Մարդիկ ամեն տեղ նույնն են, ղեկավարներն են տարբեր

Մարդկանց վարքը Հայաստանում ու Դանիայում

Հիշու՞մ եք 2018֊ի հեղափոխությունը։ Հիշու՞մ եք Նիկոլ Փաշինյանի մատի մի շարժումով ժողովուրդը ոնց էր բացում ու փակում փողոցները, հավաքվում Հանրապետության հրապարակում կամ տուն գնում հայտարարված ժամին։ Իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ այդ նույն ժողովուրդը հրաժարվում է դիմակ հագնել կամ սոցիալական հեռավորություն պահպանել։ Սոցիալական ցանցերով մեկ ու իրական կյանքում շատերը նկատողություն են անում դիմակ չկրողներին, վիրավորում ու բողոքում, թե էս ինչ մշակույթ է, էս ժողովուրդը բան չի հասկանում։ Այդ նույն ժողովուրդը 2018֊ին հեղափոխություն էր արել։ Ուրեմն ի՞նչ է կատարվում հիմա։

Կոպենհագենի կենտրոնը լոքդաունի բացվելուց հետո։ Ոչ ոք ըստ էության որևէ կանոն չի խախտել, բայց փողոցը մարդաշատ է

Համավարակի ժամանակ մշակույթի մասին խոսակցությունները միայն Հայաստանին չեն հատուկ։ Դեռ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին շատ դանիացիներ ռասիստաբար պնդում էին, որ համավարակը Դանիային մեծ վնաս չի տա, որովհետև ի տարբերություն իտալացիների ու պարսիկների, իրենք ավելի լավ են հետևում հիգիենային։ Բայց օրեր անց թվերը սկսեցին խայտառակ տեմպով աճել, որովհետև ժողովուրդը չէր ենթարկվել Դանիայի կառավարության հորդորներին. Իտալիա չմեկնել, իսկ էնտեղից վերադառնալուց հետո տասնչորս օր ինքնակարանտինի մեջ մնալ, ձեռքով չբարևել, չգրկախառնվել։ Նույնիսկ ամբողջական դասարաններ իրենց ճամփորդությունը չչեղարկեցին։ Վերադարձողներից շատերն էլ ոչ միայն կարանտինի մեջ չմնացին, այլև գիշերային ակումբներ ու այլ վայրեր այցելեցին։ Արդյունքում՝ մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում Դանիայում նոր դեպքերն աճում էին երկրաչափական պրոգրեսիայով ու շատ ավելի արագ, քան դա երբևէ եղել է Հայաստանում։ «Շատ ավելի հիգիենիկ» ու «պետությանը ենթարկվող» դանիացիների պատճառով Դանիան աղետի առաջ էր կանգնած։

Բայց ամիսներ անց դանիացիների վարքագիծը խիստ փոխվել է։ Սոցիալական հեռավորություն պահպանելը, ընկերներին առանց գրկախառնվելու բարևելը, մեծ հավաքույթներ չանելը, հանդիպումները հնարավորինս բացօթյա տարածքներում կազմակերպելը, խանութ մտնելիս ձեռքերը ախտահանելը դարձել է նորմ, ինչը չէիր ասի Հայաստանի մասին. հենց սահմանափակումները հանվեցին, մարդիկ շարունակեցին պաչիկով բարևել, իրար գլխի հավաքվել ու դիմակ չկրել։ Ուրեմն ինչու՞ դանիացիների վարքը փոխվեց, հայերինը՝ ոչ։ Երբ այս թեմայով բանավիճում եմ սոցիալական ցանցերում, ինձ ասում են՝ դանիացիներն ավելի քաղաքակիրթ են։ Բայց ոչ, դանիացիներն էլ են իրար գլխի լցվում, դանիացիներն էլ գրկախառնվում ու ձեռքով բարևում, դանիացիներն էլ հրաժարվում դիմակ կրել. մարդիկ ամեն տեղ նույնն են, նրանց ղեկավարողներն են տարբեր։

Դանիան լոքդաունի ժամանակ

Երբ չնայած Դանիայի կառավարության հորդորներին թվերը շարունակեցին աճել, մարտի 11֊ին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը առանց երկար֊բարակ մտածելու լոքդաուն հայտարարեց՝ էդպիսով Եվրոպայում Իտալիայից հետո լինելով առաջին պետությունը, որը պետության ներսում ամեն ինչ փակեց ու անտեսեց հնարավոր տնտեսական վնասները։ Դանիայի պառլամենտը հոտնկայս ու միաձայն հակահամաճարակային օրենք ընդունեց։ Այդ օրերին պառլամենտում ներկայացված բոլոր ինը կուսակցությունները միաձայն էին։ Քաղաքական հակամարտություններն ու շահարկումները հետո սկսվեցին։

Չնայած ամեն ինչի փակ լինելուն, օրինախախտներ միշտ էլ կային։ Հանրակացարաններում ուսանողները մեծ քեֆեր էին կազմակերպում։ Արևոտ օրերին դանիացիները խմբվում էին բացօթյա տարածքներում (թույլատրվում էր միայն մինչև տասը հոգանոց հավաքույթներ)։ Ոստիկանությունը զգուշացումներ էր տալիս կամ տուգանում։ Անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ կարգավորումներ մտցնում։ Օրինակ, կոպենհագենցիները սիրում են զբոսանքի ու ֆիզիկական վարժությունների դուրս գալ լճերի շուրջ։ Ոստիկանությունը կարգադրեց, որ միայն ժամսլաքի ուղղությամբ զբոսնեն այնտեղ. այդպիսով, անծանոթ մարդիկ իրար դեմ֊դիմաց դուրս չեն գա։ Քաղաքի լողափներից մեկում մոտ երկու հարյուր հոգի իրար գլխի էին հավաքվել։ Ոստիկանությունը ցրեց հավաքույթը ու լողափը փակեց նաև հաջորդ օրերի համար։

Երբ մարդկանց վարքը չէր փոխվում, նաև Դանիայի թագուհին ելույթ ունեցավ ու խիստ նախատեց բոլորին։ Վարչապետն էլ սպառնաց, որ եթե չենթարկվեն, սահմանափակումներն ավելի խիստ են դառնալու։ Էս ամենը, իհարկե, մեծ էմպաթիա ցուցաբերելով բնակիչների նկատմամբ, մտնելով դրության մեջ, հասկանալով նրանց։ Վարչապետն անգամ առանձին առցանց հանդիպում կազմակերպեց երեխաների հետ, որտեղ երեխաները կարող էին իրենց հուզող հարցերը տալ։

Լոքդաունի ժամանակ արված գրաֆիթի. թող հարուստները վճարեն COVID 19֊ի համար

Լոքդաունի ժամանակ գործազրկությունն աճեց։ Դա կանխելու համար Դանիայի ղեկավարությունն օգնության փաթեթներ առաջարկեց։ Մասնավորապես, պետությունը վճարում էր մասնավոր սեկտորի աշխատողների աշխատավարձի առյուծի բաժինը միայն այն պայմանով, որ ընկերությունը ոչ մեկի աշխատանքից չազատի։ Հայտնվեցին փաթեթին միացած խոշոր բիզնեսներ, որոնք պարզվեց վերջին տարիներին ոչ մի կոպեկ հարկ չէին մուծել։ Այս բիզնեսները սկսեցին դժգոհել, թե օգնության փաթեթները բավականաչափ մեծ չեն։ Հայտնվեց Դանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որը հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատեց, հետո նոր միացավ օգնության փաթեթին (փաթեթին միանալուց առաջ աշխատանքից չազատելու պայման չկար)։

Ու սկսվեցին քաղաքական շահարկումները։ Այժմ ընդդիմություն, լիբերալ կուսակցության անդամ նախկին վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը դժգոհում էր, թե խիստ լոքդաունի արդյունքում տնտեսությունն այնքան կտուժի, որ առողջապահությանը գումար չի մնա, մարդիկ ուրիշ հիվանդություններից կմեռնեն։ Իրեն պատասխանեցին՝ առաջնահերթությունների հարց է. եթե առողջապահական համակարգի պետական ֆինանսավորումն առաջնահերթություն լինի, գումար միշտ էլ կգտնվի։ Իսկ այդ նույն նախկին վարչապետի իշխանության օրոք պետական առողջապահությունն առաջնահերթություն չէր. կրճատել էր ֆինանսավորումը, բոլոր տեսակի պահուստային միջոցներից ազատվել, զարկ տվել մասնավոր հիվանդանոցներին, որոշակի հարկային թեթևացումներ մտցրել հատկապես հարուստների համար։ Ներկայիս կառավարությունը նաև ստիպված էր նախկին իշխանությունների գործած սխալներն ուղղել՝ վերականգնելով պահուստային միջոցները ու ավելացնելով պետական առողջապահության ֆինանսավորումը։ Իսկ հասարակ բնակիչներս անընդհատ երանի էինք տալիս, որ համավարակն այս տարի է, ոչ թե անցյալ, երբ Լարս Լյոկե Ռասմուսենը դեռ վարչապետ էր։

Քայլ առ քայլ դեպի նոր նորմալ

Չնայած տարատեսակ քաղաքական շահարկումներին, Դանիայում լոքդաունն աշխատեց ու աշխատեց նախատեսվածից լավ։ Կանխատեսված պիկն այդպես էլ չգրանցվեց, հիվանդանոցների կորոնավիրուսային բաժանմունքները շարունակեցին կիսադատարկ մնալ։ Ու սկսվեց երկիրը վերաբացելու դանդաղ ու զգույշ գործընթացը՝ նախատեսվածից շուտ։

Լոքդաունից մոտ մեկ ամիս անց ու Զատիկից անմիջապես հետո առաջինը տարրական դպրոցներն ու մանկապարտեզները բացվեցին։ Այս ամենը պետք է տեղի ունենար հազար ու մի կանոնի հետևելով. երեխաներին ենթախմբերի են բաժանում, դասերի մեծ մասը դրսում անցկացնում, մի քանի ժամը մեկ ձեռքերը լվանում ու էլի բազմաթիվ կարգավորումներ։ Սպասեցինք մի շաբաթ։ Թվերը շարունակեցին իջնել։ Սկսեցին նաև մասնավոր բիզնեսները կամաց֊կամաց բացել։ Ու էդպես խիստ վերահսկելով, խիստ կանոններով, թվերին հետևելով քայլ առ քայլ Դանիան շարունակեց բացվել։ Այս պահին գրեթե ամեն ինչ բաց է, բայց ամեն ինչ խիստ կանոններով է գործում։ Կանոններին չհետևողը տուգանվում է։ Դիմակ գրեթե ոչ ոք չի հագնում. կանոնների մաս չէ։ Բայց մարդիկ շարունակում են որոշակիորեն կանոնները խախտել։ Պարզապես ոչ այնքան, որ դեպքերի թիվը շատ մեծանա։

Հայաստանի ու Դանիայի անցած ճանապարհների տարբերությունները

Երբ մտածում եմ, թե Դանիան ու Հայաստանն ինչու այսքան իրարից արմատապես տարբեր ճանապարհներ անցան կորոնավիրուսի դեմ պայքարում, հիմնական բացատրությունը գտնում եմ երկու պետությունների ղեկավարման մեջ։ Երբ Մետտե Ֆրեդերիկսենն ասուլիսներ էր տալիս ու կոչ անում իրավիճակին լուրջ մոտենալ, Նիկոլ Փաշինյանը դեռ կորոնավիրուսը պինցետով ու արաղով էր բուժում ու հանրահավաքներ անում։ Համավարակի ընթացքում և ոչ մի պահի Դանիայի վարչապետը որևէ մեղավոր չի փնտրել, որևէ մեկի անունը չի տվել, չնայած որ մեր ընկերական շրջանակներում դահուկ քշող հարուստներին էինք հայհոյում վարակը Իտալիայից բերելու համար։ Նիկոլ Փաշինյանը սկսեց Էջմիածնի կնոջից, վերջացրեց ձեռնոց չհագած մատուցողով, հետո անցավ լուսանկարներին։ Լուծումներ փնտրելու փոխարեն մեղավորներ է փնտրում։ Մետտե Ֆրեդերիկսենի քաղաքական հակառակորդները շատ կուզենային նրան բռնացնել սահմանափակումներից որևէ մեկին չենթարկվելիս, բայց էդպիսի բան ոչ մի անգամ տեղի չունեցավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեծ հավաքույթի է մասնակցում ու դրական թեստից հետո մեկուսանալու փոխարեն պարետատան նիստեր է անում։ Մետտե Ֆրեդերիկսենի ֆեյսբուքյան էջում նկարներ են հայտնվում, թե ինչպես է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հեռախոսազրույց ունենում ու փորձի փոխանակում անում, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների անձնական նկարներ է հրապարակում։ Բայց կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր է ոչ այնքան երկու ղեկավարների տարբեր անձնային ու վարքային առանձնահատկությունները, որքան նրանց քաղաքական օրակարգը։

Դանիայի ամենամեծ տաքսի ծառայություններից մեկի տաքսու մեջ։ Վարորդի և ուղևորի միջև թափանցիկ պատուհան է տեղադրված, ուղևորի համար՝ ձեռքերն ախտահանելու միջոց

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցներով գիտությունն է ապահովում, բայց այդ միջոցներից որոնք և ինչպես ընտրելը քաղաքական որոշում է։ Քաղաքական է նաև առաջնահերթությունները որոշելը։ Դանիայի ներկայիս սոցիալ֊դեմոկրատական կառավարությունը (պառլամենտում սոցիալ֊լիբերալների և երկու սոցիալիստական կուսակցությունների աջակցությամբ) իր պետության բնակիչների կյանքն ու առողջությունն առաջնահերթություն համարեց։ Դրա համար առանց հետևանքների մասին երկար֊բարակ մտածելու լոքդաունի անցավ, հետո նոր սկսեց ռազմավարություն մշակել։ Այս ամբողջ ընթացքում երկիրը վերաբացելու ողջ ռազմավարությունն ուղղված էր բնակչության անվտանգությանը և միայն ավելի ուշ սկսեցին անվտանգությունը զուգակցել տնտեսության հետ։ Օրինակ, սահմանները փակ պահելով բազմաթիվ պետությունների հետ՝ դանիացիները ստիպված ամառային արձակուրդը Դանիայում են անցկացնելու, փողերը Դանիայում են ծախսելու։ Բայց դա ներկայացվում է որպես անվտանգությունից, ոչ թե տնտեսությունից բխող որոշում։

Հայաստանում որոշումները տնտեսությունից են բխում։ Տնտեսությունը տուժում է, թվերը աճում են, բայց եկեք բացենք ամեն ինչ, որ չտուժի։ Թքած, որ հարյուրավոր կյանքեր են վտանգի տակ դրվում։ Իհարկե, Հայաստանը Դանիայի հնարավորությունները չունի, որ բնակչությանը սոցիալական փաթեթներով ապահովի։ Բայց կարող ենք հիշել չէ՞ բյուջեի ամբաղ֊զամբաղ ծախսերը պարգևավճարների, Աննա Հակոբյանի մեյքափի ու այլ ոչ անհրաժեշտ ծախսերի տեսքով։ Ի վերջո, եթե բնակչության անվտանգությունն առաջնահերթություն լիներ, կարելի էր չէ՞ փող գտնելու տարբերակներ մտածել (պարտք վերցնել, սփյուռքից դրամահավաք կազմակերպել, օլիգարխներին ստիպել, որ «մուծվեն» և այլն)։ Բայց Նիկոլ Փաշինյանն առաջնորդվեց նորազատական գաղափարներով ու որոշեց, որ քաղաքացին միայն ինքն է պատասխանատու իր սեղանին հաց դնելու համար ու անպաշտպան ժողովրդին պարզապես հանձնեց վարակին՝ որպես պայքարի կենտրոնական միջոց ընտրելով ամենակասկածելի արդյունավետություն ունեցող ու ամենաթանկ միջոցներից մեկը՝ դիմակները ու մեղադրելով անպաշտպան խավին։ Ու հենց նորազատականությունից է բխում նաև այն, որ պետությունը դիմակ ձեռք բերելու ու այն կրելու բեռը դնում է քաղաքացու վրա. գնային կարգավորման կամ բնակիչներին անվճար դիմակներ բաժանելու մասին խոսք անգամ չկա։

Իսկ ինչու՞, այնուամենայնիվ, ժողովուրդը Հայաստանում էդպես պնդաճակատորեն չի ենթարկվում կանոններին։ Իհարկե, 2018֊ի համեմատ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը խիստ ընկել է, հետևաբար այլևս անհնար է մատի մի շարժումով ողջ ժողովրդին ստիպել որևէ բան անել։ Բայց ուրիշ պատճառ էլ կա։ Դանիայում Օրհուսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդիկ սահմանափակումներին ենթարկվում են երկու դեպքում. երբ վախենում են ու երբ գիտեն, որ իրենց վարքային փոփոխությունն օգուտ տալու է։ Առաջին դեպքում Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին կորոնավիրուսն ում շունն էր համարում ու պինցետով ու արաղով էր բուժում մարդկանց տեղը տեղին վախեցնելու ու զգոն պահելու փոխարեն, իսկ երկրորդ դեպքում կենտրոնանալով ամենահակասական տեղեկություններով մեթոդի՝ դիմակների վրա, Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տապալում է մարդկանց՝ սահմանափակումներին հետևելով վարքը փոխելը։ Շատերը վստահ չեն դիմակն օգուտ տալիս է, թե ոչ, շոգին կրելը տհաճ է, անընդհատ նորը գնելը՝ մեծ ծախս։ Ուրեմն ինչու՞ կրեն։ Բայց Հայաստանում հավանաբար մի երրորդ գործոն էլ կա։

Ի տարբերություն Դանիայի, աշխատողները Հայաստանում պաշտպանված չեն։ Շատերը դժգոհում են քիթը դիմակի տակից հանող խանութի աշխատողներից, իսկ Նիկոլ Փաշինյանն ինքը Գլորիայի աշխատողների լուսանկարն է տեղադրում՝ նրանց մեղադրելով ռեկորդային թվերի համար։ Բայց գործատուի պատասխանատվությունից ոչ ոք չի խոսում։ Ի՞նչ է անում գործատուն, որ իր աշխատողը չվարակվի։ Արդյոք վարակված աշխատողին տուն ուղարկու՞մ է։ Չաշխատած օրերի դիմաց աշխատավարձ վճարու՞մ է։ Դանիայում մարդկանց հետ շատ շփում ունեցողները՝ վաճառողներն ու վարորդները, գործատուի ջանքերով պաշտպանված են։ Որոշ ձախ կուսակցություններ անգամ առաջարկում էին կորոնավիրուսը դարձնել աշխատանքային հիվանդություն, ինչը կնշանակեր, որ գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի վարակվելու համար։ Դանիայի սուպերմարկետներում վաճառողների ու հաճախորդների միջև թափանցիկ պլաստիկ պատ կա, խանութների մոտ ձեռքերը ախտահանող միջոց կա, իսկ ավտոբուսներում առաջին շարքում նստել չի կարելի, դիմացի դռներն էլ չեն բացվում։ Ու ամեն տեղ հաղորդագրություններ կտեսնես, թե՝ մենք մտածում ենք մեր աշխատողի առողջության մասին, հեռավորություն պահպանիր, ձեռքերդ մաքրիր ներս մտնելիս։

Եթե Հայաստանում անպաշտպան աշխատողները հիվանդանան ու չկարողանան աշխատանքի գնալ, արդյոք դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Եթե թվերը շարունակեն աճել, բազմաթիվ պետություններ սահմանները փակեն, զբոսաշրջիկներ չգան, դա՞ էլ տնտեսությանը վնաս չի լինի։ Լոքդաունով, թե առանց համավարակները միշտ էլ տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում։ Ուրեմն կարելի է ընտրել կործանված տնտեսություն ու բազմաթիվ մահեր կամ միայն կործանված տնտեսություն տարբերակը։ Հայաստանը, ցավոք, ընտրել է առաջինը։

Հոգեկան հիվանդներին ստացիոնարից ամբուլատոր տեղափոխելու մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնում է հոգեկան առողջության խնդիրներին’ առաջարկելով զարկ տալ ամբուլատոր բուժմանը և պակասեցնել հոգեկան հիվանդների ստացիոնար բուժումը։ Ըստ էության, հրաշալի առաջարկ է. հոգեկան հիվանդները պիտի ապրեն իրենց տներում, հնարավորության դեպքում նաև աշխատեն և հասարակության լիիրավ անդամ լինեն։ Բայց ամբուլատոր բուժմանը զարկ տալուց առաջ արժեր մի քանի խնդրի անդրադառնալ։

Նախ, հոգեբուժարանները վաղուց արդեն հոգեկան հիվանդների պահման վայր չեն, ու հիվանդները դուրս են գրվում ընդունվելուց 24 կամ 36 օր անց (թվերը գուցե սխալ եմ հիշում), երբեմն’ ավելի շուտ։ Երբ ինքս հոգեբուժարանում էի աշխատում, հիվանդներին ստացիոնար ընդունելու համար լուրջ հիմքեր էին պետք. սուր վիճակ, շրջապատի ու իր համար վտանգավորություն և այլն։ Այլապես կա’մ չէինք ընդունում, կա’մ երկու֊երեք օր անց դուրս էինք գրում։ Ինչ խոսք, հոգեբուժարաններում կան նաև էսպես կոչված խնամքի հիվանդները, որոնց վիճակը միշտ է ծանր կամ որոնք գնալու տեղ’ ո’չ տուն, ո’չ ազգական։ Թեև հազվադեպ, բայց լինում էին նաև հիվանդներ, որոնք իրենց ոտքով գալիս էին 24 օր բուժում ստանալու ոչ թե որովհետև դրա կարիքը շատ ուժեղ ունեին, այլ որովհետև ուզում էին ձմռանը տաք տեղում լինել ու մի քիչ սնունդ ստանալ։ Հետո, երբ դուրս էին գրվում, հաճախ էր պատահում, որ բժիշկներն իրենց գրպանից ճանապարհածախս էին տալիս, որ այդ հիվանդները տուն հասնեն։

Պետք է պարզապես մի անգամ մտնել որևէ հոգեբուժարան Հայաստանի ողջ թշվառությունը տեսնելու համար։ Անբարեկարգ շենքային պայմաններ, էժանագին սնունդ ու ցնցոտիներ հագած հիվանդներ։ Այնուամենայնիվ, որոշ հիվանդների համար այս պայմաններն ավելի նախընտրելի են, քան այն, ինչ ունեն տանը։ Ուրեմն ուղղակի անպատկերացնելի է, թե ինչպիսին է տունը։ Էսպիսով, կրճատելով ստացիոնար բուժումը’ կկրճատվի նաև հասարակության այս ամենախոցելի խավերից մեկի’ մի քանի շաբաթով ձմռանը չսառցակալելու ու սոված չմնալու հնարավորությունը։

Նախարարը նշում է ամբողջ աշխարհի սիրուն օրինակը, բայց իր իմացած երկրներում հոգեկան հիվանդները, եթե չեն կարող աշխատել, բավարար չափով նպաստ ու բնակարանային պայմաններ են ստանում, որ հոգեբուժարանի հույսին չմնան։ Արդյոք այս բոլոր պայմաններով ապահովվելու՞ են Հայաստանի հիվանդները դեպի ամբուլատոր անցում կատարելուց առաջ։

Ու ի վերջո, հենց ստիգմայի պատճառով Հայաստանում հոգեկան հիվանդների ամբուլատոր բուժումը բավական մեծ տարածում ունի. հանկարծ հարևանը չիմանա, որ այսինչը հոգեբուժարանում է։ Բայց այդ նույն ստիգմայի պատճառով ամբուլատոր հիվանդներից շատերը չեն գրանցվում, ու պատկեր է ստեղծվում, որ Հայաստանում շատ քիչ են ամբուլատոր բուժում ստացող հոգեկան հիվանդները։ Իսկ ստացիոնարը միշտ մնում է որպես ծայրահեղ միջոց, հաճախ նաև ուշացած։

Այսքանից հետո գուցե ամեն դեպքում արժե ուսումնասիրել և պարզել ամբուլատոր ու ստացիոնար բուժվող հոգեկան հիվանդություն ունեցողների իրական հարաբերակցությունը։ Գուցե ավելի լուրջ աշխատանքներ պետք է տանել հասարակության մեջ հիվանդներին ստիգմայից ազատելու, իսկ հոգեբուժարանը գժանոցի փոխարեն որպես հիվանդանոց ընկալելու ուղղությամբ։ Բայց որ ավելի կարևոր է, պետք է հոգալ, որ քրոնիկ հիվանդները մարդկային պայմաններում’ ստացիոնարում սնվելու ու տաքանալու հնարավորությունից նրանց զրկելուց առաջ։

Այցելություն Հայաստան

Ակումբում ժամանակին գրել եմ վերջին այցելությանս տպավորությունների մասին, ու երևի շատ բան չկա ավելացնելու։ Դրա համար ավելի շատ կգրեմ ընդհանրապես Հայաստան այցելելու մասին։

Երբ չորս տարի առաջ ուսումս վերջացրի ու վերադարձա Հայաստան, ուղեղս լիքն էր Հայաստանը զարգացնելու ընտիր գաղափարներով։ Բայց շատ արագ էդ բոլոր գաղափարները կտոր-կտոր եղան, ու ես նորից փորձեցի դրսի ճամփան բռնել։ Էն ժամանակ հեռանալիս հաստատ որոշել էի, որ առնվազն տարին երկու անգամ Հայաստան եմ գալու հնարավորինս երկար ժամանակով ու որ Հայաստանի հետ հնարավորինս պինդ կապ եմ պահելու։ Այդուհանդերձ, Հայաստան վերադառնալու ու այնտեղ ապրելու թեման ընդմիշտ փակվեց ինձ համար։

Տարիներ անց Հայաստանում վերահաստատվելու թեման դեռ փակ է ինձ համար ու կարծում եմ՝ երբևէ իմ կամքով չեմ վերադառնա։ Դրա համար ամեն անգամ այցելելիս ոչ մի դեպքում էն աչքերով չեմ նայում, թե՝ մի օր կգամ, չնայած Մորթենը միշտ ոգևորված նոր բիզնես գաղափարներով է բեռնվում, թե՝ էս կարող ենք անել, էն կարող ենք անել։

Այնուամենայնիվ, երեքուկես տարի անց վերաբերմունքս է փոխվել։ Առաջին երկու տարիներին կարողացա տարին երկու անգամ գալ, անցյալ տարի՝ ոչ։ Էս տարի էլ դեռ քննարկման պրոցեսում է․ իմ՝ բավական երկարատև ձմեռային արձակուրդը (կեցցե ֆիննական համակարգը, թե չէ Դանիայում տոն օրերից դուրս ազատ լինելու համար պիտի լրացուցիչ արձակուրդ վերցնեիր) Կոպենհագենու՞մ եմ անցկացնելու, թե՞ մասամբ Հայաստանում կամ մեկ այլ երկրում։

Իսկ թե ինչու է Հայաստանը գնալով ավելի պակաս առաջնահերթ դառնում, պատճառները տարբեր են։ Դրանում, բնական է, մեծ դեր ունի ավիատոմսերի գինը, բայց պիտի խոստովանեմ, որ եթե Հայաստան գալն էդքան կարևոր լիներ, դժվար երկար-բարակ մտածեի, որ նույն գնով կարելի է ավելի էկզոտիկ երկրում հանգստանալ։

Խնդիրներից գլխավորն այն է, որ Հայաստանից գնալով ավելի ու ավելի քիչ կախված եմ լինում։ Ժամանակին էնտեղ գնում էի լիցքաթափվելու, ընկերներիս ու ընտանիքիս անդամների հետ շփվելու ու ծիրան ուտելու։ Հիմա արդեն ես իմ ընկերական շրջապատն ունեմ Կոպենհագենում, ու Հայաստանի ընկերներիս կարիքն էդքան խորը չեմ զգում։ Ինչ խոսք, ամեն անգամ ուրախ եմ հանդիպել ու շփվել հետները, բայց դա այլևս ուժեղ պահանջ չէ։ Դրան ավելացնենք նաև, որ իմ մտերիմ ընկերներից միայն երկուսն են հենց Երևանում մնացել։ Մյուսներն արտագաղթել են, իսկ մեկն էլ Դիլիջան է տեղափոխվել ու Երևանում լինել ուղղակի չի ուզում։ Ընտանիքիս անդամներից էլ հայրս, որի հետ ամենաշատն եմ ուզում շփվել, էլի հեռացել է Հայաստանից։

Հետո գալիս է նաև Մորթենի հարցը։ Ընտանեկան հավաքույթներին ինքն ուղղակի չի կարողանում լիարժեք մասնակցել լեզվի պատճառով։ Ընկերական հավաքույթներին վիճակն էլի համեմատաբար լավ է, որովհետև միշտ էլ գտնվում են քչից-շատից անգլերեն իմացողներ, որոնք հետը շփվում են։ Բայց ամեն դեպքում ահագին հոգնեցուցիչ է լինում իր համար՝ անհասկանալի միջավայրում լինելը ու ինձ համար՝ զրույցներին մասնակցելու փոխարեն թարգմանելը։ Իհարկե, կարելի է ասել՝ առանց Մորթենի Հայաստան արի։ Բայց մենք սիրում ենք մեր արձակուրդները միասին անցկացնել, ու եթե էդպիսի հարց է առաջանում, մենք ավելի շուտ մեր արձակուրդն ուրիշ տեղ կանցկացնենք։ Դրան էլ ավելացնենք, որ Մորթենն իսկապես սիրում է Հայաստան գալ։

Իհարկե, կարելի է ավելացնել նաև լիքը մանր-մունր գործոններ, ինչպիսիք են համատարած ծուխը, Երևանի կեղտոտ օդը, հայկական անկազմակերպվածությունը, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ադապտացվել, ջահելների անհույս դեպրեսիվ վիճակը, մարդկանց՝ քիթները կյանքդ խոթելը, որն ահավոր ներվայնացնող է և այլն։ Ու անկազմակերպ վիճակի պատճառով էր, որ վերջին անգամ լիքը մարդկանց ուղղակի չհասցրի տեսնել։

Մի խոսքով, ինձ համար հիմա օրակարգում է հաջորդ անգամ երբ Հայաստան գնալ ու ինչ ֆորմատով։ Ուզում ենք Հայաստանով մեկ պտտվել ու ինքներս կազմակերպել մեր արձակուրդը՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Երևանի ժողովուրդը նեղանում է, թող նեղանա։

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 1. գենդերային հավասարություն

screen-shot-2013-12-11-at-2-45-56-pm-300x267Փետրվարին, երբ գրեցի, թե ինչը դուրս չի գալիս Դանիայում, հաստատ գիտեի, որ կարճ ժամանակ անց անդրադառնալու եմ նաև լավ բաներին։ Բայց ամիսներ անցան, ու չէի կարողանում գրել։ Չէի կարողանում ոչ թե նրա համար, որ Դանիայում լավ բան չկա (որովհետև շատ կա), այլ որովհետև չէի կարողանում ձևակերպել ասելիքս։ Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ շատ բաներ կարելի է ամփոփել մեկ բառով. գենդերային հավասարություն։

Տեսականորեն գենդերային հավասարություն ասելով հասկանում ենք կնոջ ու տղամարդու հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Սիրուն, բայց աբստրակտ երևույթ է։ Հաստատ մեկը կգտնվի ու կասի՝ կարո՞ղ ա դու Հայաստանում տղամարդկանց հավասար իրավունքներ ու հնարավորություններ չունեիր։ Իսկապես, եթե էդպես սահմանենք, ոնց որ դժգոհելու տեղ չունեմ. կրթություն ստացել եմ, աշխատանք ունեի, կարող էի մինչև ժամը հազարը փաբերում թրև գալ։

Բայց Հայաստանում շատ էի նեղվում։ Նեղվում էի բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկն էլ էն էր, որ ինձ թվում էր, թե իմ ներսում ի սկզբանե ինչ-որ բան սխալ է։ Կողքից ինձ անընդհատ ասում էին՝ խելքդ տվել ես ուսմանը, էդքան չի կարելի, մի քիչ արտաքինիդ հետևիր, բա անձնականը, բա սենց, բա նենց, քեզ աղջիկ ասողին (շարունակեք ցանկը)։ Միայն իմ նեղ շրջապատում էի կարողանում ես ես լինել, իսկ դրանից դուրս անընդհատ ինչ-որ բանով սխալ էի, անընդհատ նկատողությունների էի արժանանում, անընդհատ մատնանշվում էր, որ ես ինչ-որ բանով նորմալ չեմ։ Կանայք քննադատում էին ինձ, տղամարդիկ հուշտ էին լինում։ Ուղեղս դիտվում էր որպես սպառնալիք, ոչ թե որպես արժանիք։ Արդյունքում՝ ինձ թվում էր, թե կարիերայի վրա կենտրոնացած այն տգեղ կինն եմ, որը երբևէ անձնական կյանք չի ունենալու։

Բայց եկա Դանիա, ու հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Հանկարծ պարզվեց, որ խելացիությունը տղամարդկանց մենաշնորհը չէ ու գնահատվում է անկախ անձի գենդերային պատկանելությունից։ Պարզվեց նաև, որ տղամարդիկ ոչ թե հուշտ են լինում խելացի կանանցից, այլ ձգտում դեպի նրանց։ Իմ շուրջն էլ լիքը դանիացի տղամարդիկ էին պտտվում։ Ու էն զգացողությունը, որ ինչ-որ բան սխալ է իմ մեջ, վերացավ։

Այստեղ տղամարդիկ կնոջ խելքը ոչ թե սպառնալիք են համարում, այլ արժանիք։ Ու մենակ էն, որ ասում եմ՝ PhD եմ անում, հետաքրքրվածությունը կրկնապատկում է։ Որևէ մեկի մտքով չի անցնում ասել՝ խելքդ տվել ես գիտությանը։ Որևէ մեկը չի սկսում անկապ մրցակցել կամ փորձել ոչնչացնել դիմացինին՝ կպնելով արտաքինին, ինչպես հաճախ տեղի էր ունենում Հայաստանում։ Ու այ քեզ բան. պարզվեց, որ համ էլ լավ էլ սիրուն եմ առանց կոսմետիկայի։ Հայաստանում «չխնամված» եմ, էստեղ՝ կանացի։

Դանիայում կինը եփող-թափող, մաքրող ու ծննդաբերող օբյեկտ չէ, որովհետև տղամարդիկ էլ, կանայք էլ դեռ շատ վաղ տարիքից իրենք են իրենց ճաշերը եփում ու իրենց հետևից հավաքում։ Ու բնականաբար, կան տղամարդիկ ու կանայք, որոնք չեն սիրում եփել կամ հավաքել, բայց դա սեռից անկախ է։ Միայն դրսում ճաշող աղջկան չեն ասում «քեզ աղջիկ ասողին» կամ «տանողիդ տանը մնաս»։ Իսկ ճաշ եփող տղամարդը ղզիկ չէ։

Էս բոլորը տեսականորեն շատ հեշտ ու հասկանալի է թվում։ Երևի շատերդ եք կարդացել, թե «էդ կեղտոտ Եվրոպայում» ոնց են «սեռերը վերացել»։ Բայց հենց էս գենդերային հավասարությունն է, որ Դանիան շատ տարբեր է դարձնում աշխարհի բազմաթիվ երկրներից։ Ու հենց Դանիայում հասկացել եմ, որ ոչ թե իմ մեջ է ինչ-որ բան սխալ, այլ ապրում էի սխալ երկրում, որտեղ միայն ու միայն սեռիս պատճառով հասարակությունն ինձնից լրիվ ուրիշ սպասելիքներ ուներ, այնպիսի սպասելիքներ, որոնք չէի կարող արդարացնել։

Էստեղ նաև հասկացա, որ կարիերան ու անձնական կյանքը շատ էլ լավ համատեղելի են, որովհետև անձնական կյանքը ոչ թե ուրիշի համար ճաշ եփելն ու հետևից հավաքելն է, այլ երկու կյանքեր իրար միացնելը։ Ու հենց այս կիրակի օրով մինչ ես տունն էի մաքրում, ընկերս դարչնաոլոր էր թխում։ Չկա ավելի համեղ բան, քան նրա թխած դարչնաոլորը։ Ու Հայաստանյան իմ ամբողջ կյանքի ընթացքում երբևէ ինձ այնքան կանացի չեմ զգացել, ինչքան իմ դանիացի ընկերոջ կողքին։

Քաղցկեղից մահացության վերաբերյալ. պատասխան հենց կայքից

Հայաստանում քաղցկեղից մահացության մասին նախորդ գրառմանս մի քանի հոգի արձագանքեցին, թե՝ հաստա՞տ այդ կայքը չի ստում, և՝ ԱՀԿ-ն 2012-ից թարմ տվյալներ չունի, ո՞նց են 2014 հրապարակում: Ես էլ բռնեցի ու կայքին նամակ գրեցի՝ հարցնելով, թե ԱՀԿ տվյալներն իրենց որտեղից: Հաջորդ օրը պատասխան ստացա, ու պարզվեց, որ Հայաստանից լիքը մարդիկ են իրենց նամակ գրել: Ու ստացածս պատասխանի տոնից ու բովանդակությունից ենթադրում եմ, որ դավադրության տեսությունների մասին էլ են նամակներ ստացել. չնայած ես շատ կոնկրետ հարցրել էի, թե որտեղ կարող եմ ԱՀԿ 2014 թվի տվյալները տեսնել, պատասխանողը խորացել ու բացատրել էր, որ իրենք Հայաստանի դեմ ոչինչ չունեն ու որ Հայաստանը շատ են սիրում: ԱՀա նամակն ամբողջությամբ.

«Ողջույններ Ամերիկայից Բյուրակն… սա բազմաթիվ հարցումներից է, որ ստացել ենք հայերից՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել աշխարհում Հայաստանի քաղցկեղի թվերի մասին: Նախ թույլ տվեք բացատրել, թե ինչպես են ԱՀԿ տվյալներն աշխատում: Նրանք ամեն տարի տվյալների մեծ հավաքագրում չեն կատարում, այլ թարմացումներ են անում: Ահա թե ինչու է հրապարակման տարեթիվը կարևոր: 2014-ը հրապարակման տարեթիվը, որը կարող է տարբեր լինել կամ չլինել 2012-ից: Եվ հետո մենք չենք ասել, որ Հայաստանը քաղցկեղից ամենամեծ թվով մահացությունն ունի: Դա անհնար կլիներ՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության թիվը: Մենք դասակարգել ենք տարիքով ստանդարտիզացված մահացությունն ըստ 100 000 բնակչության: Տարիքը նույնպես կարևոր է…

Մենք հետազոտական բիզնեոսում ենք և կայքը տրամադրում ենք որպես անվճար հանրային ծառայություն… Դուք ազատ եք գործածել կամ չգործածել մեր տրամադրած տվյալները, բայց մենք չենք տրամադրում հղումներ մեր սկզբնաղբյուրներին կամ օգտագործած մեթոդներին և անվճար անհատական հետազոտություն չենք անի ձեզ համար: Ես միայն կարող եմ ասել, որ ԱՀԿ-ն է սկզբնաղբյուրը: Մենք համապատասխանեցնում ենք նրանց գործածած ՀՄԴ-10-ի կոդերին և ԱՀԿ-ն համարում ենք աշխարհի տվյալների լավագույն աղբյուրը:

Այդքանով հանդերձ, աշխարհի տվյալները միշտ չէ, որ նույնն են, ինչ առանձին պետությունների տվյալները: Եթե ուզում եք համեմատել, պետք է փոխակերպեք համաշխարհային ստանդարտների, բայց որպես ԱՀԿ անդամ երկիր Հայաստանն ԱՀԿ-ին տվյալներ տրամադրում է, ինչպես մնացած բոլոր երկրները, և եթե ԱՀԿ-ն այդ տվյալներին քիչ է վստահում, երբեմն ճշգրտումներ է կատարում: Մեր դասակարգումը հիմնում ենք նրանց հրապարակումների վրա… Դուք չեք կարող միջմշակութային համեմատություններ անել, եթե նույն աղբյուրն ու տարեթիվը չեք օգտագործում:

Մենք հասկանում ենք, որ քաղցկեղի դեպքում թիվ մեկ լինելը լավ չէ, բայց մի մտածեք, թե մենք Հայաստանի ընկերը չենք: Մենք մասնավոր ընկերություն ենք, հետևաբար չենք կարող շատ մանրամասներ հաղորդել, բայց մենք սիրում ենք ձեր երկիրը և լուրջ ներդրումներ ենք արել ձեր ժողովրդի և այլ հայկական հարցերի համար: Դրա դիմաց մենք ոչինչ չենք պահանջում: Ինքներդ կարող եք տեսնել, որ մեր կայքում գովազդ չկա… Այնպես որ զարմացած ենք, որ հիմա են շատերն ուզում իմանալ, թե մենք ով ենք էն դեպքում, երբ արդեն ութ տարի է, ինչ Հայաստանում գործ ենք անում: Վերջերս նվիրատվություն ենք ուղարկել ձեր որբերին. http://www.worldlifeexpectancy.com/almonds-for-orphans

Մենք հաջողություն ենք մաղթում ձեր հետազոտությանև և անկեղծորեն հույս ունենք, որ մեր տվյալները կնպաստեն, որ Հայաստանը լուծի քաղցկեղի լուրջ խնդիրը: Թիվ մեկը կամ տասներորդը լինելն այնքան կարևոր չէ, որքան իմանալը, թե որքան լուրջ է դա, և փորձել ուղղելը: Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է նման ցանկերի վերին հորիզոնականներում գտնվի»:

 

Հայաստանը քաղցկեղից մահացությամբ առաջին տեղում. նախարարի արձագանքը և հնարավոր պատճառները

Բժշկականում սովորելու ժամանակ կլինիկական առարկաների դասախոսներից քչերը գիտեին ապացուցողական բժշկության մասին: Ի՞նչ եմ խոսում: Քչերն էին ընդհանրապես լսարան մտնում ու դաս անցկացնում: Բայց հայտնի ամենալավ կլինիկական ամբիոններից մեկն ուրոլոգիայինն էր, որովհետև դասախոսները ոչ միայն նորմալ դաս էին անցկացնում, այլև ստուգարքը ստանալու համար պիտի պատասխանեիր, ոչ թե մնացած առարկաների պես ստորագրվեր-գնար:

Հիշում եմ՝ ուրոլոգիայի այն ժամանակվա ամբիոնի վարիչ  ու հիմիկվա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անընդհատ շեշտում էր ապացուցողական բժշկության ու դրա ուղեցույցների կարևորության մասին: Սովետից ժառանգություն մնացած կլինիկական ամբիոններում զարմանալի բան էր արևմուտքում կիրառվող նորմերի մասին խոսելը: Բայց Արմեն Մուրադյանը բացատրում էր, թե ինչ է կրկնակի կույր պլացեբո կոնտրոլով ռանդոմիզացված հետազոտության մեթոդը (այս մեթոդի կիրառմամբ է ապացուցվում դեղի արդյունավետությունը, ոչ թե «հարևանս բուժվեց, ուրեմն օգնում ա»): Այդ հետազոտությունների հիման վրա ստեղծվում են ուղեցույցներ (ցուցումներ, թե ինչպես բուժել հիվանդությունները): Զարգացած երկրներում բժիշկներն այդ ուղեցույցների հիման վրա են բուժումներ նշանակում: Հայաստանում շատ բնագավառների համար չկային ազգային ուղեցույցներ: Բայց որոշ առաջադեմ բժիշկներ օգտվում էին ամերիկյաններից:

WHO
Կայքի ներքևում գրված է. ԱՀԿ տվյալներ, 2014թ.

Ու հիմա այդ նույն մարդը կանգնում ու հայտարարում է, որ այն տեղեկությունները, թե Հայաստանն աշխարհում առաջին տեղում է ուռուցքներից մահացությամբ, սուտ է: Ուրեմն անվստահություն է հայտնում մի կայքի տեղեկությունների նկատմամբ, որն իր տվյալները ստանում է ԱՀԿ-ից: Սուտ է անվանում ԱՀԿ-ի տվյալները: Ախր ո՞նց էլի: Մարդիկ հասնում են նախարարի աթոռին ու մոռանու՞մ են, թե որն է հավաստի գիտական աղբյուր, որը՝ չէ: Թե՞ լսարան մտնելիս ուղղակի թատրոն էր խաղում:

Նորմալ երկրի առողջապահության նախարարի (ու նաև այն մարդու, որը լսարանում ապացուցողական բժշկությունից էր խոսում) ռեակցիան կլիներ՝ հլը մի րոպե, էս ո՞նց, հանրային առողջության թիմ կհավաքեր ու կփորձեր պարզել, թե ինչու են քաղցկեղից մահացության թվերն էդքան բարձր, ոչ թե կվերցներ ու կհայտարարեր՝ սուտ է:

Բայց Արմեն Մուրադյանը նման հետազոտություն անցկացնել չի տա, որովհետև կպարզի, որ շրջակա միջավայրի (մասնավորապես՝ հանքարդյունաբերությունից) ախտոտվածությունից է, որ նորմալ կանխարգելիչ, ախտորոշիչ ու բուժական միջոցների բացակայությունից է կամ եղածների անմատչելիությունից, որ ուռուցքաբանության ինստիտուտն ընդհանրապես տխուր ու անմարդկային վիճակում է, որ Հայաստանում գնալով պակասում են նորմալ մասնագետները, որ հիվանդները սիսեռաբույժներին ավելի են վստահում, քան ապացուցողական բժշկությանը, որ Հայաստան ներմուծվող դեղամիջոցները կեղծ են: Ո՞նց կկարողանա էսպիսի ինֆորմացիա հայտնաբերել ու հրապարակել, երբ էդ հրապարակումը կենթադրի նաև որոշակի քայլերի ձեռնարկում: Բայց ո՞նց կարող է առողջապահության նախարարը հանքարդյունաբերության կամ ներմուծվող դեղամիջոցների դեմ որևէ բան ասել: Դրա համար ստիպված հայտարարում է, որ ԱՀԿ-ն ստել է:

Հա, ԱՀԿ-ն անամոթաբար ստում է, ու Հայաստանում էլ քաղցկեղ ընդհանրապես չկա: Հանքարդյունաբերությունը չի աղտոտում շրջակա միջավայրը: Ուռուցքաբանության ինստիտուտը միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն է: Տարբեր երկրների բարձրակարգ մասնագետները կռիվ են տալիս այնտեղ աշխատելու համար: Դեղերն էլ շատ էժան են, ի՞նչ է եղել որ: Իսկ սիսեռաբույժներն արևմտյան մութ ուժերի հորինած հեքիաթներն են:

Նախարարը կարող էր գոնե ավելի հեշտ պատճառներ հորինել. ողջ երկիրն ակտիվ կամ պասիվ ծխող է, կամ գոնե՝ Հայաստանում մահվան պատճառը գրանցելիս ուռուցքն են նշում որպես առաջնային պատճառ, ոչ թե օրինակ թոքաբորբը: Կամ էլ կարող էր ուղղակի ասել, որ մեզ մոտ քաղցկեղը լավ են դիագնոզում կամ որ՝ քաղցկեղից մահացությունը պետության կենսամակարդակի հետ կապ չունի (տեսեք, Դանիան էլ ութերորդ տեղում է): Բայց չէ, պիտի ասի, որ ԱՀԿ-ն ստում է, որովհետև մեզ էշի տեղ է դնում, որովհետև կարծում է՝ էնքան հիմար ենք, որ էդ ամենը որպես սուտ որակելով տակից դուրս կգա, մենք էլ կհավատանք, թե՝ Հայաստանում ամեն ինչ լավ է: Բայց կներեք, պարոն Մուրադյան, որ ձեր ասածը կասկածի տակ ենք առնում, որովհետև դուք մեզ սովորեցրել եք հավատալ միայն գիտական տվյալներին:

Երևան գալու իմաստը

Երբ տեղափոխվեցի Դանիա, Հայաստանից չկտրվելու համար ինքս ինձ խոստացա, որ տարին երկու անգամ գալու եմ: Չքննարկվող հարց էր ինձ համար. մեկ Նոր տարուն, մեկ ծիրանի սեզոնին, թեկուզ մի շաբաթով, բայց պիտի գամ: Ու դեռ ոչ մի անգամ էդ որոշումս չեմ խախտել, չնայած Նոր տարվա դեպքում էս տարի էլ, անցյալ տարի էլ մազ էր մնում, որ չգայի:

snow yerevan

Ամեն այցելությանս ժամանակ հաճախ եմ լսում էսպիսի հարցեր. «Կարոտե՞լ էիր», «Էս անգամ ի՞նչ տպավորություն ստացար Երևանից», «Չե՞ս ձանձրանում Դանիայում», «Ի՞նչ սպասումներ ունես էս մի այցելությունիցդ»: Էս հարցերին պատասխանելուց հետո ամեն անգամ մեկ այլ հարց ինքս ինձ եմ տալիս. «Լավ, բայց ինչու՞ եմ տարին երկու անգամ Երևան գալիս»: Կարող եմ սենտիմենտալ շարք սկսել, թե՝ կարոտում եմ, թե՝ մեր մրգերն ուրիշ են, թե՝ ուզում եմ էն միջավայրում լինել, որից կերտված եմ: Կամ կարող եմ պրագմատիկ պատասխան տալ, թե՝ էժան արձակուրդ, թե՝ լիքը արև, վիտամին D-ի պակասն եմ լրացնում, թե՝ որոշ իրեր ունեմ, որ ուզում եմ տանել, թե՝ միանգամից բոլորին կտեսնեմ, ոչ թե հատ-հատ տարբեր քաղաքներ կգնամ: Բայց էս բոլոր պատասխանները կիսատ եմ կամ ընդհանրապես սուտ են:

Երևան գալիս եմ, որովհետև դա դարձել է ռուտին, սովորություն, իմ սովորական տարվա սովորական մի մասը:

Թող ներեն ինձ իմ բոլոր ընկերներն ու ընտանիքիս անդամները, բայց ես իսկապես չեմ կարոտում: Կարող եմ պահի տակ կարոտել իմ կյանքի որևէ դրվագ, կոնկրետ վայր Երևանում կամ կոնկրետ որևէ մեկի, բայց դա շատ արագ անցնում է: Ու բացի դրանից, որոշ մարդկանց կամ դրվագներ, որ կարոտում եմ, Երևանի հետ ընդհանրապես կապ չունեն: Ճիշտ նույն կերպ կարող եմ կարոտել Յոենսուի կամպուսի պուլլան ու սուրճը կամ Դյուսելդորֆում ուշ աշնանը թափառելը կամ Մարուշայի հետ խորը զրույցները Սևիլյայում: Բայց հո տարին երկու անգամ չեմ փորձում էդ բոլոր դրվագները վերականգնել կամ կապվել էդ բոլոր մարդկանց հետ:

Երևան գալիս եմ, որովհետև այնտեղ պատմություն ունեմ: Իսկ ես սիրում եմ վերադառնալ այն քաղաքները, որտեղ պատմություն ունեմ: Ու որքան երկար է այն, այնքան հաճախ եմ վերադառնում:

Ամեն անգամ սպասումներս փոխվում են Հայաստան գալիս: Սկզբում ժամանում էի մի հսկայական ցուցակ կազմած, թե ում եմ պատրաստվում տեսնել: Հետն էլ գրաֆիկ էի կազմում ու ոչ մի ազատ վայրկյան չէի թողնում: Հետ գնալիս տխրում էի, որ ցուցակի որոշ մարդկանց չհարմարացրի տեսնել, ներվայնանում, որ գրաֆիկն էնքան էլ իմ պլանավորածով չանցավ: Հետո հասկացա, որ էդ բոլոր ցուցակներն ու գրաֆիկներն անիմաստ են: Երևանում ամեն ինչ պետք է ինքնահոսի թողնել, ու հենց էդ ինքնահոսն է, որ Երևանը Երևան է սարքում, ոչ թե Կոպենհագեն կամ Բեռլին կամ Խրոնինգեն:

Ցուցակների փոխարեն սկսեցի հանդիպել մարդկանց ոնց պատահի. նախապես պլանավորելով կամ լրիվ պատահաբար, ասենք, Նոր տարվա գիշերն ինչ-որ փաբում, մեծ հանդիպումներ կազմակերպելով ու սպասելով՝ ով կգա-կգա, ով չգա, մնաց մյուս անգամ: Ի վերջո, անգամ Երևանում ապրելիս կային լիքը մարդիկ, որոնց սկի տարին մեկ էլ չէի տեսնում: Ու մարդիկ իրենց արժեքը չեն կորցնում տեսնել կամ չտեսնելով:

Երևան գալիս եմ նոր մարդկանց հանդիպելու համար:

Հա, ինչու՞ չէ որ: Ի՞նչ պարտադիր է, որ յուրաքանչյուր ծանոթություն խորը մտերմություն դառնա: Թեկուզ մի երեկո, մի բաժակ գարեջուր, մի հատ անեկդոտ, մի կռուգ մաֆիա: Ու պըրծ: Հետո արդեն ֆեյսբուքում միմյանց նկար-մկար կլայքենք կամ չէ: Կամ էլ հաջորդ այցելությանս ժամանակ փողոցում իրար պատահաբար կտեսնենք ու պուճուր զրույց կանենք:

Երևան գալիս եմ հանգստանալու, իսկ դա նշանակում է, որ չեմ անում իմ ամենօրյա կյանքի այդքան ձանձրալի համարվող, բայց հաճախ նաև սիրածս բաները: Երևանում ինձ կարող եմ թույլ տալ հեծանիվի փոխարեն տաքսիներով շրջել: Կարող եմ կանոնակարգված սննդային ռեժիմի փոխարեն ուտել երբ պատահի՝ հաճախ ուղղակի լավաշ ծամելով: Կարող եմ մարզասրահ, մասնավորապես՝ յոգայի դասերի չգնալ: Կարող եմ տնային գործեր չանել ու լսել, թե մամաս ոնց է ջղայնանում:

Բայց մի վեց-յոթ օր անց, ինչպես ցանկացած արձակուրդի դեպքում, սկսում եմ կարոտել իմ սովորական առօրյան: Կարոտում եմ Կոպենհագենի քամին ու անձրևը ու դրա տակ հեծանիվ քշելը: Կարոտում եմ փաբ քուիզները, համերգները, գարեջրվելը, տունս, սև բազկաթոռս, մենակ անցկացրածս ժամերը (ու հա, ինչքան էլ շատերին ձանձրալի թվա, Կոպենհագենում գտած բան է մենակ մնալու ժամանակ ունենալը): Կարոտում եմ անգամ աշխատանքս ու շեֆիս հետ գիտական բանավեճերը:

Սկսում եմ ներվայնանալ: Ինձ ներվայնացնում են ուշացողները: Ներվայնացնում են մարդիկ, որոնք մի բան են ասում, մի այլ բան նկատի ունենում: Ներվայնացնում են տան տեղը գտնել չկարողացող տաքսու վարորդներն ու դրանում ինձ մեղադրելը:

Երևան գալիս եմ, որ համոզվեմ, որ մարդիկ դեռ էնտեղ ապրում են, բայց որ այնտեղ այլևս տեղ չունեմ: Գալիս եմ համոզվելու, որ Երևանում պատմություն ունեմ, բայց միայն պատմություն, ու իմ կյանքը հիմա այլ տեղում է, ու դրանից ես գոհ եմ:

Ինչու են մարզվում կանայք

Երևան մեկնող չվերթի ելքը կարող ես չստուգել: Հենց տեսնում ես պրտված ու մեղմ ասած ոչ նիհար կանանց ու փորավոր տղամարդկանց, գիտես, որ ճիշտ տեղում ես հայտնվել:

Ընդհանրապես, Հայաստանում առողջ ապրելակեպի մասին պատկերացումները նոր-նոր են սկսում տեղ հասնել: Իսկ մինչ այդ մարդիկ ուտում են ինչ ուզում են, ինչքան ուզում են ու գրեթե չեն շարժվում: Հետո կանայք իրենց կոտորելով դիետա են պահում, որ այս կամ այն տղային դուր գան, բայց կարճ ժամանակ անց նորից վերադառնում են հին քաշին:

Առողջ սնվելն ու մարզվելը լավ բան են: Լավ են, որովհետև արդյունքում ինքդ քո մարմնից դժգոհ չես, ինքնազգացողությունդ լավ է, տրամադրությունդ՝ բարձր: Դե էլ չեմ ասում, թե քանի-քանի հիվանդությունների ռիսկ է նվազում:

Բայց Հայաստանում կամաց-կամաց տարածվող մարզասրահներն այլ բան են քարոզում: Այսօր ֆեյսբուքում աչքովս ընկավ ինչ-որ Լեդի զոն մարզասրահի գովազդային պաստառ, որի վրա գրված էր. «Սիրելիս, նիհարի՛ր, և ես կվերադառնամ»: Պարզվում է՝ մարզասրահը միայն կանանց համար է, տղամարդկանց մուտքն արգելված է:

niharir

Չգիտեմ՝ ինչ սեքսիզմ է, ինչու տղամարդիկ չեն կարող մարզվել նույն մարզասրահում: Եթե ասեմ՝ հին մահմեդական ավանդույթներ, դեմքիս կթռնեն, թե՝ մենք քրիստոնյա, բլաբլաբլա: Էդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ տղամարդիկ չեն կարող մտնել այնտեղ, եթե ոչ սեփական կանանց տուտուզներն օտար տղամարդու աչքերից պաշտպանելու ցանկությունը:

Գուցե ինչ-որ մեկը կփաստարկի, թե՝ վարժությունները թեթև են, հատուկ կանանց համար նախատեսված: Ես կասեմ՝ չկա էդպիսի բան: Դուք հայտարարեք, թե ինչ եք առաջարկում, թող յուրաքանչյուր անձ՝ կին, թե տղամարդ, ինքը որոշի էդ վարժություններն իրեն հարմար են, թե ոչ:

Ու այստեղ հայտնվում է երրորդ պատճառը. տղամարդկանց մարմինն ամենևին կարևոր չէ, որովհետև նրանք ընտրություն կատարողն են, ոչ թե ընտրվողը, նրանք իրենց սիրելիին մի երկու ավելորդ կիլոգրամի համար հաջող անողն են: Իսկ այդ սիրելին մանկուց տղամարդու համար մեծացված աղջիկն է, որ հանուն ընկերոջ վերադարձի իրեն չի խնայի ժեշտի վրա, կհաճախի մի մարզասրահ, որտեղ իրեն խոստանում են նիհարելը: Ու խնդիրը հենց էստեղ է:

Հայ կանայք մոռանում են, որ իրենց մարմինն առաջին հերթին իրենց սեփականությունն է ու կարող է լինել էնպիսին, ինչպիսին իրենք են ուզում: Բայց ավելի տհաճ է այն, որ կարող են սպասել մի տղամարդու վերադարձի, որն իրենց թողել է մի քանի ավելորդ կիլոգրամի պատճառով: Այդ կանայք մեծանում են տղամարդկանց դուր գալու մղումով, կորցնում իրենց Եսը, դեմքը, իրական կերպարը միայն ու միայն նրա համար, որ ինչ-որ տղամարդու դուր գան: Ու նրանց համար մեկ է, թե ով է այդ տղամարդը՝ փոր ունի, թե չէ, հարգանքով է վերաբերվում նրան, թե չէ, ի վերջո իր դուրը գալիս է, թե չէ: Այդ կանայք ապրում են սկզբում հայրերին ու եղբայրներին, հետո՝ ընկերներին ու ամուսիններին, իսկ ավելի ուշ՝ որդիներին ծառայելով: Ու այդ կանայք անդեմ են, չկան, լուռ են:

Եվ հենց այդ նույն Հայաստանում երբ կինը մարզվում է ինքն իր համար, ոչ թե ինչ-որ մեկի վերադարձի, երբ կրթություն է ստանում իր համար, ոչ թե օժիտի պակասող մասը լրացնելու, երբ վաստակում է այնքան, որ իր կարիքները հոգա, ոչ թե  ուրիշի հույսին է մնում, միանգամից տղամարդկանց մի մեծ բանակ սկսում է պիտակներ կպցնել, իսկ կանայք կողքից փնթփնթում են, թե՝ սրան ով կուզի, խելքը տվել է գիտությանը և այլն: Մի հարցնող լինի. իսկ նա կուզի՞ իրենց տղամարդկանց:

Հայաստանում կգա՞ մի օր, երբ կանայք կդադարեն ընտրվող ապրանք լինելուց ու կապրեն իրենք իրենց համար, ոչ թե ուզողների: Այդ ժամանակ միայն գովազդային պաստառների վրա գրված կլինի. «Մարզվիր, որովհետև կարող ես»: Իսկ կանայք ու տղամարդիկ կմարզվեն կողք կողքի՝ նույն մարզասրահում:

Հեծանվային մշակույթը Հայաստանում և Եվրոպայում

Սեպտեմբերին, երբ նոր էի վերադարձել Հայաստան, ինձ հաճախ հարցնում էին. «Ի՞նչն ա փոխվել Հայաստանում»: Ես միանգամից պատասխանում էի. «Հեծանվորդներն են շատացել»: Շատերը կարծում էին, թե կատակում եմ, թե նկատի ունեմ՝ ոչինչ էլ չի փոխվել: Բայց էդպես չէ. հեծանիվ քշելն ամբողջ մտածելակերպ է փոխում:

Եթե դու հեծանվորդ ես, անկախ ես բոլորից. քեզ պետք չէ կանգառում ժամերով երթուղայինի կամ ավտոբուսի սպասել, գիշերը շուտ տուն գնալ, որ տրանսպորտ լինի, փող ծախսել տաքսիների վրա, ժամերով լռվել խցանումներում: Հեծանվորդը բոլորի համեմատ ամենաազատ տեղաշարժվողն է, ամենաշատն իր ժամանակի տերը՝ շատ լավ իմանալով, թե մի կետից մյուսը որքան ժամանակում կհասնի: Դրա համար ինչ-որ իմաստով հեծանվորդների շատանալը նշանակում է, որ շատացել են անկախ մարդիկ, իսկ դա արդեն շատ լավ է (էլ չեմ խոսում հեծանիվի բնապահպանական, ֆինանսական ու առողջական օգուտների մասին):

Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները
Հեծանիվների կայանատեղին իմ աշխատավայրի դիմաց. իրար կողք կանգնած են ուսանողների ու պրոֆեսորների հեծանիվները

Այնուամենայնիվ, չնայած Երևանում հեծանվորդների թվի մեծացմանը, հայկական հեծանվային մշակույթը դեռ շատ է տարբերվում եվրոպականից, ինչն իր և՛ դրական, և՛ բացասական կողմերն ունի: Փորձենք տեսնել, թե որտեղ են այդ տարբերությունները:

Երևանում հեծանիվը փոխադրամիջոց չէ
Ինչ խոսք, չեմ ժխտում, որ Երևանում կան մարդիկ, որոնք բացառապես կամ առավելապես հեծանիվով են տեղաշարժվում քաղաքում (շատերին ճանաչում եմ, ես էլ էի էդպիսին), բայց ընդհանուր առմամբ նրանք դեռ փոքրամասնություն են կազմում: Գերակշռում են արշավների գնացողները կամ մարդիկ, որոնք դուրս են գալիս հատուկ հեծանիվ քշելու: Իհարկե, սա ունի իր բացատրությունը. ի վերջո, Երևանը բնավ հարմար քաղաք չէ հեծանիվով տեղաշարժվելու համար. մի կողմից դիքերը, մյուս կողմից հեծանվային ճանապարհների բացակայությունը: Բայց որ ինձ հարցնեք, կասեմ, որ Երևանը շատ ավելի անհարմար է չորս անիվով տեղաշարժվելու համար. ու՞մ են հաճելի խցկված երթուղայինները կամ անվերջ թվացող խցանումները:

Իսկ հիմա նայենք եվրոպական քաղաքների մեծ մասին: Շատերը վաղուց հասկացել են, որ մեքենայով կամ հասարակական տրանսպորտով մի կետից մյուս հասնելու համար նույնքան ժամանակ է պետք, որքան հեծանիվով (իսկ որոշ տեղերում հատուկ էնպես է արած, որ ավելի երկար տևի, օրինակ՝ հոլանդական Խրոնինգեն քաղաքում): Էլ ինչու՞ նյարդ ու գումար քայքայես սպասելու ու խցանումների վրա: Դու ես ու քո հեծանիվը, քո ժամանակի տերը: Անգամ երեխաներին տեղափոխելու համար հատուկ նստատեղեր և վագոններ կան: Հետևաբար, մեքենայից օգտվելու անհրաժեշտություն լինում է, երբ շատ հեռու տեղ պիտի գնաս (այլ քաղաք), երբ մեծ գնումներ ես անում կամ մեծ բեռ ես տեղափոխում: Իսկ հասարակական տրանսպորտում հիմնականում ծերերն են, օտարերկրացիներն ու շատ փոքր երեխաներով կանայք:

Երևանում ամեն հագուստով հեծանիվ չես քշի
Սա նորից պայմանավորված է որպես փոխադրամիջոց օգտագործել-չօգտագործելու հետ: Ինչ խոսք, եթե աշխատանքի կամ դասի ես գնում հեծանիվով, ուրեմն կրում ես քո ամենօրյա հագուստը: Բայց հաճախ քաղաքում տեսնում ես հեծանվային համազգեստով տղաների և սպորտային հագուստով աղջիկների: Այն, ինչ երբեք Երևանում չեմ տեսել, փողկապով ու կոստյումով հեծանվորդն է (Վահագնի ակցիաները չհաշված): Ես էլ երբ յուբկայով էի քշում, քյառթուները հաճախ հետևիցս շվացնում էին:

Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին
Խրոնինգենի համալսարանի ակադեմիական մասնաշենքի դիմացի կայանատեղին

Իսկ եվրոպական քաղաքներում հեծանիվներին կտեսնես ամենատարբեր հագուստով մարդկանց. աղջիկներն իրենց երեկոյան զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով կամ կարճ յուբկաներով, տղամարդիկ՝ փողկապով ու կոստյումով (հետն էլ ուսապարկ), ջինսերով, սպորտային շորերով. մի խոսքով, այն, ինչ մարդ արարածը կարող է հագնել: Իսկ համազգեստավորները հիմնականում կա՛մ պրոֆեսիոնալներ են, կա՛մ հսկայական տարածություններ են քշում: Օրինակ, Կոպենհագենում կան մարդիկ, որոնք կողքի քաղաքներից են աշխատանքի գալիս: Նրանք հեծանվային համազգեստ են կրում, մեծ արագությամբ սլանում են աշխատանքի, այնտեղ ցնցուղ ընդունում, հագուստը փոխում, նոր անցնում գործի:

Երևանում ամեն հեծանիվ չես քշի
Ինչպես ցանկացած իրի, այնպես էլ հեծանիվի նկատմամբ պաշտամունք կա Հայաստանում: Ինչ խոսք, քանի որ դեռ նոր մշակույթ է, հեծանիվների գները սարսափելի են, ընտրությունը՝ փոքր: Բայց բազմիցս նկատել եմ, որ շատերը գնում են լավ ու ավելի լավ հեծանիվի հետևից, հաճախ վաճառում են նախորդը նորը գնելու համար, տեսնելով որևէ ծանոթի հեծանիվ, անպայման մի լավ չափչփում են, որ հասկանան՝ իրե՞նցն է ավելի լավը, թե՞ այդ մեկը:

Եվրոպայում մարդիկ նույն հեծանիվը քշում են այնքան, մինչև այն վերածվում է մետաղի ջարդոնի: Քշում են տարիներով: Ուսանողներն էլ սովորաբար օգտագործած հեծանիվ են գնում ու ոչ թե հաշվի են, որ առնում այս կամ այն պարամետրը լավը լինի, այլ որ համապատասխանի իրենց մինիմալ պահանջներին: Հեծանիվն էստեղ ոնց որ մարմնի մաս լինի, ու մի տեսակ անպատկերացնելի է, թե ոնց կարող ես դիմացինին ասել, թե գիտես, հեծանիվիդ էսինչ-էնինչ պարամետրը լավը չէ:

Երևանում հեծանիվների մասին ավելի շատ բան գիտեն (տղաները)
Եվրոպայում երկու տարի քշելուց հետո այնքան բան չիմացա հեծանիվների մասին, ինչքան Երևանում անցկացրածս կես տարվա ընթացքում: Իհարկե, մի կողմից կարող եմ ասել, որ Եվրոպայում երբեք հեծանիվներս այդքան խնդիրներ չունեցան, ինչքան այդ մեկը Երևանում, ու ստիպված անընդհատ տանում էի տարբեր մարդկանց մոտ կամ դիմում էի ընկերներիս, որ սարքեն: Բայց զարմանալի էր տեսնելը, թե տղա հեծանվորդներն ինչքան բան գիտեն հեծանիվների մասին: Ամեն դեպքում, երևի դա պրոֆեսիոնալ հետաքրքրության արդյունք է. ի վերջո, Երևանում հեծանիվ քշում են ոչ թե բոլորը, այլ կոնկրետ հետաքրքրություն ունեցողները:

Եվրոպայում հեծանիվներից էդպես գլուխ հանող միայն մի հոգու եմ հանդիպել, այն էլ կիսապրոֆեսիոնալոտ տիպ էր. մրցումների էր մասնակցում, Գերմանիայից Հոլանդիա քշում, իսկ Բեռլինից Պոտսդամ ամեն օր հեծանիվով էր դասի գալիս (մի ուղությունը 40կմ): Մնացածները միայն տարրական բաներ գիտեն: Եթե խնդիրը գերազանցում է իրենց տարրական գիտելիքները, միանգամից վազում են արհեստանոց: Բայց մյուս կողմից, աղջիկներն ավելի պատրաստված են: Երևանում ինձ նույնիսկ թույլ չէին տալիս անիվներս փչել, իսկ այստեղ մի անգամ մտա արհեստանոց ու խնդրեցի, որ նստատեղն իջեցնեն: Ինձ ասացին՝ գործիքները անկյունում են, վերցրու, ինքդ արա:

Լույսեր
Լույս օգտագործող հեծանվորդները բավական քիչ են Երևանում. միևնույն է, դրա վերաբերյալ օրենք չկա, տուգանող չկա, մինչդեռ հենց Երևանում լույսերն ավելի լուրջ անհրաժեշտություն են, քան Եվրոպայում. մեր փողոցները դարուփոս են, իսկ մեքենաներն էլ սովոր չեն հեծանիվներին: Եվրոպական քաղաքներում մութն ընկնելուն պես բոլորը (որոշ բացառություններով) լույսերը միացնում են: Մի կողմից, տուգանքից են վախենում: Մյուս կողմից, մտածում են սեփական անվտանգության մասին:

Կայանատեղիներ
Երևանում կայանատեղիների բացակայության կամ քչության պատճառով միշտ հեծանիվը կայանելու խնդիր է առաջանում: Իսկ տուն գնալիս էլ պիտի շալակես ու հետդ բարձրացնես. դրսում դնելու տեղ չկա:

Բայց մյուս կողմից, պայմանավորված մշակույթի ձևավորված չլինելու հետ, հեծանվային գողությունը դեռ այնքան պրոֆեսիոնալ չէ, ու կարելի է յոլա գնալ հասարակ բարակ փականներով: Ինքս էլ էի այդ հասարակներից գործածում, ուրիշների մոտ էլ եմ տեսել: Բայց փորձիր եվրոպական մեծ քաղաքում դրանցով կապել հեծանիվդ: Կես ժամ հետո դու դրա տերը չես լինի: Կոպենհագենում հեծանիվս կապելու համար երկու շատ լուրջ փական եմ օգտագործում:

Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը
Խրոնինգենի մի սովորական փողոց ձմռանը

Հեծանվորդների նկատմամբ վերաբերմունք
Եվրոպայում հիմնականում մեքենաները պարտավոր են հեծանվորդներին զիջել: Հետիոտնի մասով տարբեր է. որոշ տեղերում հեծանվորդն է պարտավոր զիջել, որոշ տեղերում՝ հետիոտնը: Հեծանվային ճանապարհների հարցն էլ է տարբեր. Կոպենհագենում կամ հոլանդական տարբեր քաղաքներում եթե հեծանվային ճանապարհ չկա տվյալ հատվածում, պետք է փողոցով գնաս, մինչդեռ, օրինակ, ֆիննական Յոենսու քաղաքում եթե փողոցու հայտնվեիր, հնարավոր է՝ մեքենան վրայովդ անցներ, որովհետև հեծանվային ճանապարհի բացակայության դեպքում պետք էր մայթերով քշել:

Բայց բոլոր դեպքերում, որտեղ էլ եղել եմ, հեծանվորդները միշտ կարևոր են եղել ու հատուկ վերաբերմունքի արժանացել: Իսկ Երևանում նրանց բոլորն ատում են. ատում են մեքենայի վարորդները, ատում է հետիոտնը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Եվրոպայում նույն հետիոտնը կամ մեքենայի վարորդը նաև հեծանվորդ է, իսկ Երևանում՝ ոչ:

Երևանում հեծանվորդն ամենախոցելի, ամենաարհամարհված տեղաշարժվողն է: Փողոցում մեքենաների վարորդներն են գոռում, թե՝ մայթով քշի: Չես կարողանում բացատրել, որ նախ մայթերը դրա համար նախատեսված չեն, երկրորդ ուղղակի սարսափելի անհարմար են թեքհարթակներ չունենալու պատճառով: Մայթերով քշելիս էլ (երբեմն մայթով քշելու ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում) հետիոտն է մուննաթ գալիս, թե՝ իջիր փողոց, ազդանշաններիդ ռեակցիա չի տալիս, քայլում է ծուռտիկ-մուռտիկ, ու հատուկ ակրոբատիկ շարժումներ են պետք լինում նույնիսկ քեզ ընդառաջ եկող ու քեզ տեսած հետիոտնին չհարվածելու համար:

Դեռ շատ ժամանակ պիտի անցնի, որ Հայաստանում էլ հեծանվային մշակույթն այնքան զարգանա, որ հասնի եվրոպականին: Բայց դրա համար նախևառաջ պետք է, որ «վերևներից» էլ աջակցեն՝ հեծանվային ճանապարհներ կառուցելով, հեծանվային երթևեկությունը կանոնակարգեն ու հեծանվորդներին արտոնություններ տան: Ու շատ ապրեն Հայաստանում հեծանվային մշակույթ տարածողները:

Ասա ինչ ես տոնում, ասեմ ով ես դու

Պղպջակների օր. այն եզակի տոներից, որի հասցեին դեռ ոչ ոք թթու խոսք չի ասել հավանաբար այն պատճառով, որ դեռ լայն տարածում չի գտել
Պղպջակների օր. այն եզակի տոներից, որի հասցեին դեռ ոչ ոք թթու խոսք չի ասել հավանաբար այն պատճառով, որ դեռ լայն տարածում չի գտել

Երկու տարի առաջ մշակութային մի վորքշոփի էի մասնակցում: Վորքշոփավարը միջմշակութային հաղորդակցության ոլորտում հարուստ փորձ ունեցող մեկն էր: Մեզ խմբերի բաժանեց ու առաջադրանք տվեց: Սկսեց նրանից, որ մի ազգության, մշակույթի մասին կարելի է շատ բան իմանալ ուսումնասիրելով նրանց տոներն ու հիշատակի օրերը: Մեզ առաջարկեց խմբերի ներսում (իսկ մենք եվրոպական տարբեր երկրներից էինք) քննարկել մեր սեփական մշակույթի տոներն ու հիշատակի օրերը և փորձել հասկանալ, թե ինչ կա դրա տակ:

Մի քանի րոպե ժամանակ ունեի մտածելու համար, թե ինչի մասին կարելի է խոսել: Ապրիլի 24-ից ու Նոր տարուց բացի ուրիշ բան մտքովս չէր գալիս: Առաջինի դեպքում ազգովի միահամուռ կերպով ամեն տարի գնում ենք Ծիծեռնակաբերդ, ու դրան ոչ ոք բան չի ասում (չնայած վերջերս անգամ դրան հասավ մուննաթ քննադատությունը), իսկ երկրորդի դեպքում մարդիկ պարտք են անում, որ յոթ օր, յոթ գիշեր հարբեն ու հարևանների հետ մրցեն իրենց սեղանի ճոխությամբ:

Բայց ես Վարդավառի մասին խոսեցի: Պատմեցի, թե ինչքան հրաշալի տոն է ամառվա շոգին, երբ բոլորը՝ ծանոթ-անծանոթ իրար վրա ջուր են լցնում և ուրախանում: Սակայն չասացի, թե որքան շատ են մուննաթախառը արտահայտությունները, ֆենած մազերով աղջիկները, որոնք ճվում են, թե՝ մազերս նոր եմ ֆենել, չկպնես, լուրջ հագուստով գործնական հանդիպումների գնացողների խիստ հայացքներն ու ջղային նկատողությունները:

Դրանից հետո, ապրելով եվրոպական տարբեր երկրներում, տոների մասին շատ եմ մտածել: Զարմանալի է տեսնելը, թե ինչ սիրով ու հավեսով են հոլանդացիները Սինտըլկասը կամ թագուհու օրը (այս տարվանից՝ թագավորի) տոնում: Առաջինի դեպքում ազգովի հավաքվում են ջրանցքների մոտ ու սպասում, թե երբ է Սինտն իր նավով գալու: Իրար նվերներ են տալիս ու պուճուր ծաղրաքառատող գրում: Երկրորդի դեպքում նարնջագույն հագած ընկնում են փողոցներն ու ուրախանում, ուրախանում իսկականից: Մարդիկ չեն խորանում ու բարդ խոհափիլիսոփայական հարցեր չեն տալիս, ուղղակի մի լավ ուրախանում են:

Գերմանացիներն էլ Սուրբ Ծնունդն են պաշտում: Ամեն անգամ զարմանում էի, երբ տեսնում էի, թե ոնց են խնամքով պատրաստվում գերմանացի դասընկերներս: Ադվենտ օրացույց են առնում, դեկտեմբերին ամեն օր մի պատուհան բացում: Նվերներ են գնում հարազատների համար ու ամենայն մանրամասնությամբ փաթեթավորում:

Դանիայում էլ վերջերս Եվրատեսիլն էր մի մեծ տոնի վերածվել: Ի՞նչ գեյ պրոպագանդա, ի՞նչ կործանվող Եվրոպա, ի՞նչ քաղաքականացված մրցույթ, ի՞նչ հսկայական ծախս: Մարդիկ առանց խորանալու իրենց համար ուրախանում էին, անգամ նրանք, ովքեր Եվրատեսիլի երգերի երկրպագու չէին:

Հիմա հետ գանք Հայաստան: Մենք ունե՞նք էդպիսի տոներ, երբ ազգովի բոլոր դարդերը թողած ուրախանում ենք: Նոր տարի՞ն: Մի հատ հիշեք ամեն ընտանիք ինչի միջով է անցնում հանուն ճոխ սեղանների ու հետո քանի ամիս է պարտքեր փակում: Հիշեք տանտիրուհիների տանջանքը ու փնթփնթոցը: Վարդավա՞ռ: Բա ֆենած մազերով աղջիկնե՞րը, բա էդ օրը հատուկ սպիտակ շորերով դուրս եկածնե՞րը: Տրնդե՞զ: Բա պռադվինուտիների քմծիծա՞ղը, թե՝ էս ինչ սնահավատ տոն ա: Մարտի ու՞թ: Բա թանկացած ծաղիկնե՞րը, բա տոնի հիմքերն անընդհատ հիշեցնող խելացինե՞րը, բա «ինչու՞ պիտի մեզ տարին մեկ հիշեք» գոչող ֆեմինիստե՞րը:

Մտածում էի՝ Երևանի օրը լավ տոն դառնալու հավակնություններ ունի, որովհետև այն առաջարկ ունի ցանկացած ճաշակով մարդու համար: Բայց էդտեղ էլ սկսվում են խոսակցություններ, թե՝ էսքան մարդ սոված է, ինչու՞ են ծախս անում (լավ, մեկ ա ծախսը արել են, ինչու՞ չուրախանանք), հեծանվարշավին մասնակցելն անվանում են քաղաքապետարանի փիառ ակցիայի մաս կազմել:

Վերջերս էլ մտերիմ ընկերուհուս ոգևորված պատմում էի, թե ինչքան լավ անցավ Սուրբ Պատրիկը, ինչ հավեսով նշեցինք Կալյումեում ու Վուդրոքում: Ընկերուհիս էլ թե՝ ի՞նչ Սուրբ Պատրիկ, էդ ի՞նչ օտարամոլություն է, ո՞նց կարելի է: Ըհը, մի տոն մի խումբ հայերով ամբողջ սրտով ուրախ-զվարթ նշել ենք, դա էլ սարքում են օտարամոլություն:

Որ կողմ նայում եմ, չեմ կարողանում հիշել մի այնպիսի տոն, որ բոլորս միասին նշենք ու նշելիս անկեղծ, հավեսով ուրախանանք: Ապրիլի 24-ին բոլորով միասին դարդոտվում էինք, էն էլ էս վերին տարիներին դա էլ է խարխլվում, թե՝ հլը զիբիլը, ամոթ, թե՝ մեր երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի, հերիք Ցեղասպանություն գոռաք:

Ու շատ տխուր ստերեոտիպային պատկեր է ստացվում մեր ժողովրդի մասին: Փաստորեն, մենք չենք կարողանում բոլորով միասին հանգիստ, թեթև սրտով որևէ տոն ունենալ: Պարտադիր պիտի փնովենք, քննադատենք, կեղտ ման գանք, լուրջ խոհափիլիսոփայական հարցեր տանք, հետո էլ գլուխ գովենք, թե մեր ազգային ավանդույթները սենց-նենց:

Կլինի՞ այսուհետ Վարդավառին մազ չֆենեք, կարևոր հանդիպումներ չպլանավորեք, սպիտակ շորեր չհագնեք: Կլինի՞ Երևանի օրը փողոց դուրս գաք անկախ նրանից, թե ինչքան փող է ծախսվել: Միևնույն է, ձեզնից չեն հարցնում ծախսելիս: Կլինի՞ Նոր տարուն ճոխությունից ճկռող սեղան գցելու փոխարեն մտերիմներով հավաքվեք և թեթև սրտով ուրախանաք: Կլինի՞ Վալենտին, Սուրբ Պատրիկ կամ Հելոուին նշողներին օտարամոլ չանվանեք, թողնեք հանգիստ ուրախանան կամ դուք էլ միանաք տոնակատարություններին: Կլինի՞ ուղղակի հանգիստ ուրախանանք առանց խոհափիլիսոփայական հարցեր տալու, առանց համազգային բարդ խնդիրներ լուծել-չլուծելու, առանց մուննաթների ու նավսերի: Կլինի՞ կյանքին մի քիչ թեթև նայենք, ախր շատ ենք ծանրացնում ամեն ինչ (էս գրառումս էլ վառ օրինակ):