ընդամենը տասնութ ամսով էր վարձակալված։ Ջեսին դեպորտ չարեցին, բայց գրական ակումբի հանդիպումներ էլ չկազմակերպեց։

-Գնալուցս առաջ սա մեր վերջին հանդիպումն է,- ասում եմ,- բայց ամիսը մեկ Կոպենհագենում եմ լինելու։ Կաշխատեմ էլի կազմակերպել։

Իմ վզկալն արդեն խեղդում էր, ու երբ աշխատանքի առաջարկ ստացա քաղաքում, որտեղ ոչինչ չկա, որոշեցի չմերժել։ Բայց 2014-ի ամառը դեռ չեմ մոռացել, իսկ այս կառավարությանը միայն երկու տարի է մնացել։ Հույս ունեմ՝ 2019-ին նրանք էլ չեն լինի, ու ամառն էլ հետ կգա։

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 2. ինտրովերտ հասարակություն

Առաջին մասն այստեղ

introvertsՎերջերս Կոպենհագենում բնակվող ընկերներիցս մեկը ֆեյսբուքում ստատուս էր գրել։ Ասում էր, որ երբեմն հարևանների կամ որդու դպրոցի երեխաների ծնողների հետ զրուցում է։ Հաճելի ու ընկերական են։ Բայց երբ նորից ինչ-որ տեղ տեսնում են իրար, չեն բարևում, ասես հեչ էլ ծանոթ չեն։ Այդ ընկերս չէր հասկանում, թե ինչու է այդպես, իսկ նրա դանիացի կինը մշակույթին էր վերագրում։ Հետևեցին բազմաթիվ այլ էքսպատների մեկնաբանություններ այն մասին, թե դանիացիներն ընդհանրապես կարճ խոսակցություն (small talk) անել չգիտեն, թե սոցիալական հմտություններ չունեն։ Մի քանիսն էլ կիսվեցին իրենց նմանատիպ փորձով։

Կիսածանոթ մարդուն չբարևելը Դանիայում մշակութային է։ Դա չի արվում որևէ մեկին արհամարհելու կամ չճանաչելու տալու համար, այլ մի քիչ դիմացինին հարգելու արդյունք է, մի քիչ էլ ուղղակի պարտադրված շփումից խուսափելու միջոց։ Դիմացինին հարգել նշանակում է, որ գուցե այդ մարդը խոսելու հավես չունի, ասելիք չունի, ուզում է իր մտքերի հետ մնալ։ Ինչու՞ անկապ սկսել եղանակից խոսել մենակ խոսելու համար։ Ու նաև հենց դանիացին հաճախ ուզում է շփումներից, կարճ խոսակցություններից զերծ մնալ։ Ինչու՞ բարևել ու խոսել, եթե դրա ցանկությունը չունես։ Եթե դիմացինը կարևոր ասելիք ունենա, ինքը կմոտենա։

Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Սրճարանում մենակ նստելն ամենատարօրինակ բանն էր (բայց էս մեկը ոնց որ վերջին տարիներին փոխվում է)։ Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։

Իմ անձնական տարածքն ավելի մեծ էր, քան մեր մշակույթով սահմանվածը, ու երբ անծանոթ մեկը մոտենում, սկսում էր խոսել, շունչս կտրվում էր։ Դանիայում ահագին մեծ են անձնական տարածքները։ Ներխուժում առանձնապես չեմ նկատել։ Բայց այ հերիք է, որ գնամ Գերմանիա ու գնացքի տոմսի հերթ կանգնեմ, որ նույն «օդի պակասի» զգացողությունն առաջանա։

Ու միայն ֆիզիկական տարածքս չէր, որ ոտնահարվում էր։ Հայաստանում պետք է բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանային։ Ուսանողական տարիներին գնահատականներն էին կամ ավարտելուց հետոյի պլանները։ Մինչև ծայրից ծայր չքրքրեին, հանգիստ չէին թողնի։ Հետո արդեն հասնում էին անձնականին, ամուսնանալուն ու նախատում, որ ուշացնել չի կարելի։ Իմ փոխարեն որոշում էին, թե որն է ճիշտ կյանքը ու ինչն է լավ ինձ համար։ Մինչև հիմա էլ անում են։ Մինչև հիմա էլ շատերը նախատում են ինձ Հայաստանից գնալու համար, ինչքան էլ փորձում եմ բացատրել, որ իմ կյանքն է, ու որոշումներ ընդունողը ես եմ։

Իհարկե, Դանիայում էլ են նման խոսակցություններ տեղի ունենում, բայց շատ զգույշ։ Ու երբ շատ ուղիղ ասում եմ, որ չեմ ուզում որևէ թեմայով խոսել, զրուցակիցն անմիջապես փոխում է թեման, ոչ թե նեղանում կամ շարունակում քրքրելը՝ մինչև իր ուզած ինֆորմացիան կորզի։ Հիշում եմ՝ մի անգամ նոր ամուսնալուծված գործընկերներիցս մեկի մասին մեկ այլ գործընկեր ասաց. «Փաստորեն, դու նորից սինգլ ես»։ Պատասխան. «Ես պիտակներ չեմ սիրում։ Եկեք փոխենք թեման»։ Ու զրույցը միանգամից ուրիշ ուղղություն ստացավ։

Այստեղ ապրելով նաև լիցքավորվելու ժամանակ եմ ունենում։ Ինձ համար կարևոր է շաբաթը մի քանի ժամ բազմոցին վեր ընկնելը, ոչ մեկի հետ չշփվելն ու ոչինչ չանելը (ոչինչ չանելու տակ հասկանանք բլոգ գրել, ֆեյսբուք բզբզալ, գիրք կարդալ ու այլ ժամանցային բաներ)։ Դա ծուլություն չէ, ֆիզիկական հոգնածություն չէ, հիվանդություն չէ։ Ուղղակի հոգեբանորեն դրա կարիքն ունեմ։ Եթե չեմ անում, հաջորդ ամբողջ շաբաթս վարի է գնում. հոգնածություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ոչ էնքան պրոդուկտիվ աշխատանք։ Երևանում ընդհանրապես անհնար էր էդպես վեր ընկնելը։ Հեռախոսս չէր լռում։ Եթե անջատում էի, որևէ ուրիշ բան էր մեջտեղ ընկնում։ Ու հնարավոր չէր լինում որևէ ծակ գտնել ու շունչ քաշել։ Միակ տեղը, որ դա հնարավոր էր, տատիկիս տանն էր, բայց բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ տատիկիս տանն էլ ուղղակի վեր ընկնելն անհնար դարձավ։ Դանիայում իրար զանգել հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Մնացած դեպքերում մարդիկ շփվում են սմս-ներով ու ֆեյսբուքով։ Ու դա նույնպես թույլ է տալիս շնչել։

Ընդհանրապես, մենակ մնալու ցանկությունը կամ նույնիսկ պահանջը դանիացիների համար շատ կարևոր է, ու երբեք դիմացինը չի վիրավորվում, երբ մեկն այդ մասին բարձրաձայնում է։ Անցյալ տարի դանիական պատվիրակությամբ մեկնել էինք Անգլիա կոնֆերանսի։ Ամբողջ շաբաթ միասին էինք, լիքը մարդկանց հետ էինք շփվում, ասում-խոսում։ Բայց երբ եկավ վերջին օրը, բոլորս ուժասպառ էինք եղել։ Ու նախաճաշից հետո պայմանավորվեցինք, որ ցրվում ենք տարբեր կողմերով, զբաղվում ինչով ուզում ենք, հետո հանդիպում, միասին գնում օդանավակայան։ Հիմա պատկերացրեք էս նույն բանը հայկական պատվիրակության հետ։ Մի քանի երկուսը նեղանում են, մի երկուսը կպչում, հետդ գալիս են։ Իսկ եթե մեկն էլ ուզում է առանձնանալ, թաքուն անհետանում է, որ ոչ ոք չնեղանա ու ոչ ոք հետը չգա։

Մեկ էլ Հայաստանում գժվում էի վերջին վայրկյանին պլանների փոխվելուց։ Չգիտեմ՝ զբաղվածությունիցս էր, թե բնույթիցս, բայց ինձ ավելի հարմար էր լինում, երբ մի երկու շաբաթ առաջ նախապես պլանավորած էի լինում, թե երեկոներն ինչով եմ զբաղվելու։ Շատ ընկերներ նեղանում էին, երբ զանգում էին, առաջարկում հանդիպել, իսկ ես օրացույցս էի քրքրում ու հարմար օր փնտրում հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Շատ ընկերներից էլ ես էի նեղանում, երբ վերջապես օրը գալիս էր, զանգում, ասում էին, որ չեն կարող գալ։

Դանիայում մարդիկ ամեն ինչ նախապես են պլանավորում, ու ճիշտ ինձ նման նեղվում են, երբ պլանները փոխվում են։ Իհարկե, մի երկու արտասահմանցի ընկեր ունեմ, որոնց հետ հանդիպելը գլխացավանք է դառնում, որովհետև միշտ առաջարկում են հանդիպել վերջին վայրկյանին, իսկ ես հազվադեպ եմ սպոնտան լինում (չնայած փորձում եմ, աշխատում եմ դրա վրա, բայց սպոնտանությունը ևս մի բան է, որ շատ արագ էներգիաս սպառում է)։ Ու մի երկուսն էլ զարմանում են դանիացիների՝ ամեն ինչ շատ շուտ պլանավորելու վրա։ Օրինակ, վերջերս ֆեյսբուքում ծննդյանս օրվա իվենթի էի բացել, հրավիրել  ընկերներիս։ Իվենթին գրեթե երկու ամիս կար։ Հրավիրելուս հաջորդ օրն ամերիկացի ընկերներիցս մեկին եմ տեսնում, ասում է՝ հո չե՞ս գժվել, երկու ամիս առաջ իվենթ ես բացել։ Ասում եմ՝ բայց մենք Դանիայում ենք։ Շառը գցում եմ Դանիայի վրա, բայց թաքուն ուրախ եմ, որ էստեղ էդպես է, որ երկու ամիս, ոչ թե երկու օր առաջ եմ իմանում ովքեր են գալու ու ինչ եմ եփելու։

Իրականում ինտրովերտ ու էքստրավերտ հասարակությունները լավ ու վատ հասարակություններ չեն, այլ տարբեր են։ Բայց ինտրովերտի համար դժվար է էքստրավերտների մեջ լինելը, էքստրավերտների համար՝ ինտրովերտների։ Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։ Բայց ես, որպես մասամբ ինտրովերտ, գտել եմ ինձ հարմար հասարակությունը, որտեղ կարողանում եմ մարդկանց հետ շփման ու առանձնանալու կատարյալ բալանս ապահովել ու հետևաբար ինձ լավ եմ զգում գրեթե ամեն օր։

 

Ակադեմիական պղպջակ

Սովորական մարդիկ
Սովորական մարդիկ

Ոչ մի երկրում չի պատահել, որ ասեմ՝ Հայաստանից եմ, չհարցնեն՝ դա որտեղ է կամ չարդարանան՝ աշխարհագրությունից վատ եմ, տեղը կասե՞ս: Դե էլ չեմ ասում էն ծայրահեղ ռեպլիկների մասին, թե՝ բայց դու ասիացու նման չես (ասել կուզի՝ շեղաչ չես) կամ՝ էդպիսի երկիր կա՞ որ, գիտեմ, որ հայեր կան, բայց Հայաստան կա՞:

Արի ու տես, որ Դանիայում այդպես չէ: Երբ ասում եմ, որ Հայաստանից եմ, մեծ մասամբ տեղն էլ են իմանում, մի երկու հայ ծանոթ էլ են ունենում, Հայաստանում եղած են լինում կամ պլանավորում են գնալ, դեռ մի երկու բան էլ պատմությունից են ասում: Ու մենակ Հայաստանը չէ, ամեն ինչի մասին էլ լավ տեղեկացված են ու լայն մտահորիզոն ունեն: Բաց են, շփվող, հետաքրքիր: Բայց երբ այսպիսի կարծիք եմ հայտնում դանիացիների մասին, բոլորը զարմացած ինձ են նայում՝ հաստա՞տ մենք նույն ազգի մասին ենք խոսում:

Ահագին ժամանակ պետք եղավ հասկանալու համար, որ ախր իմ շրջապատի դանիացիները միջին վիճակագրական քաղաքացիները չեն, այլ ակադեմիայում աշխատողներ՝ ասպիրանտներ, պոստդոկներ, դոցենտներ ու պրոֆեսորներ: Սրանք էն դանիացիներն են, որոնք ամաչում են, որ իրենց երկրում ֆաշիստներն էդքան ձայն են հավաքում, որոնք ուզում են, որ Դանիան փախստականներին ընդունի, որովհետև «ունենք հնարավորություն նրանց պահելու»:

Ավելի քան մի տարի էս ակադեմիական պղպջակում էի ապրում. իմ ամբողջ շրջապատը՝ թե՛ արտասահմանցի, թե՛ դանիացի, բոլորն ակադեմիայից էին: Անգամ դանիերենի դասերս համալսարանում էի անցնում, որտեղ հավաքված էինք համալսարանի մի խումբ արտասահմանցի աշխատողներով: Ու մեր բոլոր թեմաները նույնն էին. ղեկավարներ, պրոյեկտներ, հետազոտություններ, կոնֆերանսներ, իսկ հետո սահուն անցում դեպի քաղաքականություն, արվեստ, գրականություն: Ի՜նչ զարգացած կայֆեր:

Նույնիսկ երբ փարթիների էի գնում, որտեղ ամենաբազմազան մարդիկ էին հավաքված լինում, միանգամից գտնում էի համալսարանում աշխատողներին ու հետները քաշվում մի անկյուն, անցնում մեր մշտական թեմաներին: Ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվել ուղղակի չէր ստացվում: Նրանց աշխարհը լրիվ ուրիշ էր, էն առօրեական, սովորական աշխարհն էր՝ ընտանիքներով, աշխատանքով, զանազան այլ «ոչ կարևոր» հարցերով: Մենք իրար ուղղակի չէինք հասկանում, ոնց որ տարբեր մոլորակներից լինեինք:

Բայց մի օր հասկացա, որ ակադեմիական պղպջակը որքան էլ լավ լինի, որքան էլ ապահով թվա որպես դրսի աշխարհից փախստավայր, իր բացասական կողմերն էլ ունի: Հասկացա, որ ակադեմիայում նորմալ մարդ չկա, ու ինչքան հիերարխիայով բարձրանում ես վերև, էնքան աննորմալությունդ շատանում է: Էն բոլոր պրոֆեսորները, որոնց խելքը վրաներից թափվում է, լիքը տարօրինակություններ ու բզիկներ ունեն: Էդ բոլորը գտել են իրենց խելքի մարդիկ, փակվել ակադեմիայում, պոկվել «նորմալ» աշխարհից:

Պիտի ինչ-որ բան ուրիշ լինի մարդու ուղեղում, որ կայուն եկամուտով աշխատանքի փոխարեն երեք տարով գնա ասպիրանտուրա, հետո՝ երկու-երեք տարով առաջին պոստդոկ, հետո երկրորդ, երրորդ, մինչև քառասուն տարեկանում կամ ավելի ուշ անժամկետ պայմանագիր կնքի որպես դոցենտ: Պիտի ինչ-որ բան սխալ լինի մարդու ուղեղում, որ մի գործից մյուսին հասնելու համար գնա մի երկրից մյուսը, ու մինչև դոցենտի պայմանագիր ստորագրելը էդպես էլ չիմանա՝ տունը որտեղ է:

Ու հիմա մտածում եմ՝ ինձ պե՞տք է փակվել այդ պղպջակում ու չիմանալ՝ ինչպիսին են դրսի մարդիկ: Ինձ պե՞տք է հավատալ, որ բոլոր դանիացիները Հայաստանի տեղը գիտեն, որովհետև շփվում եմ միայն էնպիսիքի հետ, որոնք գիտեն տեղը: Ինձ պե՞տք է անվերջ խելոքանալ ու դրա հետ լիքը տարօրինակություններ ու բզիկներ ձեռք բերել: Չգիտեմ, երևի ժամանակն է պատռել ակադեմիական պղպջակը, դուրս գալ դրանից ու տեսնել, որ դրսում էլ կան խելացի մարդիկ, որոնք խելացի լինելու հետ մեկտեղ նաև նորմալ են: Երևի պետք է դիսերտացիաս պաշտպանելուց հետո ակադեմիայից դուրս աշխատանք գտնել, որ տեսնեմ սովորական մարդկանց, որ նրանք իմ առօրյայի մի մասը կազմեն:

Հետո նկատելով, որ ուղեղս ամբողջությամբ չի աշխատում, որ պոտենցիալս լրիվ չեմ օգտագործում, կվերադառնամ ակադեմիա ու բոլոր պրոֆեսորներին հերթով սկաների մեջ կմտցնեմ, որ տեսնեմ՝ էդ ինչն է ուրիշ կերպ աշխատում իրենց ուղեղում, որ փակվում են համալսարանի պղպջակում ու չեն ուզում էնտեղից դուրս գալ:

Տեսնես՝ Հայաստանում կա՞ էդպիսի պղպջակ, թե՞ էնտեղ ամեն ինչ ուրիշ կանոններով է գործում: Մենակ էն գիտեմ, որ իմ ուսանողական տարիներին հանդիպածս ոչ բոլոր պրոֆեսորների վրայից էր խելքը թափվում:

Դիտարկում (ստեղծագործական վարժություն)

Խոստացված ստեղծագործական գրառումս: Տեքստը գրել եմ որպես դիտարկում-գրական վարժություն: Մեծ մասը գրվել է հենց համերգի ընթացքում:

Վեգա: Երկուշաբթի երեկո: Համերգից առաջ: Մեծ կատարողների դեպքում երբ ասվում է, որ դռները բացվում են ժամը յոթին, նշանակում է՝ պետք է առնվազն հինգին դռների մոտ լինել բեմի մոտ լավ տեղ ապահովելու համար: Իսկ երբ ելույթ է ունենում մի խումբ, որը մեկ այլ մեծ կատարողի համերգներն բացում, կարող ես գալ յոթ անց կես, ու բարը կիսադատարկ է լինում:
Եվ դա բար է՝ փոքր տարածքով, ցածր բեմով, անգամ նստելու տեղեր ունի ու սեղաններ, որովհետև կազմակերպիչները գիտեն, որ չկան բավականաչափ խելառ երկրպագուներ, որոնք կխցկվեն սեղանների դիմաց՝ բեմին մոտ:

Յոթ անց կես բարում հազիվ վեց զույգ մարդ կա: Բոլորը նստած են: Զույգ ասելով բնավ նկատի չունեմ տղա-աղջիկ զույգերին, այլ մարդկանց, որոնք միասին են եկել: Ես մենակ եմ: Ուսումնասիրում եմ տարածքն ու նկատում, որ միայն բարձր սեղանների մոտ ազատ տեղ կա: Բարից լցնովի Թուբորգ կլասիկ եմ վերցնում, նստում բարձր սեղաններից մեկի մոտ՝ բարձր աթոռին: Հիմա հանդիսատեսին ուսումնասիրելու ժամանակն է:
Բարը կամաց-կամաց լցվում է, ավելի աղմկոտ դառնում: Զույգերից մի քանիսը եռյակներ ու քառյակներ են դարձել: Միակ մենակ եկածը հիսունին մոտ մի տղամարդ է՝ կարճ կտրած ալեխառն մազերով, մի երկու օր առաջ սափրված, բարձրահասակ, ակնոցավոր, խոժոռ հայացքով: Երևում է՝ բարի մշտական հաճախորդներից է: Մեջքով հենվել է աթոռի թիկնակին, մի ձեռքին գարեջրի շիշ է: Ոտքը գցել է ոտքին ու օդում մնացած ոտքը դանդաղ օրորում է՝ երաժշտությանը համահունչ: Հատուկ Մեֆի համար. Երաժշտությունը 2010-ականների ինդի ինչ-որ մի բան է, որը ճանաչելու համար մի քիչ շատ մեծ եմ:

Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:

Բացող խումբը բեմ է բարձրանում: Տասնվեց-տասնյոթ տարեկան դանիացի տղաներ են: Դանիերեն դեպրեսիվ երգ են երգում: Վատը չեն: Դանիուհին ժպիտը դեմքին գոհունակությամբ ռիթմի հետ գլուխը թափահարում է:
Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ: Դանիուհին ձեռքով է անում: Մոտենում է, նստում նրա կողքի դատարկ աթոռին:
– Ի՞նչ կխմես,- անգլերեն հարցնում է տղամարդը:
Կնոջ պատասխանը չի լսվում: Քիչ անց տղամարդը վերադառնում է երկու գարեջուր ձեռքին: Կորոնայի շիշը տալիս է կնոջը, ինքը լցնովի Թուբորգ է խմում: Կինը բեմի վրայի տղաներից մեկին ցույց է տալիս, ականջին ինչ-որ բան ասում:
Երգն ավարտվում է: Հանդիսատեսը ծափահարում է: Կինը ոգևորված գոռում է:
– Սա մեր երկրորդ համերգն է,- հայտարարում է երկար մազերով, նուրբ արտաքինով մենակատարը:
Կինն նորից գոռում է:
– Լա՞վն էր երգը,- հարցնում է մենակատարը:
– Շա՜տ լավն էր,- գոռում է կինը:
Սկսվում է երկրորդ երգը: Կինը նայում է ինձ, ժպտում է, նայում է բեմին: Երբեմն գարեջրից կում է անում, երբեմն՝ ինչ-որ բան ասում տղամարդուն, որը չի լսվում:
Հայացքս բլոկնոտից բարձրանում է բեմին: Իրոք լավն են տղաները: Անունը ֆիքսեմ. Profeti: Դանիայում հաստատ մի օր հայտնի են դառնում:
Հայացքս թեքում եմ հանդիսատեսին: Մեծ մասը տղաների տարիքին են: Երևի նրանց ընկերներն են:
Մենակատարը հերթական երգը ներկայացնելիս ասում է, որ իր մայրն այն ծիծաղելի է համարում ու նայում է հանդիսատեսի խորքերը: Անկյունի բարձր սեղանի մոտ նստած միջին տարիքի կանանցից մեկը ժպտում է: Երգը Նիկոլայ Նորլունդին է հիշեցնում:
Տղան հայտարարեց, որ վերջին երգն են կատարում, խնդրեց իրենց հետևել Ֆեյսբուքում, հետն էլ էլի բաներ ասաց, որ չհասկացա: Կինը շիշը վերցրեց և շրխկացրեց տղամարդու բաժակին: Երաժշտության տակ նրա օրորվելու ամպլիտուդը մեծացավ: Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին:
Կինը հեռախոսը հանեց, որ ֆոտո անի: Նայեցի էկրանին, որ տեսնեմ, թե ֆոկուսը տղաներից որի վրա է բռնում: Բայց բոլորին հավասարապես ֆիքսեց:
Տղամարդը հեռախոսի էկրանին ինչ-որ բան է ցույց տալիս կնոջը: Ինչ-որ բան են խոսում անգլերեն, որից որսում եմ.
– Կգրեմ նրան,- ասում է կինը:
– Ընտանեկան հիվանդություն է,- նորից կինը:
Տղամարդը հյուսիսամերիկյան առոգանություն ունի, բայց կոնկրետ աշխարհագրությունը չեմ կարողանում ֆիքսել: Կնոջ դանիական առոգանությունը հազիվ է զգացվում:
Տղաները վերջացնում են, ու բարը սկսում է դատարկվել: Մինչև The Once-ի ելույթն ընդմիջում է: Բեմը վերադասավորում են:
– She did trouble and… – կինը սկսեց ինչ-որ երգ երգել: Կոնտեքստից մի կերպ հասկանում եմ, որ տղամարդու դստեր մասին են խոսում:
– Ես բրիտանական իքս-ֆակտորն եմ սիրում,- ասում է տղամարդը:
Կանգնում է:
– Հույս ունեմ՝ տղայիս լանչին կբռնացնեմ,- տղամարդը հանում է հեռախոսը և դուրս գնում:
Նոր մարդիկ են գալիս, գրկելով ողջունում ավելի վաղ եկած իրենց ծանոթ մարդկանց:

Խմբի կիթառահարը մտնում է բար, մոտենում կնոջը, գրկում նրան, միանում հանդիսատեսի մի այլ խմբի ու զրույցի բռնվում: Գալիս է նաև հարվածահարը: Նույնպես գրկում է կնոջը, սկսում նրա հետ զրուցել: Հարվածահարի վրայից ծխախոտի հոտ է փչում: Ձեռքին Թուբորգի շիշ է: Կանգնել են ուղիղ դիմացս, ինչը ներվայնացնող է. բեմը չեմ տեսնում:

Մենակատարը նույնպես մոտենում է կնոջը, գրկում ու թուշը պաչում:

Տղամարդը վերադառնում է, ինձնից թույլտվություն խնդրում, որ բաժակը սեղանին դնի: Բաժակի մեջ ջուր է: Մի քանի քայլ հետ է կանգնում, մինչ կինը զրուցում է մենակատարի հետ: Մենակատարը դեմքով դեպի ինձ է, կինը՝ մեջքով: Կնոջ ուսի վրայից նայում է ինձ ու ժպտում է:

Տղամարդն ինձ հարցնում է, թե ինչ եմ անում: Ասում եմ, թե՝ գրելու վարժություն է, դիտարկում եմ անում: Հարցնում է՝ օգնու՞մ է: Ասում եմ՝ կերպար զարգացնելու համար լավ է:
– Լավ, չեմ խանգարում,- ասում է ու մի քայլ հետ գնում:
Մի քանի վայրկյան անց նորից մոտենում է.
– Իմ մասին հո չե՞ս գրում:
– Չէ, շատ մոտիկ եք կանգնած դրա համար,- ասում եմ ու գլուխս բարձրացնում՝ ձևացնելով, թե խորքերում կանգնածներին եմ դիտարկում:
Կինը շրջվում է, տղամարդուն ներկայացնում մենակատարին:
– Իմ second cousin-ն է,- ասում է:
– Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:
Սկսում են ընտանեկան կապեր քննարկել: Կինն ու տղամարդն ընդհանուր մեծ պապ ունեն:
– Նրա հայրն իմ մոր զարմիկն է,- շարունակում է տղամարդը,- Դանիան փոքր երկիր է, բոլորը բարեկամ են:
Զրույցից կտրտանքներ են հասնում ինձ: Տղամարդը գովում է կատարումը:
– Կանադայից եկել եմ այստեղ, որ ձեզ լսեմ:
Բեմ է բարձրանում The Once-ը՝ Էնդրյուն, Ջերին ու Ֆիլը: Դիտարկումը դադարեցնում եմ: Կանգնում եմ հենց իմ սեղանի դիմաց՝ բեմից ընդամենը մի մետր հեռու, առաջին շարքում:
Համերգի ընթացքում լիքը կատակներ են հնչում, զրույց հանդիսատեսի հետ, պատմություններ: Երգացնում են հանդիսատեսին:
Երգում եմ, պարում, արձագանքում նրանց հարցերին: Իսկ երբ հասնում են վերջին երգին ու անունը հայտարարում, բացականչում եմ: Ֆիլը զարմանում է, որ երգն իմացողներ կան: Առաջարկում է, որ ես էլ հետները երգեմ: Ծիծաղում եմ:
Համերգից հետո խմբի դիսկն եմ գնում: Ջերին ինքնագիր է տալիս: Գրկում է ինձ:
– Կարևոր էր իմ կյանքի այս պահին այստեղ գտնվելը,- ասում եմ:
– Հասկանում եմ՝ ինչ ես զգում,- ասում է ու ձեռքս սեղմում,- պինդ կաց:
Հեռանում եմ՝ մյուսներին Ջերիի հետ շփվելու հերթ տալով: Հագնում եմ կուրտկաս: Բացող խմբի մենակատար տղան կողքս կանգնած է:
– Կանադայի՞ց ես եկել,- հարցնում է:
– Չէ՛, այստեղ եմ ապրում:
– Բա ո՞նց է, որ նրանց բոլոր երգերը գիտեիր:
– Ծանոթ եմ նրանց Փասենջերի համերգից:
– Ռիվյու՞ ես գրում:
– Չէ, գրող եմ, ստեղծագործում եմ,- իմ ասածից ծիծաղս գալիս է,- դուք էլ էիք շատ լավը, կհետևեմ ձեզ:
– Հա, կապի մեջ մնա,- ասում է,- ֆեյսբուքով,- ու գրկում է:
Դուրս եմ գալիս: Վեգայի մեծ դահլիճում մեկ այլ համերգ է ավարտվել, ու դրսում լիքը մարդ կա: Անկյունում Ֆիլը կանգնած ծխում է, շուրջը ոչ ոք չկա: Մոտենում եմ:
– Լավ տժժում էիր,- ասում է:
– Ապրեք,- ասում եմ,- ընտիր համերգ էր: Հույս ունեմ՝ մյուս անգամ ավելի մեծ բեմերում կլինեք:
– Սա էլ էր լավ,- ասում է,- կապի մեջ մնա,- ու գրկում է,- էլի կգաս մեր համերգներին:
– Անպայման: Եթե Կոպենհագեն գաք:
– Գալու ենք: Հրաշալի քաղաք է:

Մշակութային «հյուրընկալողը»

Ասում են՝ Դանիայում օտարների համար շատ դժվար է ինտեգրվելը: Իհարկե, այդ դժվարությունը մի ուրիշ առանձին պատմություն է, ու իմ համոզմամբ ցանկացած երկրում էլ դժվար է: Բայց ամեն դեպքում, որպեսզի երեք տարի անց փաստի առաջ չկանգնեմ, թե՝ ես ինձ այս հասարակությունից դուրս եմ զգում, ինտեգրման քայլերը հենց հիմիկվանից եմ անում:

Դանիան ինքը գիտի, որ իր երկրում օտարները դժվարությամբ են հարմարվում: Դրա համար զանազան կազմակերպություններ կան, զանազան միջոցառումներ են իրականացվում, որ Դանիայում բնակվող օտարերկրացիները իրենց լավ զգան: Դրանցից մեկը «Կոպենհագեն հոսթ» ծրագիրն է: Ամբողջ իմաստը նրանում է, որ նորեկին կցում են դանիացի կամավորի («հյուրընկալողի»), իսկ վերջինս օգնում է հարմարվել: Հյուրընկալողները լինում են երկու տեսակի՝ մշակութային և գործնական:

Երբ կարդացի «Կոպենհագեն հոսթ» ծրագրի մասին, անմիջապես որոշեցի մասնակցել: Գործնականն ինձ պետք չէր. աշխատանք ունեմ, բայց այ մշակութայինը հետաքրքրում էր: Նիդեռլանդներում ու Գերմանիայում էլ եմ նման փորձ ունեցել, ահագին հետաքրքիր էր տեղացի մեկի հետ շփվելն ու տեղական քաղաքական ու մշակութային խնդիրները քննարկել:

Էդպես, վերցրի ու նամակ գրեցի «Կոպենհագեն հոսթ» ծրագրին, թե՝ ես այսինչ-այսինչն եմ, մի քանի ամիս առաջ եմ Դանիա տեղափոխվել, հետաքրքրվում եմ ծրագրով, ինձ հյուրընկալողի կցեք: Կարծում էի, թե լինելու էր մոտավորապես Նիդեռլանդների ու Գերմանիայի նման, այսինքն՝ մի քանի օր անց անուն-ազգանուն, մեյլի հասցե էի ստանալու, հետո արդեն մնացածը մեզ վրա էր լինելու: Բայց չէ՜: Դանիայում ամեն ինչ կազմակերպված, լավ մտածված ու վերլուծված է: Դրա համար ինձ պատասխանեցին, որ «Կոպենհագեն հոսթ» ծրագիրը նվիրում է պահանջում, ու պիտի հաստատեմ, որ ամիսը մի քանի ժամ կարող եմ հատկացնել դրան, միայն այդ դեպքում կարող եմ մասնակցել: Հաստատեցի: Դրանից հետո մի հսկայական բլանկ ուղարկեցին, որ լրացնեմ:

Ասեմ բլանկ, դուք պատկերացրեք՝ կյանքը պատմել: Էլ սիվիս եմ մանրամասն գրել, էլ հետաքրքրություններս, թե ինչ երաժշտություն եմ լսում, ինչ գրքեր եմ կարդում, սիրած գրողներով-բանով, էլ բնավորությանս գծերն եմ նկարագրել, էլ սպասելիքներս Դանիայից, էլ՝ թե ինչպիսի մշակութային հյուրընկալող եմ ուզում: Մի խոսքով, մոտ երեք ժամ ծախսել եմ, որ էդ հսակայական փաստաթուղթը լրացնեմ: Մի կողմից ջղայնանում էի, մյուս կողմից էլ ասում՝ լավ, որ էսքան մանրամասն լրացնում եմ, հաստատ ինձ շատ հարմար մարդու կգտնեն:

Լրացված բլանկն ուղարկեցի ու մտածեցի՝ վերջ: Բայց չէ: Հետո կանչեցին թրեյնինգի: Մի երեք ժամ էլ տրամադրեցին նրան, թե ինչպես հյուրընկալողի հետ լեզու գտնեմ: Պատկերացրեք, էդքան ժամանակ հատուկ տեխնիկա ու վարժություններ էին սովորեցնում, որոնք պիտի օգնեին, որ… ընկերանայինք: Հետո զանազան անելիքների ցանկ տվեցին, որոնց արդեն մի անգամ հանդիպել էի մեկ այլ ինֆորմացիոն երեկոյի ժամանակ ու դեպրեսվել, որ կյանքը չափից դուրս կարճ է, որպեսզի հասցնես Կոպենհագենում ուզածդ բոլոր բաներն անել:

Հյուրընկալողի հետ շփումը սահմանափակում էին վեց ամսով, բայց եթե ցանկություն ունենայինք, կարող էինք շարունակել ընկերությունը, բայց դրա համար կազմակերպությունն այլևս պատասխանատու չէր: Ամեն դեպքում, նորեկների ու հյուրընկալողների կեսից ավելին վեց ամիս անց շարունակում են շփումը: Իսկ էդ վեց ամսվա ընթացքում երեք անգամ գնահատում է լինում (սա դանիացիների սիրած բանն է, ինձ թվում է՝ սեքսից հետո էլ են զույգերը նստում ու քննարկում, թե ոնց անցավ սեքսը):

Ասեմ, որ թրեյնինգին միայն ես էի ներկա, որովհետև մշակութային հյուրընկալող ունենալ ցանկացողները շատ քիչ են, հիմնականում նորեկներն աշխատաշուկա մտնելու խնդիր ունեն: Վերջում էլ վարժությունների թղթերը տվեցին, որ առաջին հանդիպման ժամանակ անենք: Հարցրի, թե երբ կգտնեն հյուրընկալողի: Ասացին, որ սովորաբար մեկ-երկու ամիս է տևում, բայց քանի որ կամավորներն ավելի շատ են, քան նորեկները, իմ դեպքում երևի ավելի արագ կլինի:

Մոտ մեկ-երկու շաբաթ անց նամակ ստացա, թե ինձ հարմար մեկին գտել են: Անունը Ադելա, ինքն էլ է Դանիայում նորեկ եղել: Չնայած ես ռասիստ չեմ ու հեչ դեմ չեմ օտարեկրացիների հետ շփվելուն, էստեղ ահագին ջղայնացա. ախր մարդ եղեք, ես ուզում եմ Դանիայի մշակույթին ծանոթանալ, դուք վստա՞հ եք, որ մի քանի տարի առաջ Դանիա տեղափոխվածը կարող է դա անել:

Ամեն դեպքում, Ադելային նամակ գրեցի. դե եթե կազմակերպությունը որոշել է, որ ինձ ամենահարմարն ինքն է, ուրեմն մի բան գիտի: Երևի լիքը ընդհանուր բաներ ունենք, տեղյակ չեմ:

Ադելան առաջարկեց հանդիպել երկու օր անց: Դա առաջին շոկն էր ինձ համար, որովհետև եթե դանիացի լիներ, պիտի առնվազն երկու շաբաթ անց առաջարկեր, իսկ էդպես ինձ շատ հարմար կլիներ, նախապես կպլանավորեի: Ամեն դեպքում, գործուդարդ թողեցի ու համաձայնեցի հանդիպել երկու օր անց:

Հանդիպման ընթացքում կես ժամ անց թեմաները սպառվեցին: Ադելան ասածներիս կեսը չէր հասկանում: Մեր միջև հսկայական ինտելեկտուալ անդունդ կար: Ամեն դեպքում, առաջարկեց ամիսը մեկ հանդիպել ու համերգ գնալ, ասաց, որ լինքերը կուղարկի, կընտրեմ համերգները: Համաձայնեցի, բայց մտքիս մեջ անիծում էի բախտս, թե ինչ կարգի անհաջողություն պիտի լինի, որ ես, որ ամեն տեսակի մարդու հետ լեզու գտնում եմ, էս աղջկան եմ հանդիպել, որին պիտի վեց ամիս ձգեմ: Ու ընդհանրապես դանիական մշակույթից ոչ էնքան խաբար մեկը ոնց կարա ինձ ներկայացնի էդ մշակույթը:

Եկա տուն, «Կոպենհագեն հոսթին» ուղարկեցի առաջին «գնահատումը», թե՝ Ադելայի ու իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ, որոշեցինք, որ միասին համերգներ կգնանք: Պատասխան ստացա, թե՝ ուրախ ենք, որ առաջին հանդիպումը լավ է անցել:

Անցավ մոտ մի ամիս: Ադելայից ձեն-ձուն չկա: Ես ինձ ներսից ուտում եմ: Մեկ ասում եմ՝ «Կոպենահգեն հոսթին» նորից նամակ գրեմ, ասեմ՝ ինձ համար նոր կամավոր ճարեք, մեկ՝ ավելի լավ է Ադելային գրեմ, ասեմ, որ իրեն չեմ ուզում: Վերջը քաղաքավարի ձևով գրեցի Ադելային, թե՝ դու ինձ լինքեր պիտի ուղարկեիր, ու թե՝ եթե ժամանակ չունես կամավորության, ասա, ոչինչ, կհասկանամ: Գրեց, որ ժամանակ չունի ու դուրս է գալիս «Կոպենհագեն հոսթից»: Սրտիցս քար ընկավ. հիմա արդեն կարող եմ նոր հյուրընկալող ունենալ:

Ու մտածում եմ. տեսնես էսքան վա՞տ կլիներ, եթե էս բոլոր բլանկների, թրեյնինգների, ընդհանուր հետաքրքրությունների ու մնացած բաների փոխարեն ինձ կցեին պատահական դանիացու:

Հպարտ մայրիկը

Օտար երկրներում ապրելիս կամ ճամփորդելիս ամենաշատը պատմություններն եմ սիրում, երբ հանդիպում ես մեկին, մի քանի ժամ շփվում, լսում նրա պատմությունը, իսկ հետո այլևս չես հանդիպում, կապն էլ կա՛մ պահում ես, կա՛մ չէ:

Երեկ գործից ուշ տուն եկա. թափառում էի եվրատեսիլված Կոպենհագենում: Քաղաքում շատ հավես մթնոլորտ էր, աշխուժություն էր տիրում: Արդյունքում՝ սովորականից շատ հեծանիվ քշեցի, սովորականից շատ հոգնեցի: Երբ տուն մտա, առաջին ռեակցիաս շոկն էր. պարսիկ տանտիրոջս սենյակում մեջքով բլոնդ ինչ-որ մեկն էր նստած: Մտածեցի՝ նույնիսկ եթե տանտերս որոշել է մազերը գունաթափել, միևնույն է, այսքան չաղանալ չէր հասցնի: Ուրեմն ուրիշ ինչ-որ մեկն է:

Կոշիկներս հանեցի ու փորձեցի հնարավորինս անձայն առաջանալ դեպի իմ սենյակ: Միջին տարիքի բլոնդ կինը տեղից վեր կացավ, եկավ միջանցք, ժպտաց, ձեռքը մեկնեց ու շշուկով, որպեսզի քնած տանտիրոջս չարթնացնի, ներկայացավ.

– Ես Անիտան եմ:

Շշմած էի: Ուզում էի ասել՝ հասկացանք, որ Անիտան ես, բայց ի՞նչ գործ ունես էստեղ: Հոգնած ուղեղովս ինչ ասես չանցավ. էլ տանտերս երևի վատացել է, սա էլ բուժքույր է, եկել է խնամելու, էլ տանտերս գնում է, հիմա էս կինն է ապրելու տանը, էլ արդեն մարդ է ման գալիս իմ սենյակը տալու համար:

Ես էլ ներկայացա:

– Լատվիայից եմ,- ասաց:

Էստեղ ավելի շշմեցի, ու երևի շշմածությունս նկատեց, բայց սխալ մեկնաբանեց, որովհետև  շարունակեց.

– Լատվիայի տեղը չգիտե՞ս:

– Չէ, չէ, ոնց չգիտեմ… Ռիգա… Ես էլ Հայաստանից եմ,- ասացի:

Ու Անիտան գրկեց ինձ:

– Հաճելի է,- ասացի ու ինձ գցեցի սենյակս, որ մի քիչ ուշքի գամ, գնամ ընթրիք սարքելու: Ընթացքում էլ հա գլուխ էի ջարդում, թե ինչ գործ ուներ մեր տանը:

Րոպեներ անց, երբ գնացի խոհանոց, տանտիրոջս սենյակում Եվրատեսիլի պայուսակ նկատեցի: Իհարկե, ի՞նչ գործ ունի լատվիացի էս ազիզ օրով Կոպենհագենում: Եկել է Եվրատեսիլ նայելու:

Մտա սենյակ ու հարցրի Անիտային.

– Եվրատեսիլի համա՞ր եք եկել:

– Հա,- ասաց,- աղջիկս է մասնակցում:

Աղջի՜կը: Ամիսներ առաջ լսել էի Լատվիայի երգը, ու դուրս եկել էր. ուրախ, թեթև, առանց ձևերի: Տեսահոլովակն էլ էի դիտել, մեջը մի թմբլիկ հավես աղջիկ կար՝ ֆիններենի դասախոսիս շատ նման:

DSCF5662

– Մնալու տեղ չունեի:

Իհարկե չէր ունենա: Պատկերացնում եմ՝ էս օրերին Կոպենհագենի հյուրանոցներում ասեղ գցելու տեղ չկա:

– Լատվիայի երգը լավն է, ձայն եմ տալու,- ասացի ու գնացի սենյակս:

Մի թեթև ընթրեցի (ախորժակ հեչ չունեի), ինտերնետը փորփրեցի, մտածեցի՝ թեյ խմեմ: Մեկ էլ Անիտան մեղքս եկավ. էդպես մեն-մենակ նստած տանտիրոջս սենյակում, ծպտում չի կարողանում հանել: Մտածեցի՝ թեյ առաջարկեմ:

– Կխմեմ,- ասաց,- բայց միայն քեզ հետ:

Թեյ սարքեցի, հրավիրեցի իմ սենյակ, ու էստեղ սկսվեց զրույցը:

Անիտան կոմպովս բացեց Դիմանտաների կայքը, որտեղ նրա երեք գեղեցկուհի աղջիկների նկարներն էին՝ Կատրինան (Եվրատեսիլի մասնակիցը), Լայման և Ալիսան: Ձայնագրություններ դրեց: Հոյակապ կատարումներ էին:

– Պիտի որ հպարտանաք ձեր աղջիկներով:

Ժպտաց: Պատմեց, որ հիմա նրանք երեքը տարբեր պրոյեկտներով են զբաղված, բացի երգելուց նաև նվագում են, հիմնակում ֆոլկի մեջ են, բայց ուրիշ ժանրերում էլ են երևում:

Ես էդտեղ ինձ համար բացահայտեցի լատվիական ֆոլկը՝ ֆոլկի հաջորդ կանգառը, որ պիտի գնամ, որ պիտի յություբում անընդհատ հնչի, հաջորդ սիրուն լեզուն, որ պիտի հայտնվի իմ to-do ցուցակում, բայց այդպես էլ երբեք չսովորվի:

Մեկ էլ մի վիդեո դրեց, որտեղ ինքն էլ էր աղջիկների հետ երգում:

– Իսկ սա տղաս է,- ցույց տվեց բեմում պարողներից մեկին:

– Տղա՜ էլ ունեք:

– Չորսը:

– Յոթ երեխա՞:

Հետո Անիտան պատմեց, թե ոնց է երեխաներին մեծացրել զանազան խաղերով, զանազան հմտություններ զարգացնելով ու անընդհատ երգելով՝ սկսած հղի ժամանակվանից: Դրա համար մեծացել, էդքան տաղանդավոր են դարձել: Հարցրի, թե ինչպես է անգլերեն սովորել, որովհետև Սովետում մեծացածների համար էնքան էլ սովորական բան չէ անգլերեն իմանալը: Պատմեց, թե ոնց է անընդհատ չարչարվել, տարբեր դասերից փորձել օգուտ քաղել, նամակագրական կապեր ունեցել զանազան երկրներում ապրողների հետ: Էդ ամենի հետ մեկտեղ բարձրագույն կրթություն էլ ուներ:

Մեկ էլ սկսեցի հանգել: Զգաց, թողեց, որ գնամ քնելու: Երբ պիտի պառկեի, ասեց՝ սպասի քեզ վիտալիզացիա անեմ, լավ քնես:

Գրասեղանիցս, որը, ի դեպ, գլխավերևումս է, հավաքեց բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները ու ջղայնացավ, որ դրանք էդքան մոտիկ եմ պահում: Ծոցից մի կախարդական փայտիկ հանեց ու սկսեց պտտացնել վրայովս, իբր՝ լավ դաշտեր է ստեղծում: Պտտեցրեց-պտտեցրեց, ինչ-որ աղոթք մրմնջաց, թուշս պաչեց ու դուրս եկավ:

Առավոտյան չասացի, որ սովորականի պես վատ եմ քնել: Բայց դուրս գալուցս առաջ եկավ, գրկեց ինձ:

– Հաջողություն քեզ,- ասաց:

– Կատրինային էլ հաջողություն,- դուրս եկա տնից:

Դուռը բաց երկար նայում էր հետևիցս, մինչև շենքից դուրս գալս:

Գործից եկա տուն, տանտերս Լատվիայի ներկայացուցչի դիսկը տվեց:

– Սա քեզ համար է,- ասաց,- այսօր էլ չի գալու, համերգից հետո գնալու է օդանավակայան: Քաուչսըրֆինգով էի գտել նրան:

Մարդկանց թվի մասին

Ձմեռային արձակուրդներից հետո առաջին մեկ-երկու շաբաթների ընթացքում դպրոցներում միշտ էլ բացակայությունները շատ են: Գոնե իմ դպրոցական եղած ժամանակ էդպես էր: Պատճառը կա՛մ ցուրտն էր, կա՛մ սուր շնչական վարակի համաճարակը: Արդյունքում մի երկու շաբաթ կարգին դաս չէինք անում: Դասատուն մտնում էր դասարան, տեսնում էր մի երկու հոգի է եկել, գնում էր: Բայց մի անգամ, երբ իններորդ դասարան էի, կենսաբանության դասատուն մտավ դասարան, տեսավ, որ մենակ ես եմ, դաս հարցրեց, նոր դասը բացատրեց, մատյանում գրանցումներ արեց, ու թեև սովորականից կարճ, ամեն դեպքում դասը տեղի ունեցավ:

Դրանից հետո շատ ջրեր են հոսել, շատ տեղերում եմ եղել, միջոցառումներ կազմակերպել կամ ներկայացել դրանց, ու այս հարցն ինձ միշտ հուզել է. «Ե՞րբ է մարդկանց քանակը կարևոր» կամ «Քանի՞ հոգի պետք է գա, որ միջոցառումը տեղի ունենա»:

Իհարկե, երբ մաֆիա խաղալու հայտարարություն ես տարածում, ու միայն չորս հոգի է գալիս, ուրիշ տարբերակ չունես, պիտի խաղը հետաձգես մեկ այլ օրվա, երբ գոնե յոթ հոգի կհավաքվի, որ գոնե առանդ դոն-շերիֆի, երկու սևով մի կերպ կարողանաս խաղալ: Բայց երբ, օրինակ, դասախոսություն է կազմակերպվում կամ ֆիլմի դիտում, ու ներկայանում են երեք-չորս հոգի, արդյոք պե՞տք է դասախոսությունը քենսըլ անել: «Մարդ չհավաքվեց»,- հաճախ ասում են կազմակերպիչները: Բայց մի՞թե դա անարդար չէ եկողների նկատմամբ: Միջոցառումը կազմակերպվում էր ինչ-որ բան տեղ հասցնելու համար, չէ՞: Էդ դեպքում ինչու՞ տեղ չհասցնել այն մի քանի հոգուն, որ ժամանակ է տրամադրել ու ներկայացել է: Եվ ի վերջո, ո՞րն է այն սահմանը, որից փոքր թվով ներկայությունը «քենսըլի» պատճառ պետք է դառնա:

Այս հարցն ինձ հատկապես սուր է հուզում գրադարանների հարցում: Դեռ Երևանում էլ ԵՊԲՀ գրադարանը մինչև երեկոյան իննը բաց էր լինում միայն քննաշրջանի ընթացքում: Նույնն էլ էստեղ է՝ Խրոնինգենում: Քննաշրջանում, երբ գրադարանում պարապում էին հազարավոր ուսանողներ, գրադարանը բաց էր մինչև կեսգիշեր, աշխատում էր նաև շաբաթ-կիրակի: Իսկ հիմա, երբ արձակուրդային շրջան է, ժամը հինգին փակվում է, շաբաթ-կիրակի էլ չի աշխատում: Սա արվել է, որովհետև պակասել է գրադարանից օգտվողների թիվը: Բայց ախր որքան էլ հազարները հարյուրների իջած լինի, բնավ չի նշանակում, որ գրադարանից օգտվող ուսանողներին այն ավելի կարճ ժամանակահատվածով է պետք: Ախր կարելի էր օրինակ մինչև կեսգիշեր բացել գրադարաններից միայն մեկը (այդպիսով աշխատողի խնդիր էլ չէր լինի), մյուսները փակել, որպեսզի մագիստրոսական թեզ գրող ուսանողներն էլ կարողանան լիարժեքորեն օգտվել դրանցից, ոչ թե իմանան, որ աշխատելու խիստ սահամանափակ ժամանակ ունեն:

Մեկ էլ հիշում եմ, որ էստեղի սպորտ կենտրոն գնացի աերոբիկայի, ասացին, որ դասը քենսըլվել է, որովհետև ընդամենը երեք հոգի է եկել: Իհարկե, դրա տեղն առաջարկեցին մարմինս հանձնել ժեշտին, բայց դա, անկեղծ ասած, մարզվելու իմ սիրած ձևը չէ: Նույն տեղում, սակայն, յոգայի ու պիլատեսի դասերը երբեք չեն քենսըլվել, չնայած եղել է դեպք, երբ դասն ընդամենը երկու հոգու հետ է անցկացվել: Եվ դրա մեջ կա տրամաբանություն. չէ՞ որ այդ երկու հոգին եկել են դասի, ուրեմն ինչու՞ պիտի տուժեն չեկողների պատճառով:

Հիմա էս նույն հարցը բերենք քաղաքական դաշտ: Հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը մոտավորապես էսպիսի մի բան էր ասել, թե երեք հազարից շատ մարդ չի հավաքվում Ազատության հրապարակում: Բայց ախր եթե ընդունենք, որ այդպես է, ուրեմն ինչ-որ երեք հազար հոգի ինչ-որ բանից դժգոհ է, չէ՞: Պետք է նրանց լսել, չէ՞:

Էհ, չգիտեմ, երևի սխալ եմ մտածում, բայց ինձ համար ամեն մարդն անձնավորված է ու որակ է, ոչ թե քանակ: Մարդը կարտոֆիլ չի, որ կիլոյով չափես, ու եթե նույնիսկ մի հոգի փողոցում նստացույց է անում, պետք է կանգնել ու լսել, թե ինչ է ասում: Եթե մի հոգի ներկայացել է դասախոսության, պետք է այն կարդալ նրա համար: Եթե համալսարանում կա ուսանող, որին գրադարանը պետք է մինչև կեսգիշեր, պետք է պայմաններ ստեղծել, որ մինչև կեսգիշեր օգտվի: